Հարցազրույց

01.06.2009 18:26


Հովհաննես Մարգարյան.

Հովհաննես Մարգարյան.

Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ «7օր»-ին «Օրինաց երկիր» կուսակցության գնահատականը ներկայացրել է ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը.

-Ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունները։

-Ընտրություններն ընթացան առանց արտառոց խախտումների և միջադեպերի։ Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում ընտրությունների ընթացքը։ Ընտրական գործընթացը բաժանվում է երկու մասի՝ քվեարկություն և  ձայների հաշվարկ ու ամփոփում։ Երկրորդ մասի հետ կապված՝ տարբեր տեղամասերից մեր վստահված անձանց կողմից կային դիմումներ, որոնք ներկայացվեցին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ որոշ տեղամասերի արդյունքների վերահաշվարկի հետ կապված։ Ի դեպ, ասեմ, որ վերահաշվարկի դիմումներ ներկայացրել են գրեթե բոլոր քաղաքական ուժերը։

-Այսինքն՝ համամի՞տ եք ՀՀԿ-ի հավաքած տոկոսների հետ։

-Ստացված տոկոսների հետ ո՞նց համամիտ չենք։ Նախնական արդյունքները հրապարակվել են, տոկոսները հրապարակվել են։ Ուղղակի, որոշ տեղամասերում վերահաշվարկի դիմում ենք ներկայացրել, որպեսզի ավելի իրական պատկերը ստանանք։

-Փաստորեն, կարելի է ասել, որ համամիտ եք նաև ձեր հավաքած ձայների հետ։

-Բոլոր 7 քաղաքական ուժերի հետ կապված՝ հնարավոր է, որ վերահաշվարկի արդյունքում իրական պատկերից տարբերվի։ Ի՞նչ չափով կարող է տարբերվել, այս պահին չեմ կարող ասել։

-Լավ, թեկուզ նախնական տվյալներով՝ ձեր հավաքած ձայները համապատասխանո՞ւմ են իրականությանը։

-Եթե վերահաշվարկի դիմումներ չլինեին, կասեինք՝ իրականություն է, բայց հիմա դա պետք է ասենք՝ նախնական տվյալ։

-Բայց վերահաշվարկից հետո տարբերությունը շատ չի լինի...

-Ես չեմ կարող կանխագուշակել։ Հնարավոր է և շատ-շատ տա, հնարավոր է և շատ քիչ տա, հնարավոր է՝ չնչին տա։ «Եթե»-ով չեմ ուզում խոսել։

-Դուք ձեր հաշվարկները նախապես ունեիք, չէ՞։ Մոտավորապես նո՞ւյնն էին։

-Այսօրվա դրությամբ ոչ ոք չի կարող հստակ տվյալներ հաշվարկել, որովհետև ոչ ոք չգիտի՝ մասնակցությունն ի՞նչ չափի պետք է լինի։ Կոնկրետ էս դեպքում մի քիչ ավել էր կեսից, որը ոչ ոք չէր մտածել, որ էսքան պասիվություն կլինի։

-Հիմա ձեզ գոհացնո՞ւմ են այդ արդյունքները, թե՞ ոչ։

-Էլի եմ կրկնում, իրական արդյունքները, քանի որ էս գործընթացի հետ կապված՝ որոշ տեղամասերում վերահաշվարկի դիմումներ կան... Արդյունքները գոհացնել-չգոհացնելով չի, արդյունքները՝ թե դու այդ վստահության քվեն իրականում ի՞նչ չափով ես ստացել։ Ինչ չափով ստացել ես, այդ չափ էլ քվեարկել է քվեարկողը։

-Եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, ՕԵԿ-ը բավական քիչ ձայն է ստացել։ Դուք դա պայմանավորու՞մ եք կոալիցիայի հետ ձեր համագործակցությամբ, նախագահական ընտրությունների հետընտրական փուլի ՕԵԿ–ի վարքագծով...

-Ես այդպես չէի ասի։ Մենք նախնական արդյունքներով Երևան քաղքում մոտ 21 000 քվե ստացել ենք։ Եվ եթե համեմատեք մեր ստացած արդյունքները մասնակցության հետ, կզգաք, որ գրեթե համահունչ էր։ Նախկինում մասնակցության թիվն ավելի շատ է եղել։ Հիմա, երբ համադրում ենք մասնակցություն-ստացած քվե՝ նախկինում և հիմա, և եթե իրական պատկերն էլ ստանանք, միգուցե ավելի համահունչ դառնա։

-Իսկ ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը, նրանց քվեների քանակի այդքան մեծ տարբերությունը հնարավո՞ր է՝ հանգեցնի կոալիցիայի փլուզման։

-Ես որևէ հակամարտությունից տեղյակ չեմ և այդ հարցին չեմ պատասխանի։ Այդ հարցը կարող եք ուղղել իրենց։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը