Մեկնաբանություն

29.08.2012 17:04


Տիգրան Սարգսյանը՝ Անորսալի Ջոյի կարգավիճակում

Տիգրան Սարգսյանը՝ Անորսալի Ջոյի կարգավիճակում

Իշխանամետ լրատվամիջոցների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող այն լուրը, թե իբր Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ է արվելու, հասցրել է անեկդոտային գնահատականների առիթ տալ։

Բանն այն է, որ վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին հերթական անգամ տեղեկացնելիս «անկախ» լրատվամիջոցները, որպես կանոն, նշում են, թե Տիգրանին ուզում է հեռացնել Ռուսաստանը, քանի որ նա Արևմուտքի «մարդն» է։ Դրանով, թերևս, փորձում են Տիգրան Սարգսյանին մասշտաբային դեմք սարքել՝ անկախ իրենցից բացահայտելով սեփական ստրկամտությունն ու կոմպլեքսավորվածությունը։

Իշխանական քարոզչամեքենային եթե հավատալու լինենք, ապա կստացվի, որ աշխարհի հզորները՝ ԵՄ–ն, ԱՄՆ–ն ու Ռուսաստանն էլ բան ու գործ չունեն և զբաղված են բացառապես Տիգրան Սարգսյանի թեմայով. մեկն ուզում է նրան հեռացնել, իսկ մյուսն ատամներով պահում է։ Քիչ է մնում գրեն, թե ՄԱԿ–ն անվտանգության խորհրդի նիստ է արել, ՆԱՏՕ–ն հետաձգել է զորավարժությունները, իսկ Չինաստանն էլ ակտիվ դիտորդի դեր է ստանձնել՝ մտահոգված լինելով Տիգրան Սարգսյանի ճակատագրով։

Հարգելի՛ ընթերցող, քեզ այս ամենը «Անորսալի Ջոյի» մասին հայտնի անեկդոտը չի՞ հիշեցնում։ Ճիշտ ես, հիշեցնում է, քանզի իրականությունն այն է, որ Տիգրան Սարգսյանը ոչ թե ԱՄՆ–ի, Համաշխարհային բանկի կամ Ռուսաստանի «մարդն» է, այլ Սերժ Սարգսյանի կամակատարը, ով Հայաստանի տնտեսությանը շեշտակի հարված հասցրեց՝ առաջնորդվելով Բաղրամյան 26–ից իջեցրած ցուցումներով։ Հետևաբար՝ Տիգրան Սարգսյանն ու իր շեֆը պետք է ոչ թե ամերիկաների կամ ռուսաստանների «դաբրոյով» հեռանան, այլ ՀՀ քաղաքացիների, քանզի նշյալ անձինք այդպես էլ ընտրողների ճնշող մեծամասնության «մարդը» չդարձան։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը