Մեկնաբանություն

31.08.2012 17:55


Սերժի «նախաձեռնողականությունը» և Ռամիլի ազատությունը

Սերժի «նախաձեռնողականությունը» և Ռամիլի ազատությունը

Մինչ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները զբաղված են «նախաձեռնողական» որակված արտաքին քաղաքականության գովերգմամբ և արամզավենիչներով ու դավիթշահնազարյաններով ներքաղաքական թատրոնների բեմադրմամբ, ադրբեջանական դիվանագիտությունը հերթական ապտակը հասցրեց մեզ։

ՀՀ իշխանությունների «նախաձեռնողականությունը» և սրան–նրան քծնելու քաղաքականությունը տվեց իր արդյունքները։

Ինչպես հայտնի է, հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից ուղարկել են Ադրբեջան, իսկ այնտեղ էլ Ալիևը ներում է շնորհել այդ քստմնելի արարքը գործած ադրբեջանցուն։

Հիմա հետաքրքիր կլիներ իմանալ, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ իրեն նախաձեռնողական և արևմտամետ ներկայացնող Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Արևմուտքի բաղկացուցիչ հանդիսացող Հունգարիան Սաֆարովին ուղարկում է Ադրբեջան։ Պատասխանեք խնդրեմ, հարգելի՛ «արևմտամետներ»։

Ինչպե՞ս պատահեց, որ ՆԱՏՕ–ի հետ իր ջերմ հարաբերություններով հպարտացող այս իշխանության օրոք ՆԱՏՕ–ի անդամ Հունգարիան Ադրբեջանին է հանձնում հանցագործին՝ շատ լավ իմանալով, որ նրան այնտեղ ազատություն է սպասվում։

Ինչո՞վ է զբաղված եղել ՀՀ դիվանագիտական կորպուսը։

Սա՞ էր «նախաձեռնողականության» և «արևմտամետության» գինը։

Սրանք հարցերի այն ոչ ամբողջական ցանկն է, որին պետք է պատասխան տա Սերժ Սարգսյանը։ Իսկ ավելի ճիշտ կլինի, որ հայ ժողովուրդը տա այս հարցերի պատասխանը, որից հետո ակնհայտ կդառնա, որ պետք է պետական կառավարման համակարգից դուրս շպրտել այս պատուհաս դարձած իշխանությանը, իշխանություն, որի արտաքին քաղաքականությունը բացառապես դրսից վարկ մուրալուն է հանգել, իսկ ներքին քաղաքականությունը՝ «մուտիլովկաներ» արտադրելուն ու ենթական լրատվամիջոցներով տարածելուն։ Այս ամենի ֆոնին պարզապես ծիծաղելի է այն լուրն, ըստ որի՝ Բաղրամյան 26–ում արտակարգ խորհրդակցություն են հրավիրել Սաֆարովի թեմայով։ Սա արդեն այն անեկդոտն է հիշեցնում, երբ անտեղյակ հայը նստում է տաքսի ու բարկացած հրամայում վարորդին քշել Թուրքիա։ Ինչևէ։

Ի դեպ, հունգարացիներից նեղանալ պետք չէ։ Իրենք իրենց հաշիվներն ու քաղաքականությունն ունեն։ Եթե ամբողջ աշխարհը տեսնում է, որ Հայաստանի նախագահը Հայոց ցեղասպանությունը «ֆուտբոլային» դիվանագիտության օգնությամբ դարձնում է առևտրի առարկա, իսկ Ղարաբաղի տարածքներն էլ պատրաստակամություն հայտնում զիջել Ադրբեջանին, ապա ինչի՞ մասին է խոսքը, ինչու՞ պետք է Հունգարիան էլ Հայաստանի շահերը ոտնահարելու մասով նախաձեռնողական չդառնա։ 

Ինչ վերաբերում է «Ինչ անել» հարցին, ապա կարծիքս անփոփոխ է. 2013–ին սրանց պետք է փոխել, քանի դեռ Հայաստանը վերջնականապես չի վերածվել անմարդաբնակ տարածքի։  Կամ, կամ՝ ուրիշ տարբերակ չկա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը