Հարցազրույց

21.07.2012 12:28


Կարինե Խոդիկյան.

Կարինե Խոդիկյան.

Հարցազրույց  դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի հետ

–Վերջին շրջանում Հայաստանում տարբեր տեսակի հասարակական նախաձեռնություններ էինք ականատես լինում։ Ըստ Ձեզ՝ դրանք կարելի՞ է որակել որպես քաղաքացիական, թե՞...  

–Իմ կարծիքով՝  այն, որ ցանկացած նախաձեռնություն սկսվում է ակտիվ տրամադրված շրջանակների, քաղաքացիների կողմից, դա աներկբա է։ Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է երկրում։ Այսինքն՝ «քաղաքացիական նախաձեռնություն» ասվածի մեջ մենք պետք է տարբերակենք, որ իսկապես կան մարդիկ, ովքեր անշահախնդիր տեսնում են, որ ինչ–որ բան այն չէ, սրտացավ են, ու գտնելով համախոհներ՝ սկսում են ինչ–որ շարժում կան նախաձեռնություն։ Սակայն, կարող է լինել նաև ուղղորդված շարժում, որևէ կուսակցության, որևէ խմբավորման  կողմից, ինչին մենք շատ ենք ականատես եղել այս տարիներին։ Բայց ինքնին քաղաքացիական շարժումները ես շատ եմ կարևորում ու գնահատում, քանի որ շատ հաճախ այն, ինչ պետք է անի պետական ապարատը, դրա գործառույթներն իր վրա վերցնում է քաղաքացիական հասարակության ակտիվ մասը։ Եթե քաղաքացին հանգիստ լինի, որ, օրինակ, Փակ շուկան որևէ ձևափոխման չի ենթարկվի, ապա նա ինչո՞ւ պետք է ոտքի կանգնի, գնա պիկետների և այլն... Ամեն մարդ էլ ուզում է հանգիստ ապրել։

–Համաձա՞յն եք, որ երբեմն այս շարժումներն ու նախաձեռնությունները ուղղորդված բնույթ են ստանում։  

–Ցանկացած կուսակցություն քաղաքական պայքարի մեջ ամեն մի միջոց փորձում է աշխատեցնել իր օգտին։ Եվ դա այնքանով է նորմալ, որքանով որ, օրինակ, ընդդիմությունն ուզում է դառնալ իշխանություն։ Ամբողջ աշխարհում հասկանում են, որ միայն հիմարը կարող է ընդդիմություն լինել՝ չուզենալով իշխանություն։ Իսկ մեր մոտ ասում են, ընդհակառակը, ասում են՝ նա ուզում է դառնալ իշխանություն, վատ ենթատեքստով։ Այսինքն՝ եթե դուրս է եկել ընդդիմադիր պայքարի, ինչո՞ւ պետք է ճանապարհի կեսից հետ դառնա։ Նայենք Մաշտոցի պուրակի օրինակին։ Իսկապես հավատում եմ, որ անկեղծ ոգով սկսվեց շարժումը, բայց ավարտը սարսափելի էր։ Հասարակությունը բարձրաձայնեց անօրինականություն այդ բուտիկների հետ կապված, բայց դրանց տերերը սեփականատերեր էին, չէ՞։ Եթե նորմալ պետություն ենք ուզում կառուցել, ապա սեփականության նկատմամբ պետք է ճշգրտված վերաբերմունք լինի թե՛ սահմանադրորեն, թե՛ հասարակության կողմից։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ։ Բողոքեցին, որ այստեղ բուտիկների տեղ չէ, բայց ես հույս ունեի, որ նրանք շուտով այդ պահանջին կավելացնեն, որ մենք դեմ լինելով այդ կառույցներն այստեղ մոնտաժելուն՝ պահանջում ենք, որ այդ կառույցների սեփականատերերի իրավունքերը պաշտպանվեն։ Իսկ ի՞նչ կատարվեց։ Հայտնի անեկդոտի նման՝ «վերջում եկավ անտառապահը ու բոլորիս քշեց»։ Այսինքն՝ դրական հիմքերի վրա սկսված շարժումը ավարտվեց այնպես, որ անօրինականությունը մնաց ու մի բան էլ կրկնապատկվեց։ Հիմա ո՞վ պետք է պաշտպանի այդ սեփականատերերի իրավունքները։ Գուցե վաղը չէ մյուս օրը ծնվի այդ իրավունքները պաշտպանելու նո՞ր նախաձեռնություն։ Քաղաքապետարանը հարցը պետք է այնպես լուծեր, որ չխախտվեին ոչ մեկի իրավունքները։ Բայց ի՞նչ ստացվեց՝ ընդամենը «սիրուն չլինելու» պատճառով գորդյան հանգույցը կտրվեց...

–Դուք ինչ–որ հասարակական շարժման կամ նախաձեռնության հարո՞ւմ եք այսօր։

Գիտե՞ք ինչ, իմ տարիքը, փորձը ստիպում են երբեմն ավելի շուտ նկատել, թե քամին որտեղից է փչում։ Օրինակ, Մաշտոցի պուրակ չգնացի, թեև կարծում էի, որ նրանք ի վերջո կխոսեն նաև այդ սեփականատերերի իրավունքների մասին։ Այդ ժամանակ ես կմիանայի, որովհետև ես չեմ ընդունում նման միակողմանի մոտեցումներ։ Բայց կան բաներ, որ արդեն դու չես կարող... Օրինակ, Վահե Ավետյանի ողբերգական մահը... Ես ինչպե՞ս կարող էի տանը մնալ ու չմասնակցել հուղարկավորությանը, ինչպե՞ս կարող էի հաջորդ օրն իմ բողոքը չարտահայտել ԱԺ–ի դիմաց։   

–Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարելի է տարբերակել իրական քաղաքացիական նախաձեռնությունները և կեղծ շարժումները, այսինքն՝ նրանք, որոնք լրիվ այլ նպատակներ են հետապնդում և այլ շահեր պաշտպանում։

–Եթե հասարակության ակտիվ ու սրտացավ զանգվածը, որի կողքին ես կանգնած եմ ու ամեն հարցում կընդառաջեմ, այնքան ուժ ունենա, որ կարողանա (եթե ինքը ազնվորեն սկսել է ինչ–որ շարժում, որը ինչ–որ ուժեր ու կուսակցություններ ուզում են շահարկել) ինքը պարտադրել կուսակցություններին կամ խմբավորումներին գնալ իր հետևից, այդ դեպքում մենք մի մեծ քայլ կանենք առաջ, ինչը օգտակար կլինի թե՛ մեր հասարակության, թե՛ պետության համար, այն պետության, որից հեռանալու միտք անգամ չունեմ։

–Կրկին գալիս ենք Հայաստանում լուրջ փոփոխությունների խնդրին...

–Այո, բայց փոփոխությունների կարիքն այսօր չէ, որ ծնվել է. դա տարիների, տասնամյակների արգասիք է, որովհետև փոփոխությունը դա շարժում է, իսկ շարժում չկա միայն ճահճում, որտեղ ինքնաբավ գորտերն են կռկռում։

–Իսկ ինչպե՞ս դա անել։ Ինչպիսի՞ միջոցներով իրականացնել այդ փոփոխությունները։

–Այդ փոփոխությունների համար համալիր ծրագիր ու ցանկություն է պետք։ Դա կլինի, երբ և՛ հասարակությանը, և՛ կուսակցություններին, որոնք իսկապես ընդդիմադիր են, բոլորին միավորի այդ փոփոխությունների ցանկությունը։ Բայց դա ոչ թե լինի խաղ կամ տվյալ պահին որևէ շահ հետապնդող քայլ... Քանի դեռ մենք ապրում ենք այսպիսի միջավայրում, երբ «ականներ» են ականազերծվում, երբ ամեն կուսակցություն «բազառ» է անում, «ես քեզ շատ կտամ իշխանություն» և այլն, ոչ մի փոփոխություն չի լինի, փոփոխությունների ձգտում ունեցող մարդկանց քանակն էլ օրեցօր կնվազի, ինչին մենք ականատես ենք լինում այսօր։ Եթե մարդիկ, ովքեր խոսում են ժողովրդի անունից (անկախ այն բանից՝ նրանք ընդդիմադիր են, թե իշխանավոր), չեն հասկանում, որ փոփոխությունների անհրաժեշտությունն արդեն կրիտիկական սահմանից այն կողմ է անցել, ուրեմն ի՞նչ ասեմ՝ այստեղ արդեն տխրությունս կամաց–կամաց փոխվում է լացի...

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը

Այս խորագրի վերջին նյութերը