Կարծիք

22.08.2012 21:14


Մենք դեռ կարող ենք սթափվել

Մենք դեռ կարող ենք սթափվել

Կարող է տարօրինակ հնչել, բայց Արցախի ազատագրումից հետո հասարակությունը սկսեց ոչ թե զարգացում, այլ հետընթաց ապրել: Հիմա արդեն կարեւոր չէ, թե հետընթացի մեղավորներն ովքեր էին կամ ովքեր են, կարեւորն այն է, որ ժամանակն է կանգնեցնել դեպի ետ սուրացող անիվը եւ այն աստիճանաբար առաջ հրել, այլապես մենք այլեւս չենք կարող պետություն ունենալ:

Մի երկրում, որտեղ ամեն ինչ հիմնված է ստի եւ կեղծիքի վրա, որտեղ անգամ կեղծ են քաղաքացիական նախաձեռնությունները, որտեղ պուրակի պահպանման համար անգամ կեղծ են պայքարում, հնարավոր չէ առաջընթաց արձանագրել:

Գրվում եւ գրվել են եւ հավանաբար դեռ կգրվեն հարյուրավոր, հազարավոր հոդվածներ, որի հեղինակները կտարածեն սուտ եւ կեղծիք, քաջ գիտակցելով, որ իրենց գրածն ու շեշտածը սուտ է: Սա մեծագույն ցավ է ցանկացած երկրի համար: Վստահ եղեք, որ նույնիսկ գերզարգացած երկիրը շատ արագ կթուլանա եւ կբարոյալքվի, եթե այնտեղ եւս մարդիկ սկսեն կեղծ պայքարել, ստել եւ ձեւականությունների ետեւից ընկնել:

Մի պահ պատկերացրեք, թե ինչ սարսափելի իրավիճակ կստեղծվեր, օրինակ, Շվեդիայում, եթե այնտեղ հեռուստաընկերությունների աշխատանքը ղեկավարեր վարչապետի փեսան կամ հարսը:

Լարեք ձեր երեւակայությունը եւ պատկերացրեք, թե ինչ կկատարվեր ԱՄն-ում, եթե այնտեղի գրեթե բոլոր թերթերը հոդվածներ տպագրեին` հատուկ հրահանգներ ստանալով Սպիտակ տնից:

Հայաստանը հազիվ երկու, կամ մի փոքր ավելի միլիոն բնակչություն ունեցող ոչ այնքան մեծ տարածք ունեցող, նավթ եւ գազ չունեցող երկիր է: Մենք չենք կարող գոյատևել, զարգանալ, եթե անենք այն, ինչ անում են նավթ եւ գազ ունեցող բռնապետական երկրները կամ էլ մարդկային եւ տարածքային հսկա ռեսուրսներ ունեցող եւ շարունակ գիտափորձեր անող պետությունները:

Մենք պետք է օրինակ վերցնենք Բելգիայից, Շվեյցրաիայից, Ավստիայից, եւ ոչ թե Ադրբեջանից, Թուրքմենստանից, Հյուսիսային Կորեայից եւ նույնիսկ Ռուսաստանից: Իսկ հիմա այն ինչ անում են գործող իշխանությունները եւ նրանց սպասարկող լրատվամիջոցներն ու այսպես կոչված քաղաքագետները, Հայաստանը տանում է կործանման: Յուրաքանչյուր նոր հոդվածի եւ կեղծ տեղեկության հետ միասին երկրում ավելանում է բարոյալքումը, իսկ դրան հետեւում են նոր արտագաղթողները եւ նոր հիասթափվածները, որոնք արտագաղթելու որոշում են կայացնում:

Հայաստանը դատարկվում է, այդ մասին են վկայում նույնիսկ պաշտոնական հրապարակումները: Սարսափելի է, բայց մենք արդեն հաշտվել ենք այս իրավիճակի հետ: Մենք արդեն նորմալ ենք համարում այն, որ մեր հարազատների ճնշող մեծամասնությունն ապրում են արտերկրում: Մենք նորմալ ենք համարում, որ մեր հարազատները եւ հատկապես արտերկրներում մեծացող նրանց երեխաները այլեւս Հայաստան վերադառնալու մասին չեն էլ մտածում:

Մենք սկսել ենք շատ բաներ նորմալ ընդունել, որը վկայում է մեր հասարակության կտրուկ հետընթացի մասին: Մենք հանդուրժում ենք երեւույթներ, որ պետք է չհանդուրժենք:

Այս ամենը երկար չի կարող շարունակվել: Եթե մենք արդեն կարողանում ենք ողբերգությունը քաղաքական շահարկման առարկա դարձնել, ապա արդեն գտնվում ենք վտանգավոր, ամենավտանգավոր գոտում: Առաջիկա նախագահական ընտրություններից հետո էլ պարզ է դառնալու, թե մեր ժողովուրդը ի՞նչ ընտրություն կատարեց կամ ունենալո՞ւ է պետություն, թե ոչ:

Եթե չկարողանանք մեր մեջ արթնացնել ինքնապահպանման գենը, եթե կուլ գնանք նրանց, ովքեր հրեշտակի դիմակով մարդկանց համոզում են, թե ժամանակակից աշխարհում սահմաններ չկան եւ որտեղ ցանկանաք, այնտեղ էլ պետք է ապրեք, եւ որ ինչ էլ անեք Սերժից եւ նրա ազգուտակից ազատում չկա, ապա կարող ենք ասել, որ հայերը արժանի չեն այլեւս պետություն ունենալուն:

Այսուհանդերձ, վստահ եմ, որ մենք դեռ այն աստիճան չենք թուլացել, որ թուլանանք եւ հաճույք ստանանք ամենավերջին մազոխիստների նման: Տարիներ առաջ ադրբեջանցի գրող Անարը հայտարարեց, թե հայերը մազոխիստ են, սիրում են, որ իրենց սպանեն, բռնաբարեն, որ հետո այդ մասին անդադար խոսեն: Այն ժամանակ ազը սթափվեց եւ կոնկրետ գործողություններով պատասխանեց Անարին էլ նրա հայրենակիցներին էլ: Կարծում եմ հիմա եւս ընդունակ ենք սթափվելու եւ ապացուցելու, որ մենք կարող ենք պետություն ունենալ, կարող ենք ազատվել բոլոր այն իշխանություններից, որոնց թվում է, թե իրենք պետք է հավերժ կառավարեն, իսկ ժողովուրդն էլ ծառայի իրենց:

Վարդան Մխիթարյան   

Այս խորագրի վերջին նյութերը