Մեկնաբանություն

09.09.2012 01:48


«Նեմեցը»՝ Սերժի միակ հենարան

«Նեմեցը»՝ Սերժի միակ հենարան

ՀՖՖ նախագահ և Սերժ Սարգսյանի գաղափարակից ընկեր Ռուբեն Հայրապետյանը ծավալուն հարցազրույց էր տվել Ֆրանսիայում լույս տեսնող «Նուվել դ՛Արմենի» ամսագրին։

Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ Հայրապետյանն ու իր նմանները հրապարակային գործողությունների դիմում են միայն  շեֆի դրդմամբ կամ առնվազն գիտությամբ՝ կարող ենք ասել, որ Հայրապետյանի շուրթերով խոսել էր Սերժ Սարգսյանը։ Ճիշտ է, պատգամավորական մանդատից հրաժարվել–չհրաժարվելու հարցում րաֆֆիհովհաննիսյանություն անող Հայրապետյանը որոշ իմպրովիզացիաների էր դիմել, բայց ընդհանուր առմամբ մնացել էր Սերժի «գեներալնի լինյայի» մեջ։ Հետևաբար՝ քաղաքական մարդիկ և հասարակական ակտիվիստները եթե ուզում են արձագանքել, ապա արձագանքի հասցեատերըբ պետք է լինի Սերժ Սարգսյանը։ Ռուբեն Հայրապետյանը տվյալ դեպքում որպես խայծ կամ «թնդանոթի միս» է նետվել դաշտ, ուստի չարժե նրա անձի վրա շատ կենտրոնանալ։

Ակնհայտ է, որ «Նեմեցին» կրկին ուզում են օգտագործել, քանի որ ինչպես ՀՖՖ նախագահն էր անկեղծացել՝ ինքը Սերժի կողքի միակ մարդն է։

Փաստորեն, Բաղրամյան 26–ում նախագահական ընտրություններին ընդառաջ մի պահ որոշեցին «Սերժ Սարգսյանն արձագանքում է քաղաքացիական հասարակության պահանջին ու պատժում է Նեմեցին» թատրոնը խաղալ, բայց շատ չանցած վերադարձան իրենց բնական վիճակին, և դա բացատրելի է։

Պարզից էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանն այլ հենարան չունի հանրության մեջ, քան ռուբենհայրապետյանները, և բնական է, որ նախագահի թիմում որոշել են ձևականությունների հետևից չընկնել և ապավինել տեսակով իրենց նմաններին։

Նկատենք, որ Հայրապետյանի հարցազրույցը «Ուզում էինք լավ, բայց ստացվեց ինչպես միշտ» շարքից էր։ Բանն այն է, որ ՀՖՖ նախագահը բացահայտեց Սերժի ներքին տագնապներն ու մտածողությունը։ Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանն իր ոխերիմ թշնամին է համարում Ռոբերտ Քոչարյանին, վախենում է ԲՀԿ–ՀԱԿ համագործակցությունից, աչք ունի «Գրանտ Տոբակոյի» վրա և ուշքն ու միտքը ռուբենհայրապետյանների միջոցով կրկին նախագահի աթոռին մնալն է։ 

Եվ այսպես, իրեն հոգեհարազատ ոճով թաքնվելով ուրիշների հետևում՝ Սերժը Ռուբենի միջոցով իր սրտի ուզածն էր փոխանցել հանրությանը։ Մնում է միայն, որ հանրությունն էլ ի՛ր սրտի ուզածը փոխանցի Սերժ Սարգսյանին։ 2013–ին հարմար առիթ կա «Նեմեցին», իր շեֆին ու շեֆին կից գործող խմբակին փաթեթային տարբերակով չվաստական հանգստի ուղարկելու համար։

Կորյուն Մանուկյան 

Այս խորագրի վերջին նյութերը