Մեկնաբանություն

08.09.2012 01:32


Պետական ու սեփական «բուրդը» խառնելիս

Պետական ու սեփական «բուրդը» խառնելիս

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Ռուբիկ Քոչարյանն ու Արտաշես Բեյբությանն ազատվեցին իրենց պաշտոններից։ Առաջինը տեղափոխվեց խոշոր հարկատուների տեսչության պետ, իսկ ահա երկրորդը հեռացվեց համակարգից։

Թե ինչպես է աշխատելու խոշոր հարկատուների հետ Քոչարյանը, դեռ կհասցնենք տեսնել։ Ինչ վերաբերում է Բեյբությանին, ապա մամուլում բազմիցս է գրվել նրա բիզնես հետաքրքրությունների մասին։ ՊԵԿ նախագահի արդեն նախկին տեղակալը փայեր ունի «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, հագուստեղենի վաճառքով զբաղվող «Դեբենհեմս» խանութներում, «Ռիվեր Իսլանդում» և այլն։ Դա էր պատճառը, որ Բեյբությանը, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, հաճախ էր պետական «բուրդը» խառնում սեփական «բրդի» հետ, այսինքն՝ օգտագործում էր իր պաշտոնական դիրքը  սեփական գործերն առաջ տանելու համար։

Բեյբությանը մեր պաշտոնյաներին հատուկ մեկ այլ թուլությամբ էլ է տառապում. նա սիրում է իր շրջապատի մարդկանց տեղավորել իշխանության այս կամ այն ճյուղում։ Բանը հասավ այնտեղ, որ ՊԵԿ նախագահի տեղակալը ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ոչ թե իր բուն գործով էր զբաղված, այլ լծվել էր ոչ անհայտ Արտակ Սարգսյանին (ՍԱՍ–ի Արտակին) պատգամավոր դարձնելու գործին։ Փաստորեն, Արտաշեսը ՊԵԿ–ում, իսկ Արտակն ԱԺ–ում զբաղվում են «ՍԱՍ»–ի շահերի սպասարկմամբ, այլ ոչ թե հանրային խնդիրների լուծմամբ։ Բեյբությանի մասով այդ ծրագրերը որոշակիորեն չիրականացան, բայց դե...

Իհարկե, լավ է, որ իր աշխատանքում թերացող ու մեղքն ուրիշների վրա մշտապես գցող Ա. Բեյբությանը հեռացվել է համակարգից, բայց ասել, որ այդպիսով հարկային ոլորտում և ընդհանրապես պետական կառավարման համակարգում բարեփոխումներ են իրականացվում, սխալ կլինի։ Բեյբությանին հավանաբար հեռացրել են ոչ միայն ու ոչ այնքան վատ աշխատելու, որքան  ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ որոշակի խնդիրներ ունենալու համար։ Իսկ դա նշանակում է, որ գործ ունենք ղեկավար–ենթակա հարաբերություններում համակրանք–հակակրանքի «դարավոր» խնդրի, այլ ոչ թե պետական շահերի սպասարկման հետ։

Եթե վարչապետ Տիգրան Սարգսյանն ու իր շեֆն են մխրճված բիզնեսի մեջ, ապա ուրիշ էլ ինչ ակնկալես ավելի ցածր մակարդակում գտնվող չինովնիկներից։ Այնպես որ, «ՍԱՍ»–ի Բեյբությանին հանելով վիճակը չի շտկվի։ Ձուկը գլխից է հոտած, և միայն արմատական փոփոխություններով է հնարավոր դրական արդյունք ակնկալել։ Քանի դեռ մեզանում կառուցվում է «Մեկ օլիգարխի տնտեսություն», ոչինչ էլ չի փոխվի՝ որքան էլ բեյբությաններին արդարացիորեն հեռացնեն աշխատանքից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը