Մեկնաբանություն

28.08.2012 17:52


ԲՀԿ–ի «վկաները»

ԲՀԿ–ի «վկաները»

Արդեն քանի տարի է՝ Սերժ Սարգսյանի թիմը հակառակ իմաստով ԲՀԿ–ի «վկա» է դարձել։ Սրանք բառիս բուն իմաստով հոգեխանգարմունքի են հասել։ Պատկերավոր ասած՝ եթե անգամ ծիտը թռչում է, ապա այդ ամենի մեջ մեղադրվում է ԲՀԿ–ն կամ արձանագրվում է ԲՀԿ–ի հետքը։

Շատ լավ իմանալով, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ–ն կես միլիոնի չափ իրական ձայներ է ստացել, իսկ Սերժ Սարգսյանի ՀՀԿ–ն՝ ավելի քան 600 հազ «թղթե» քվե, Բաղրամյան 26–ում որոշել են կիրառել իրենց հոգեհարազատ մեթոդը՝ «մուտիլովկաներ» տարածելը։

Խորհրդարանական ընտրություններից առաջ միասնական ցուցակ պարտադրել չհաջողվեց։ Չհաջողվեց նաև ԲՀԿ–ին կոալիցիայի անդամ դարձնելը։ Հիմա էլ սկսել են տարածել, թե իբր Ծառուկյանը նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի թեկնածությունն է պաշտպանելու և դրա դիմաց պահանջում է կառավարության 30 տոկոսն ու վարչապետի աթոռը։ Ինչ էլ մտքի թռիչք ունեն տնաշենները՝ 30 տոկոս։ Աչքներին միայն տոկոսներ ու աթոռներ են երևում։

Փաստորեն, իշխանությունը ԲՀԿ–ին հրապարակավ առաջարկում է առևտրի առարկա դարձնել Տիգրան Սարգսյանին։ Դա իհարկե իրենց գործն է, բայց հարց է առաջանում. եթե Ծառուկյանն ու Սարգսյանը ներքին պայմանավորվածություն ունեն, ապա ինչո՞ւ են նախագահականում իրար խառնվել ու վարչապետին «փուռը» տալու նախաձեռնողականությամբ հանդես գալիս։ Հետաքրքիր է նաև պարզելը, թե ֆորմալ առումով խորհրդարանական հսկիչ փաթեթ ունեցող ուժն ինչո՞ւ է ոտուձեռ ընկել ու ԲՀԿ–ից սատարում մուրում։

Մի լոկալ հարց էլ կարելի է բարձրացնել. եթե Գյումրիում Սամվել Բալասանյանի «դաբրոն», ինչպես «անկախ» լրատվամիջոցն են պնդում, նախագահական նստավայրում է տրվել, ապա ինչու՞ է նույն նախագահական նստավայրն իր մամուլի միջոցներով աշխատում Բալասանյանի դեմ։ Ինչու՞ է Բաղրամյան 26–ը «քաղաքացիական» դրածոներին առաջադրել ավագանու  ընտրություններում և նրանց հանձնարարել «դհոլություն» անել ԲՀԿ–ի դեմ։ Ս. Բալասանյանն, անշուշտ, ամենաարդյունավետ թեկնածուն չէր, որ կարող էր առաջարկել ԲՀԿ–ն և եթե Ծառուկյանն ուզում է ավելացնել իր հանրային վարկանիշը, ապա հետագայում պետք է ավելի ճիշտ որոշումներ կայացնի և կիսալղոզված դեմքերի չառաջադրի, բայց նույնիսկ նման դեպքերում, երբ ԲՀԿ–ի թեկնածուն Բալասանյանի տիպի դեմք է, իշխանությունը միևնույն է աշխատում է նրա դեմ, ինչը հաստատում է այն թեզը, ըստ որի՝ ՀՀԿ–ն Գյումրիում «սրտի կսկծու» է պաշտպանում Բալասանյանին՝ դրանով իսկ փորձելով ցույց տալ, թե իբր իրավիճակը վերահսկելի է և ամեն ինչ խաղ է։  

Իրականությունն այն է, որ ԲՀԿ–ն առաջնորդվում է սեփական ծրագրերով, քանի որ ինքնուրույն ուժ է։

Որքան էլ իշխանությունը փորձի իրեն ենթակա լրատվամիջոցներով կեղծ լուրեր տարածել ու «վերլուծականներով» լվանալ մարդկանց ուղեղները, միևնույն է, ստի ոտքերը կարճ են։ Շատ չմնաց։ Շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի։ ԲՀԿ–ի «վկաների» արածներն էլ իրենց կմնան։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը