Մեկնաբանություն

31.08.2012 16:58


Արևմտամետությու՞ն, թե՞ ռուսամետություն. կեղծ երկընտրանք

Արևմտամետությու՞ն, թե՞ ռուսամետություն. կեղծ երկընտրանք

Բաղրամյան 26–ից իրենց վերահսկողության տակ գործող լրատվամիջոցների օգնությամբ քաղաքական օրակարգը հագեցրել են կեղծ թեմայով։ Հայաստանի ներքին խնդիրները փորձ է արվում կապել քաղաքական ուժերի արտաքին կողմնորոշման հետ։

Ըստ իշխանական քարոզչամեքենայի՝ Հայաստանի զարգացումը խոչընդոտող հանգամանքներից գլխավորն այն է, որ Ռուսաստանի ազդեցությունը մեծ է մեր պետության վրա։ Բնականաբար՝ Սերժ Սարգսյանը ներկայացվում է որպես առաջադեմ և արևմտամետ գործիչ, իսկ նրա ընդդիմախոսները՝ հետադիմական և ռուսամետ։ Սերժի իբր արևմտամետությունն այժմ հանրությանը հրամցվում է որպես ինքնին լավ բան։

Իրականությունը, սակայն, միանգամայն այլ է։ Հայաստանի զարգացման խոչընդոտը վատ կառավարումն է, և խնդիրները ներսում է պետք փնտրել, իսկ արևմտամետ–ռուսամետ բաժանումները կեղծ են ու դեմագոգիկ բնույթ են կրում։

Սերժ Սարգսյանին արևմտամետ համարելը «Արմենիկումի» հրաշագործ ազդեցության մասին պատմվող հեքիաթի պես մի բան է։ Նա ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ, առավելևս, հայամետ։ Նա աթոռամետ է։ Իսկ եթե իշխանական PR–շչիկներն անպայման ուզում են «մետության» շոր հագցնել Սերժին, ապա շրջանառվող «կլիշեներից» ելնելով՝ նրան ավելի շատ ռուսամետ կամ ավելի ճիշտ՝ ռուսահպատակ գործիչ կարելի է համարել, քանզի մեր երկրում միայն նա է ՌԴ հատուկ ծառայությունների կողմից մեդալով պարգևատրվել, նա էր, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո գնաց Պուտինի և Մեդվեդեվի դուռն ու ինքնանվաստացնող շնորհակալություններ հայտնեց նրանց՝ Հայաստանի նախագահ «ընտրվելու» կապակցությամբ, և վերջապես նա էր, որ Հայաստանում ՌԴ ռազմաբազաների տեղակայումը 49 տարով երկարաձգող պայմանագիր կնքեց նախորդ պայմանագրի ժամկետը դեռ չավարտված։

Եվ այսպես, արևմտամետ–ռուսամետ բաժանումները մեզանում սոսկ մանիպուլյացիոն բնույթ ունեն և նպատակ են հետապնդում շեղել հանրային ուշադրությունը գլխավոր խնդիրներից ու հիմնական մեղավորներից։

Իսկ այն, որ արևմտամետ–ռուսամետ բաժանումները կեղծ են, հուշում են նաև վիճակագրությունը և կատարված փաստերը։ Օրինակ՝ ռուսամետ համարվող Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ, իսկ արևմտյան ֆինանսական ներարկումները 2000-2007 թթ. բազմամիլոնանոց էին («Հազարամյակի մարտահրավերներ», «Լինսի» հիմնադրամ և այլն) ու ծավալով մի քանի անգամ գերազանցում են արևմտամետ համարվող Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Արևմուտքի հատկացումներին։ Եթե փող էլ տալիս է Արևմուտքը Սերժի իշխանությանը, ապա միայն պարտքի ձևով։

Տեղին է նշել, որ նույն «Հազարամյակի մարտահրավերները» և «Լինսը» դադարեցրին իրենց գործունեությունը, երբ նախագահ դարձավ Ս. Սարգսյանը։

Ուշագրավ է, որ հայտնի ուղղվածության կայքերից մեկին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպանը հիմնավորեց, որ արևմտյան կապիտալը դեռ չի գա այստեղ, քանզի իրենք չեն ուզում ամերիկյան հարկատուների փողերը վատնել «արևմտամետ» Սերժի գլխավորած պետության մեջ։ Բացի այդ, դեսպանը բավական վատ գնահատեց իշխանական լրատվամիջոցների կողմից «ռուսամետ» քաղաքական ուժ կնքված ԲՀԿ–ի անդամ Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործը, գործ, որը «արևմտամետ» Սերժի թիմն է թխել։

Մի խոսքով...

Այն  որ Սերժի օրոք Հայաստանը ինքնանվաստացման գնով սիլի–բիլի է անում Արևմուտքի հետ (ինչպես նաև՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ), փաստ է։ Բայց այդ փաստը չի նշանակում, որ Սերժը արևմտամետ է և հետևաբար՝ նաև ժողովրդավար։ Արևմուտքը եթե շոյում էլ է այս իշխանության գլուխը, ապա միայն օգտագործելու նպատակով։ Այդպես Արևմուտքը շոյում էր նաև Գորբաչովի, Մուբարաքի ու նրանց նմանների գլուխները։ Հետո ի՞նչ։ Շահեցի՞ն ՍՍՀՄ–ն ու Եգիպտոսը դրանից։ Շահեցի՞ն Գորբաչովն ու Մուբարաքը։

Խոսքն այն մասին չէ, որ չպետք է շարժվել եվրոինտեգրացիայի ճանապարհով։ Ճիշտ հակառակը՝ Հայաստանի անդամակցումը եվրոպական ընտանիքին մեզ համար ռազմավարական կարևորություն ունի։ Ուղղակի հարցն այն է, որ Սերժը ոչ թե մեզ տանում է այդ ճանապարհով և իբր ռուսամետ ուժերն էլ խանգարում են նրան այդ հարցում, այլ ՀՀԿ ղեկավարի շնորհիվ մենք ավելի ու ավելի ենք հեռանում արևմտյան արժեհամակարգից ու եվրոընտանիքից՝ զուգահեռաբար կորցնելով վստահությունը մեր գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Սա՛ է խնդիրը, և գեբելսյան ոճի քարոզչությամբ պատկերն աղճատել հնարավորն չէ։

Ամփոփենք

Հանրությունը չպետք է մտնի արևմտամետ–ռուսամետ քննարկումների դաշտ։ Դա իշխանության նետած «կուտն» է, որը նախատեսված է քաղաքականապես «հավից» չտարբերվողների համար։

Այս կամ այն գործչի «մետությունը» հետաքրքիր է այնքանով, որքանով օգտակար է պետությանը։ Արևմտամետ կամ ռուսամետ լինելը չի կարող ապրիորի լավ կամ վատ բան դիտարկվել։

Եթե Սերժի արևմտամետությունը թուրքերի հետ Հայաստանի անվտանգության հաշվին քիրվայություն անելն է և Ադրբեջանին զիջողականություն ցուցաբերելը, ապա հեռու է պետք մնալ այդպիսի արևմտամետությունից։

Եթե Սերժի ռուսամետությունը Հայաստանի արտաքին պարտքի ավելացման կամ Հայաստանին ՌԴ–ի վասալը դարձնելու նպատակով է, ապա նմանատիպ ռուսամետությունից էլ է հարկավոր հեռու մնալ։

Ճիշտը հայամետ լինելն է, և բոլոր խնդիրների պատճառն ու լուծումը Հայաստանում տեսնելը։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։ Դրսի «դաբրոներով» առաջնորդվողները ստրկամիտներ և անհայրենիքներ են։ 

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է նաև Պուտինի առաջարկած Եվրասիական միության մեջ Հայաստանի մտնել–չմտնելու հարցը։ Դա էլ է արհեստականորն օրակարգային հարցի վերածվել մեզանում։ Ի դեպ, Հայաստանի իշխանամետ ԶԼՄ–ներն այդ թեմայից ավելի շատ են խոսում, քան բուն Ռուսաստանում է հարցը քննարկվում։

Սարգսյան–Պուտին հանդիպման մասին նյութեր «շտամպովկա» անելիս՝ նախագահականից վերահսկվող լրատվամիջոցները, որպես կանոն, նշում էին, թե Սերժի առաջ ՌԴ–ն «չորով» դրել է Եվրասիական միության մեջ մտնելու հարցը։ Այնինչ մեր ունեցած տեղեկություններով ՀՀ նախագահն ի՛նքն է այդ թեման բացել՝ նշելով, թե Հայաստանը կողմ է դրան։ Այդ կերպ Սերժը, թերևս, փորձել է դուր գալ Պուտինին, որպեսզի 1 միլիարդ դոլար վարկ ուզելը հեշտանա, բայց դե «գործը չի կպել» և «նախաձեռնող» նախագահը կրկին վերադարձել է իր «արևմտամետությանը»։ Ասել է թե՝ «արևմտամետ» Սերժից մինչև «ռուսահպատակ» Սերժը մի վարկի հաշիվ է։ Հետևաբար խոսել այն մասին, թե Ս. Սարգսյանը հերոսաբար դիմադրում է Եվրասիական միության մեջ չմտնելու և Հայաստանի անկախությունը պահպանելու համար, պարզապես ծիծաղելի է։

Նմանատիպ երևույթներ տեսնելով՝ ևս մեկ անգամ համոզվում ես, որ «հայրենասիրությունը» որոշակի տեսակի մարդկանց վերջին հանգրվանն է։

Հ.Գ.–2: Իրեն արևմտամետ գործիչ է համարում նաև տխրահռչակ Արամ Զավենի Սարգսյանը, ում վրա դրված է Սերժի համար գեղամյանություն անելու ֆունկցիան։ Թե ինչ կապ ունի այս ամենի հետ Արևմուտքը, միայն հիվանդագին երևակայության տեր մարդիկ կարող են ասել։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարն ընդամենը շարքային հաճախորդ է, պարզապես նախկին հաճախորդներից տարբերվում է նրանով, որ ժամանակից շուտ է «պայթել», ինչպես նաև չունի, ասենք, Գեղամյանի կատարողական վարպետությունը և Արթուր Բաղդասարյանի այն ժամանակվա ընտրազանգվածը։ Սա էլ ձեզ «արևմտամետ» գործիչներից մեկի քաղաքական էպիկրիզը։

Այս խորագրի վերջին նյութերը