Մեկնաբանություն

30.08.2012 17:04


ՀՀԿ–ական պաշտոնյաները համալրում են «Հայկական աշխարհը»

ՀՀԿ–ական պաշտոնյաները համալրում են «Հայկական աշխարհը»

Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում հայտնվելուց հետո առաջ քաշեց մի քանի թեզ, որոնցից արժե առանձնացնել հետևյալները.

1.Հայաստանին ապրանքային արտադրություն պետք չէ,

2.արտագաղթին պետք չէ խոչընդոտել, քանի որ մարդիկ կարող են այստեղ մնալ ու հեղափոխություն անել։

Այս երկու թեզերի գործնական կիրառմամբ պետք է ձևավորվեր «Հայկական աշխարհը», այն է՝ աշխարհով մեկ ցրված հայերի մասնավոր դրամական փոխանցումների խողովակը։

Եվ այսպես, ըստ վարչապետի ստացվում է, որ կարևոր չէ, թե որտեղ կբնակվեն հայերը։ Ցանկալի է, որ նրանք դրսում փող աշխատեն և այդ փողն ուղարկեն Հայաստան, որպեսզի այստեղ տնտեսության մեջ շրջանառություն ու սպառում ապահովվի։

Վարչապետի հետևողական աշխատանքի շնորհիվ «Հայկական աշխարհը» շատ արագ համալրվեց։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի կառավարման շրջանում շուրջ 150 հազ. ՀՀ քաղաքացի է արտագաղթել։

Ուշագրավն այն է, որ «բարեշրջումների» հետևանքով «Հայկական աշխարհ» են մեկնում նաև ՀՀԿ–ական պաշտոնյաները։ Այսպես, Սևանի դեռևս գործող քաղաքապետը կայքերից մեկին տված հարցազրույցում ասել է, թե ինքն այլևս չի ուզում քաղաքապետ լինել ու որոշել է մեկնել Ռուսաստան՝ բիզնես դնելու։

«Ուղղակի ավելի լավ չի՞՝ գնանք դուրսը փող աշխատենք, ուղարկենք մեր երկիրը: Էսօր մեր երկիրը ո՞նց ա ապրում, էդ տրանսֆերտների հաշվին չի՞ ապրում ավելի լավ»,– պետության տնտեսական քաղաքականության «նրբություններին» է անդրադարձել Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանը՝ չմոռանալով ավելացնել, որ ինքն իր կուսակցության կողքին է, նախագահի կողքին է, պետության կողքին է։

Փաստորեն, ՀՀԿ–ական պաշտոնյան խոստովանում է, որ այսօր նախագահի, ՀՀԿ–ի ու պետության կողքին լինելը նշանակում է դրսում բիզնես հիմնել ու այնտեղից փող ուղարկել։ Ահա թե ինչի են ձգտում «նախաձեռնողական» այս իշխանությունները։

Եթե արդեն պաշտոնյաներն են սկսել բողոքել ներկա վիճակից, ապա կարող ենք պատկերացնել հասարակ ժողովրդի վիճակը։

Քաղաքապետի տրտունջը հուշում է նաև, որ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման հարցում Սերժ–Տիգրան զույգը զգալի առաջընթաց է արձանագրել՝ կենտրոնացնելով երկրի ֆինանսատնտեսական հոսքերը։ Իսկ դուք ասում էիք, թե չի կարող պատահել։

Այս ամենը կանգնեցնելու միայն մեկ տարբերակ կա՝ իշխանափոխություն և համակարգափոխություն, այլապես բոլորս կդառնանք «Հայկական աշխարհի» անդամներ։ Արժե՞ արդյոք նման հաճույք պատճառել օրվա իշխանությանը։ Իհարկե՝ չարժե։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը