Հարցազրույց

03.09.2012 13:34


Արմեն Աղայան.

Արմեն Աղայան.

Հարցազրույց  «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի գործադիր քարտուղար, քաղաքագետ Արմեն Աղայանի հետ

Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջան ու նախագահ Ալիևի կողմից ներման արժանացավ, ինչը, լինելով իրավունքի բացահայտ ոտնահարում, ուղղակի վրդովվեցուցիչ է, և ոչ միայն հայի համար։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունքը։ Արդյոք ՀՀ «նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը» իր դերը չի՞ խաղացել։

–Նախ ասեմ, որ Հայաստանում պետք եղածից շատ ավելի կարևորություն են տալիս իրավունքին, հատկապես միջազգային իրավունքին: Այն միշտ էլ եղել է թղթի կտոր թույլի ձեռքին, իսկ ուժեղի ձեռքին գործիք, որը միշտ էլ երկակի ստանդարտներով է կիրառվել: Բացի այդ, իրավունքի տառի տեսակետից Հունգարիան մեղք չունի` պայմանագիր ուներ, հանձնել է: Ձևական մեղքը Ադրբեջանինն է, բայց անգամ նա, զուտ իրավական տեսակետից, առանձնապես մեղավոր չէ: Միթե Հայաստանը չէր ազատի, օրինակ, Համբիկ Սասունյանին, եթե ԱՄՆ-ն նրան մեզ հանձներ: Բայց կա քաղաքական մեղք, ավելի ճիշտ թշնամական գործողություն Հայաստանի դեմ, ու եթե Բաքվի դեպքում դա հասկանալի է, ապա Բուդապեշտը, իր արարքի համար` ոչ թե ինչ-որ օրենք խախտելու, այլ գիտակցաբար Հայաստանին վնասելու համար, նույնպես պետք է պատժվի:

Չեմ կարծում, թե մենք երբևէ քծնել ենք Հունգարիային կամ Հունգարիան ինչ-որ եզրակացություններ է արել, տեսնելով ամերիկացիներին կամ ռուսներրին ուղղված մեր քծնանքը կամ ներկա կառավարության «նախաձեռնողականությունը»: Ամեն ինչ ավելի պարզ է` իրենց փող էր անհրաժեշտ, ծախելու բան ունեին, ծախեցին: Նույնիսկ կարելի է նկատել, որ բավականին մեծ գումար էին սակարկել: Հունգարիայի փոխարեն նույն բանը կարող էր անել Ռումինիան, Բուլղարիան, որևէ այլ երկիր:

Հայաստանի մեղքը ուրիշ տեղ է պետք փնտրել: Ի՞նչ գործ ուներ հայ սպան Հունգարիայում, թշնամական բանակի սպայի հետ նույն հանրակացարանում… Նատոյական որևէ ծրագրի շրջանակներում, թուրքերի հետ միասին ինչ-որ դասընթացների կամ առաքելությունների մասնակցող մեր բոլոր սպաները թիրախներ են: Իսկ թիրախները պարբերաբար կարող են խոցվել: Եվ այո, նրանց թիրախ է դարձրել Հայաստանը, մեր կառավարությունը և դա արել է, որովհետև չի համարձակվել առարկել կամ ցանկացել է քծնել Վաշինգտոնին, փոխանակ ասելու, որ մենք իրենց համար վարձկաններ չունենք: Սա է գլխավոր մեղքը:

Եվ սա դեռ ողջ սպառնալիքը չէ: Մի պահ պատկերացրեք, թե, օրինակ, Թալիբանը որոշում է պատժել Աֆղանստանի գրավմանն այսօր մասնակցող բոլոր երկրներին ու առաջիններից մեկը պատժում է Հայաստանին, որովհետև նա նույնպես ստորաբաժանում ունի այնտեղ և ավելի մատչելի երկիր է: Այդ ժանանակ ո՞ւմ ենք մեղադրելու կամ միջազգային իրավունքի ո՞ր կետի վրա ենք հղվելու:

Հայաստանի կառավարությունը պարտավոր է ժամ առաջ դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը, հատկապես մասնակցությունը այն ծրագրերին, որոնց մասնակցում են նաև Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաև հետ կանչի իր ստորաբաժանումները տարատեսակ «խաղաղարար առաքելություններից:» Բացի այդ, կարծում եմ, պետք է դադարեցվի կամ գոնե սահմանափակվի մասնակցությունը Եվրամիության «հարևանության» ծրագրերին, որտեղ նույնպես մեզ փորձում են Ադրբեջանի հետ նույն կաթսայում եփել:

Նման դեպքերում միշտ էլ փնտրում են մեղավորներին և սա այն դեպքերից է, որ մեղավորներն իրեք կան ու պետք է համարժեք պատասխան ստանան։ Ըստ Ձեզ, այս լուրջ բացթողման մեջ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀ նախագահ, արդյոք չունի՞ իր մեղքի մեծ բաժինը։

–Բոլոր նախագահներն էլ, որ սկսել ու զարգացրել են ՆԱՏՕ-ի հետ նման գործակցությունը, որոնք մեր բանակային ստորաբաժանումներն են ուղարկում մասնակցելու կասկածելի «խաղաղարար» առաքելությունների, որոնք հատուկ այդ նպատակով վարձկանների բրիգադ են ստեղծել Երևանում, բոլորն էլ մեղավոր են:

Գործող իշխանությունը ու հատկապես դիվանագիտությունը իր հավելյալ մեղքի բաժինն ունեն այն չափով, որ հաստատապես իմանալով նախապատրաստվող գործարքի մասին, փոխանակ խստագույնս նախազգուշացնելու և սպառնալու ոչ միայն Հունգարիային, այլև ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, փաստորեն ոչինչ չեն արել` հարց են տվել, սուտ պատասխան են ստացել, չեն հավատացել, բայց միակ քայլը, որ կատարել են` կազմակերպել են մի քանի տասնյակ հայաստանյան ՀԿ-ների նամակը Գոլոս Արմենիի թերթում: Բայց մենք արդեն սովոր ենք, որ պաշտոնական Երևանը նախաձեռնողականություն է դրսևորում միայն ազգային իրավունքները վաճառելիս, իսկ ծագող սպառնալիքները կանխելիս, սովորաբար ծուլանում է:

Սաֆարովի հետ կապված իրադարձությունները մեր հասարակությունում լուրջ վրդովմունք առաջացրեցին։ Նույնիսկ առաջարկվեց, որպեսզի Երևանում Բուդապեշտի անվան փողոցը վերանվանցի Գուրգեն Մարգարյանի անունով։ Մեծ հիասթափության ու ցասումի արտահայտման այլ օրինակներ ևս կան։ Այնուամենայնիվ, որքանո՞վ է ճիշտ Հունգարիայի քաղաքական էլիտայի այդ տխրահռչակ որոշման արգասիքների ողջ պատասխանատվությունը տարածել նաև հունգարական ժողովրդի վրա, մանավանդ որ այդ հասարակության շատ ներկայացուցիչներ արդեն ներողության հայտարարություններով են հանդես եկել։

–Ժողովուրդները միշտ պատասխանատու են իրենց կառավարությունների համար: Մենք էլ ենք պատասխանատու մեր կառավարության քայլերի համար: Մյուս ժողովուրդները պարտավոր չեն հեռավորության վրա չափելու այս կամ այն երկրի կառավարության և ժողովրդի միջև առկա անդունդի խորությունը: Հունգարիան թշնամական գործողություն է կատարել ու ստանում է պատասխան: Ուրախ եմ ու չէի էլ կասկածում, որ ներողություն խնդրողներ կլինեն: Բայց ոչ կոկորդիլոսի արդյունքներին, ոչ էլ վառված դրոշից վիրավորվածների հոխորտոցին հո չենք խաբվելու: Մեղավոր են, թող հրաժարվեն Բաքվի հետ կնքված ֆինանսական գործարքից, թող ժողովուրդը դա պարտադրի իր կառավարությանը, թող ազգովի գնան այդ զոհողությանը: Դա կլիներ գործնական զղջման օրինակ:

Մյուս կողմից, համաձայն եմ, որ Հունգարիայի վրա շատ կենտրոնանալու անհրաժեշտություն չկա: Բուն խնդիրը ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությունն է, դրա ճիշտ և անթույլատրելի ձևերը որոշելը:

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը

Այս խորագրի վերջին նյութերը