Մեկնաբանություն

13.07.2012 18:29


«Անկախ» մամուլը մականունավորների արանքում

«Անկախ» մամուլը մականունավորների արանքում

Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենայի գործիքներ հանդիսացող կայքերն ու թերթերն ինտենսիվորեն անդրադառնում են երկու մականունավորի՝ Ռուբեն Հայրապետյանին ու Երևան–Աբովյան երթուղով ավտոբուսներ աշխատացնող Արթուր Հարությունյանին։ Առաջինին «անկախ» մամուլը ներկայացնում է բացասական լույսի ներքո, իսկ երկրորդին՝ դրական։ Պատվերն է այդպիսին։

Հարց կարող է առաջանալ, թե ինչպե՞ս է պատահում, որ նախագահականի գրեթե պաշտոնական խոսափողներ հանդիսացողները մի մականունավորի սիրում են, իսկ մեկ ուրիշին՝ ոչ։ Պատասխանը շատ պարզ է։

Ռուբեն Հայրապետյանին «անկախ» մամուլը չի սիրում ոչ թե «Հարսնաքարի» դեպքերի համար, այլ այն բանի, որ «չերեզ» Հայրապետյանին չսիրել՝ հնարավորություն կա «մուտիլովկաներ» տարածել Գագիկ Ծառուկյանի դեմ՝ «Պետք է պայքարել բոլոր օլիգարխների դեմ» դեմագոգիկ կարգախոսի շրջանակներում։ Դե, իսկ ԲՀԿ առաջնորդին չսիրելը Բաղրամյան 26–ի կողմից իջեցված «գեներալնի լինյան» է, և հետևաբար՝ «անկախ» մամուլն ի պաշտոնե պետք է աշխատի Սերժ Սարգսյանի վերարտադրությանը սպառնացող Ծառուկյանի դեմ։

Ճիշտ նույն կոդով, որով «անկախ» մամուլը չի սիրում Հայրապետյանին, սիրում է Արթուր Հարությունյանին՝ «Պալաչին», քանզի այս դեպքում արդեն հնարավորություն է ստեղծվում Արթուրին սիրելով՝ կրկին չսիրել Ծառուկյանին։

Ինչպես հայտնի է, Արթուր Հարությունյանի մամլո խոսնակի վերածված լրագրողներն իրենց դժգոհությունն են հայտնում Աբովյան–Երևան գծի ավտոբուսային երթուղու սեփականատիրոջ շահերի իբր ոտնահարման մասով։ Արթուրն ինքը չի երևում ու չի խոսում, բայց փոխարենը խոսում և ցուցադրում են «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները։ Մեկ կենտրոնից եկած հրահանգով  սրանք քննադատաբար անդրադառնում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող Աբովյան–Երևան անվճար ուղևորափոխադրումներին։

Ստացվում է, որ «անկախ» լրատվամիջոցների մոտ ոչ մի սկզբունք չկա։ Ռ. Հայրապետյանի պահով նրանք քարոզում են «Հարսնաքարը», այսինքն՝ մասնավոր բիզնեսը մականունավոր տիրոջից վերցնելու, իսկ Ա. Հարությունյանի դեպքում՝  մականունավորին պատկանող մասնավոր բիզնեսը պաշտպանելու օգտին։ Եթե մի փոքր ուշադիր դիտարկենք այս երևույթը, ապա կպարզվի, որ իշխանության «պասով» աշխատող ԶԼՄ–ների մոտ այնուամենայնիվ սկզբունք կա՝ Սերժ Սարգսյանին ու նրա նեղ շրջապատին ծառայելու սկզբունքը։ Ու քանի, որ մի կողմից Հայրապետյանից սեփականությունը խլելը, իսկ մյուս կողմից՝ Հարությունյանի սեփականությունը պաշտպանելը հնարավորություն է տալիս տարբեր «ռակուրսներով» գեղամյանություն անել Ծառուկյանի դեմ, ուստի «անկախները», առանց ձևականությունների հետևից ընկնելու, երկակի սկզբունքներ կիրառելով, կատարում են առաջադրանքը։

Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք արձանագրել, որ «քաղաքացիական հասարակության ջատագով» ներկայացող լրատվամիջոցներն այժմ հայտնվել են երկու մականունավորի արանքում և նախագահականի տակ։ Թե դրանից հետո ինչ է լինելու այդ լրատվամիջոցների ղեկավարների ու Թոլադի կարգավիճակով աշխատող լրագրողների հետ, հերձումը ցույց կտա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը