Մեկնաբանություն

11.08.2012 10:23


Ներիշխանական գզվռտոցն ու հնարավոր հետևանքները

Ներիշխանական գզվռտոցն ու հնարավոր հետևանքները

ՀՀԿ–ի ներսում առկա ճգնաժամն արդեն հնարավոր չէ թաքցնել։ Ինչպես ասում են՝ բանը բանից վաղուց անցել է։

Սերժ Սարգսյանի կուսակից ընկներները, որոնք համատեղությամբ նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ու պատգամավորներ են, միմյանց հայհոյանքների են արժանացնում ու ձեռքի հետ ի ցույց դնում այն կեղտոտ մթնոլորտը, որը տիրում է իշխող ուժի ներսում։

Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն

Գյումրիի ՀՀԿ–ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և թիվ 33 մեծամասնական ընտրատարածքի ՀՀԿ–ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի միջև տեղի ունեցած հրապարակային լեզվակռվի հետթափոխն այժմ ընդունել են Արագածոտնի ՀՀԿ–ական մարզպետ Սարգիս Սահակյանն ու թիվ 15 մեծամասնական ընտրատարածքի ՀՀԿ–ական պատգամավոր Մնացական Մնացականյանը։

Երկու դեպքում էլ կողմերը միմյանց մեղադրում են «անաղուհաց քրդի շուն» լինելու մեջ։ Երկու դեպքում էլ գործադիր իշխանությունը ներկայացնողները գրեթե նույն բառապաշարով և ձևակերպումներով բացահայտ հայտարարում են, որ եթե իրենք չլինեին, ապա կուսակից ընկերները պատգամավոր չէին դառնա։ Երկու դեպքում էլ միմյանց հետ հաշիվ պարզելը խոստացվում է «լեռների» օրենքներով։ Երկու դեպքում էլ գործ ունենք տեղական նշանակության բդեշխների վերածված մարդկանց «ռազբորկայի» հետ։

Ուշագրավն այն է, որ ՀՀԿ–ականները մամուլի միջոցներով ընտրակեղծիքների մասին բացահայտ հայտարարություններ են տարածում։ Վարդան Ղուկասյանն ասում է, թե փոշմանել է, որ Աղաբաբյանին պատգամավոր է դարձրել, այսինքն՝ խոստովանում է, որ ՀՀԿ–ական իր նախկին ընկերը ԱԺ–ում է հայտնվել վարչական լծակի օգնությամբ, այլ ոչ թե ժողովրդի քվեի։

Թալինում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նույն բանի մասին են խոսում նաև Արագածոտնի մարզպետն ու իր եղբայր Նաիրի Սահակյանը և իրենց կուսակից ընկերոջը քննադատում վերջերս տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասով։

Բանն այն է, որ հակառակ կուսակցության որոշման՝ ԱԺ պատգամավոր Մնացականյանը Թալինի քաղաքապետի ընտրություններում չսատարեց այն թեկնածուին, ում առաջադրել էր ՀՀԿ–ն, այլ սեփական խաղը խաղաց։ Դա Արագածոտնի մարզպետին ու իր եղբորը ստիպեց Մնացականին որոշ բաներ հիշեցնել։

«Ո՞վ չգիտի, որ Մնացի ձեռքը բռնած՝ իրան տանում էինք գյուղերը, ներկայացնում ընտրողներին, որ պաշտպանեն նրա թեկնածությունը, նույնիսկ էն ժամանակ, որ դրված էր իմ՝ դեպուտատի թեկնածության հարցը: Եթե մենք մի փոքր մտածենք, ոնց որ մտածեց Մնացը՝ քաղաքապետի ընտրության ժամանակ, ապա թիվ 15 ընտրատարածքում դեպուտատ  էր Ոսկեվազի գյուղապետ, ՕԵԿ-ական Հայկը, ով, ամենայն ազնվությամբ, ուներ դրա արժանիքները»,–«Հրապարակ» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հայտարարած «լավ ընտրությունների» մեխանիզմների մասին հետաքրքիր մանրամասներ է բացահայտել Արագածոտնի մարզպետի եղբայրը (փաստորեն, մարզպետի եղբայր լինելն արդեն իսկ պետական պաշտոնյայի պես մի բան է դարձել մեզանում, և մարզպետի եղբայրը ընտրությունների արդյունքների վրա ազդեցության մեծ հնարավորություն ունի)։

«Հաճախակի էին թալինցիները մեզ ասում՝ ախպերներ ջան, սա արժանիքներ չունի,  քանի իրեն պետք ա, կարող ա ամեն ինչ անի, քծնի, սողա, միայն թե հասներ իր նպատակին: Եվ դա Մնացի եւ իր  ախպեր Նազարի մոտ դարձել  ա սովորույթ, ավանդույթ՝ լավությանը վատությունով պատասխանելը:  Եվ դեռ շատ թարմ է այն հիշողությունը, որ Մնացն ու Նազարը հերթ չէին տալիս մեկմեկու, թե ով բաժակը կբարձրացնի Սահակյան եղբայրների համար, եւ բաժակաճառից հետո դեպուտատ Մնացականյանի կատարմամբ  բաժակաճառին  երգում էին մեր համար»,– ՀՀԿ–ական պատգամավոր Մնացականի ու նրա եղբոր մարդկային որակներն է նույն հարցազրույցի շրջանակներում բացահայտում Արագածոտնի մարզպետի եղբայրը՝ հընթացս բացահայտելով, թե ինչպես են, հակառակ ժողովրդի  կամքի (տվյալ դեպքում՝ թալինցիների), անարժան մարդիկ պատգամավոր դառնում։

Նկատենք, որ իրար մեղադրանքներ ներկայացնելով՝ ՀՀԿ–ական չինովնիկներն անուղղակիորեն «կծում» են Սերժ Սարգսյանին՝ հասկացնելով, որ ՀՀԿ ղեկավարը, չնայած անարժան լինելուն, պետության նախագահ է դարձել իրենց շնորհիվ։

Դատե՛ք ինքներդ. եթե մարզպետը կամ քաղաքապետը, հակառակ ժողովրդի կամքի, պատգամավոր են դարձրել մեկին կամ մյուսին, ապա նույն կերպ վարվել են նաև նախագահական ընտրությունների ժամանակ։ Այդ մասին բոլորս գիտենք, պարզապես հիմա «ընտրական» թեմաներով բաց խոսում են նաև ՀՀԿ–ականները։

Ուշագրավ ևս մեկ հանգամանք. և՛ Ղուկասյան–Աղաբաբյան, և՛ Սահակյաններ–Մնացականյաններ լեզվակռվի ժամանակ կողմերը միմյանց հետ հաշիվ պարզելը պատկերացնում են բացառապես արտաօրինական ճանապարհով ու հանցավոր աշխարհին հատուկ մեթոդներով։

«Երբ սամոկատ քշելով մի  տեղ հասար, կհանդիպենք»,–Աղաբաբյանին «ժամո» էր անում Գյումրիի քաղաքապետը։

«Մնաց, ես կարգուկանոն սիրող տղա եմ, նենց  չանես, որ մուրը քսեմ երեսիս ու քեզ կանչեմ ադին նա ադին, ու նենց տփոց ուտես, որ ականջներդ ուռի: Այ բջիջ, եթե շատ ուզես՝ կզանգես, կհանդիպենք, միայն էն պայմանով, որ մեզնից մեկը հետ գա: Ձեռքով-ոտքով կամ զենքով՝ սպասում եմ զանգիդ»,–հայտարարում է Արագածոտնի մարզպետի եղբայրը՝ սպառնալով պատգամավորի հետ հաշիվները մաքրել «գեղական» կարգով։

Այս ամենը ցույց է տալիս, որ բացառապես փողի և իշխանության համար ՀՀԿ–ում իրար գլուխ հավաքվածներն արդեն չեն կարողանում կիսել իշխանական կարկանդակը, քանզի Սերժ Սարգսյանը խնդիր է դրել ամբողջությամբ սեփականաշնորհել այն։ Ասել է թե՝ ներհհկական գզվռտոցները հետևանք են վերևից տարածվող «մուտիլովկաների»։

«Բաժանի՛ր, որ տիրես»,– մտածում է Սերժ Սարգսյանն ու իրար վրա «քսի» տալիս կուսակից ընկերներին։

Մյուս կողմից էլ պետք է նշել, որ իշխող ուժը ներկայացնող դեմքերի հրապարակային տուրուդմփոցները հետևանք են նաև այն բանի, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հասարակական լեգիտիմության դեֆիցիտ ունի, այլ նաև չունի հեղինակություն կուսակցության ներսում և չի կարողանում արբիտրի ֆունկցիա կատարել։ Արդյունքում՝ ՀՀԿ–ի կեղտոտ սպիտակեղենը դուրս է հանվում։

Սերժ Սարգսյանի ցածր հեղինակության մասին է վկայում այն, որ Վարդան Ղուկասյանը մինչև վերջին պահը «ժիժի» էր խաղում նրա հետ ու հասկացնում, որ կարող է չենթարկվել կուսակցության որոշմանն ու ինքնաառաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու։

Սերժ Սարգսյանի որոշումը բանի տեղ չդրեց նաև ՀՀԿ–ական պատգամավոր Մնացական Մնացականյանը և Թալինի քաղաքապետի ընտրություններում սատարեց անկուսակցական Վորոշ Խաչատրյանին, այլ ոչ թե նախագահի ու մարզպետի պաշտպանյալին։

Սերժ Սարգսյանն անհամատեղելի է Հայաստանի հետ

ՀՀԿ–ում առկա վիճակը հիշեցնում է Կոմկուսում տիրող մթնոլորտը Միխայիլ Գորբաչովի կառավարման շրջանում։

Գաղտնիք չէ, որ Սովետի ժամանակ պետությունն ու Կումկուսն այնպես էին սերտաճել, որ ներկուսակցական գզվռտոցները և կուսակցության փլուզումը բերեց պետության փլուզման։

 Գորբաչովն իբր ուզում էր բարեփոխել Կոմկուսը, բայց քանի որ չէր պատկերացնում, թե ինչպես պետք է դա անել և ընդամենը դատարկախոսությամբ էր զբաղված, ուստի պետական կառավարումը վերածեց բալագանի և ի վերջո փլեց և՛ կուսակցությունը, և՛ պետությունը։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, թե ՀՀԿ–ն ամենուրեք է և մեր պետության մեջ հասարակական–քաղաքական առումով առաջնորդ ուժ է, այսինքն՝ մոտավորապես այնպիսին, ինչպիսին Կոմկուսի համար սահմանված էր ՍՍՀՄ սահմանադրությամբ։

Հաշվի առնելով Կոմկուսի փորձն ու ոչ վաղ անցյալի պատմությունը, ինչպես նաև ՀՀԿ–ի ներսում ստեղծված գաղջ մթնոլորտը և Սերժ Սարգսյանի կառավարման ձևը՝ կարող ենք պնդել, որ ՀՀ նախագահի մոտ կան գորբաչովիզմի սինդրոմներ։ Ուստի՝ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀԿ–ի փլուզումը և Սերժ Սարգսյանի գորբաչովությունը չհանգեցնեն ՀՀ–ի փլուզման։

ՀՀԿ ղեկավարը խնդիր է դրել իր տակ միավորել կուսակցությունը, տնտեսությունը և քաղաքական դաշտը և ստեղծել «Մեկ օլիգարխի տնտեսություն», ինչը չի կարելի թույլ տալ, քանզի դրա գինը պետության անկումն է։

Եթե հսկայական բնական ռեսուրսներ և գերկենտրոնացված տնտեսական համակարգ ունեցող ՍՍՀՄ–ն ընդամենը 70 տարի դիմացավ, ապա Հայաստանն այդքան էլ չի դիմանա Սերժ Սարգսյանի անառողջ ձգտումներին։ Այնպես որ, «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» գաղափարի հիմքում պետությունը չկորցնելու և նոր երկիր ունենալու ցանկությունն է։ Հետևաբար՝ գալիք նախագահական ընտրություններում պետք է լուծել Սե՞րժ, թե՞ Հայաստան երկընտրանքի հարցը։ Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանն անցողիկ երևույթ է, իսկ Հայաստանը՝ մնայուն։

Կարեն Հակոբջանյան 

Այս խորագրի վերջին նյութերը