Հարցազրույց

01.08.2012 12:18


Արմեն Բադալյան.

Արմեն Բադալյան.

Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

–Կրկին լուրեր են շրջանառվում, թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, այնուամենայնիվ, ՀՀԿ–ից դուրս գալու դիմում է գրել։ Միաժամանակ, սոցիալական կայքերում խումբ է բացվել, որտեղ պաշտպանում են Ղուկասյանին ու աջակցում նրա թեկնածությանը Գյումրու քաղաքապետի առաջիկա ընտրություններում։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է հավանական, որ Ղուկասյանը, հակառակ ՀՀԿ–ի կամքին, ինքնաառաջադրվի։

–Դրա հավանականությունը 50/50 տոկոս է։ Ամեն դեպքում, նա երկար ժամանակ է քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել, և հոգեբանորեն շատ դժվար է այդքանից հետո միանգամից թողնել ամեն ինչ ու դուրս գալ։ Ուստի 50/50 հավանականություն կա, որ նա կարող է ինքնուրույն առաջադրվել, հատկապես որ տարիների ընթացքում նա ի վերջո որոշակի հեղինակություն ունի որոշ շրջանակներում, վարչական ռեսուրսի է տիրապետում և, այսպես ասած՝ կուսակցության նվիրված գործիչ չէ, այսինքն՝ ավելի շուտ քաղաքապետ գործիչ է, քան կուսակցական գործիչ։ Դրա համար էլ, հնարավոր է, կուսակցության որոշումները հաշվի չառնվեն, ու ինքն ինքնաառաջադրվի։

Այնուամենայնիվ, ո՞րն է իրական պատճառը, որ ՀՀԿ–ն որոշեց չառաջադրել Ղուկասյանի թեկնածությունը։ Վարդան Ղուկասյանը սպառե՞լ էր իրեն, թե՞...

–Եթե նայենք սպառելով, ապա ՀՀԿ–ի մեջ այնքան քաղաքական  գործիչներ կան, ովքեր իրենց սպառել են, բայց, ինչպես տեսանք, դրանք հայտնվեցին և՛ նախընտրական ցուցակում, և՛ դարձան պատգամավոր։ Այստեղ ուրիշ խնդիր կա։ Տարիների ընթացքում լինելով քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանը Գյումրիում ստեղծել է իր ուժեղ իշխանությունը և այլ աչքի ընկող ՀՀԿ–ականի չի աճեցրել։ Եվ երկրորդ՝ ես չգիտեմ՝ ՀՀԿ–ն կառաջադրի՞ իր սեփական թեկնածուին, թե՞ ոչ, բայց խնդիրն այն է, որ մայիսի 6-ի «ընտրությունների» ժամանակ ՀՀԿ–ն Գյումրիում պարտվեց, և եթե հիմա էլի գործիչ առաջադրի, և սեպտեմբերին կրկնակի պարտվի, ապա դա քաղաքական հարված կլինի ՀՀԿ–ին։ Այդ պատճառով էլ հնարավոր է, որ ՀՀԿ–ն ԲՀԿ–ից երկրորդ պարտությունը չկրելու նպատակով ուղղակի ասի, թե ինքն աջակցում է ԲՀԿ թեկնածուին։

–Այսինքն՝ հիմնական հարցն այն է, որ խորհրդարանական ընտրություններում, որը, Ձեր դիտարկմամբ, չակերտների մեջ է պետք ներառել կեղծիքների պատճառով, ՀՀԿ–ն Գյումրիում ԲՀԿ–ից պարտվեց ու այժմ վախենում է երկրո՞րդ պարտությունը կրել։ 

–Երկու հիմնական պատճառ նշեմ։ Առաջինը՝ որ ՀՀԿ–ն պարտվեց և վախենում է երկրորդ անգամ պարտվել, քանի որ սա արդեն կարող է ազդեցություն թողնել պետական կառավարման համակարգում. Իջևանում պարտվեցին, Գյումրիում պարտվեցին, Գյումրիի պատգամավորական ընտրատարածքում պարտվեցին... Եվ երկրորդը՝ որ ՀՀԿ–ն Գյումրիում թեկնածու չի աճեցրել, ով կկարողանա հեշտությամբ փոխարինել Վարդան Ղուկասյանին։ Թեկնածուներ շատ կարող են լինել, բայց դրանք հաղթող թեկնածուներ պիտի լինեն։ Դրա համար էլ հնարավոր է, որ ՀՀԿ–ն ոչ մեկին էլ չառաջադրի, որովհետև պարտության հոգեբանությունը շատ ուժեղ կհարվածի Հանրապետական կուսակցությանը։

–Չե՞ք կարծում, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գործելաոճն է այդպիսին՝ օգտագործել այդ գործիչներին, իսկ հետո, երբ նրանք այլևս բանի պետք չեն գալիս, այսպես ասած՝ ազատվել նրանցից։    

Նման բան կա աշխարհի բոլոր երկներում, բոլոր կուսակցություններում, երբ որևէ քաղաքական գործիչ մնում է այնքան ժամանակ, քանի դեռ օգուտ է տալիս գործին, իսկ երբ նա այլևս օգուտ չի տալիս, նրանից փորձում են ազատվել։

Այսինքն՝ ոչ մի յուրահատուկ բան չկա՞ մեր պարագայում։

Չէ, չէ, չկա, ուղղակի ցանկացած կուսակցություն պետք է մտածի փոխարինող կադրերի մասին, իսկ ՀՀԿ–ի մոտ այդ մեխանիզմը ընդհանրապես չի աշխատում։ Դրա վառ օրինակներ են ԱԺ ընտրություններում իրենց նախընտրական ցուցակն ու մեծամասնական ընտրատեղմասերում իրեցն առաջադրած կամ պաշտպանած թեկնածուները։

Եթե Վարդան Ղուկասյանը, այնուամենայնիվ, ինքնաառաջադրվի, ինչպիսի՞ քաղաքական զարգացումներ եք ակնկալում։

Դժվար է ասել, որովհետև չգիտեմ, թե Բաղրամյան 26-ը տվյալ հարցում ինչպես կկողմնորոշվի՝ ընդհանրապես չի՞ ցանկանա, որ ՀՀԿ–ական թեկնածու լինի, ուրիշի՞ն կպաշտպանի, թե՞ ուղղակի գլխացավանքի մեջ կընկնի։ Ամեն ինչ կախված է իրենց որոշումից։

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը  

Այս խորագրի վերջին նյութերը