Մեկնաբանություն

20.09.2012 16:59


Ի՞նչ խնդիր է ուզում լուծել Սերժ Սարգսյանը

Ի՞նչ խնդիր է ուզում լուծել Սերժ Սարգսյանը

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հանրությանը փորձեց ներկայանալ կոռուպցիայի դեմ պայքարող և Տիգրան Սարգսյանի գործունեությունից դժգոհ (գոնե «ատկատների» ու քեռիների շահած պետական տենդերների մասով) նախագահի իմիջով։ Այդպիսով նա ցանկանում էր «մեսիջներ» ուղարկել տարբեր ուղղություններով։

Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ հենց այս պահին ու այս ձևով նախագահը փաստացի սկսեց իր քարոզարշավը։

Նախ արձանագրենք, որ նման քայլերը ցույց են տալիս, որ Սարգսյանը, չնայած թվացյալ ամրությանը, իրեն ապահով չի զգում և լրջորեն մտահոգված է իր վերընտրման հարցով։ Ինքնաքննադատությունը տվյալ դեպքում ոչ թե ուժեղության, այլ թուլության նշան է։

Սերժ Սարգսյանն իր նախագահության 4 տարիների ընթացքում տապալեց արտքին ու ներքին քաղաքականությունը։ «Ֆուտբոլային» դիվանագիտության բացասական արդյունքները բոլորիս աչքի առաջ են, իսկ Սաֆարովի հետ կապված պատմությունը «նախաձեռնողականության» ֆիասկոյի, այսպես ասած, իլյուստրացիան էր։

Ներքին կյանքում նույնպես ձախողումներն ակնհայտ են։ Անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում տնտեսության անմխիթար վիճակի ու արտագաղթի մասին։

Եթե պետական կառավարման առումով Սարգսյանի մոտ սալդոն բացասական է, ապա զուտ աթոռը պահպանելու տեսանկյունից նա փայլուն է գործել։ Բաղրամյան 26–ին հաջողվել է «երկխոսացնել» քաղաքական դաշտի մեծ մասին (դավիթշահնազարյաններից ու արամսարգսյաններից մինչև «Ժառանգութունը», ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն, ԲՀԿ–ն ներկայացնող որոշ դեմքեր), ինչպես նաև սեփական վերահսկողության տակ առնել լրատվական դաշտի  գրեթե բոլոր ներկայացուցիչներին՝ խմբագիրներով, լրագրողներով ու վերլուծաբաններով հանդերձ։ Նախագահական նստավայրը մտել է նաև քաղաքացիական դաշտ ու հաջողացրել պղտորել այդ հատվածը նույնպես։

Գեբելսյան քարոզչամեքենայի և քաղաքական հաճախորդների միջոցով նախագահի շրջապատը ձգտում է գլխիվայր պատկեր ներկայացնել ու թմբիրի մեջ գցել հանրությանը, որպեսզի վերջինս որևէ կերպ չխոչընդոտի «Վերարտադրություն» օպերացիային։

Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն, այնպիսին է, որ հնարավոր չէ հավերժ մոլորության մեջ պահել մարդկանց ու հաջողացնել վերընտրությունը։ Բանն այն է, որ իշխանությունը կարող է առնել քաղաքական գործիչ կոչվածների մեծամասնությանը, կարող է սեփական տանիքի տակ վերցնել «անկախ» լրատվամիջոցներին, բայց այդպիսով չի կարող կանխել արտագաղթը, չի կարող զարգացնել տնտեսությունը և ամենակարևորը՝ չի կարող զսպել Ադրբեջանի ռազմատենչ հավակնությունները։ Ճիշտ հակառակը՝ թուլացող Հայաստանն էլ ավելի գրգռում Ալիևի ախորժակը, և նա արդեն այնպիսի լկտիության է դիմում, ինչպիսին մենք տեսանք Սաֆարովի հետ կապված պատմության ժամանակ։

Որքան էլ Բաղրամյան 26–ից փորձեն քնեցնել ժողովրդին, մենք այդուհանդերձ փակ պետություն չենք, և արտաքին դաշտից եկող մտահոգիչ ազդակները և «գմփոցները» չեն թողնում, որ իշխանությունը վայելի մեռելային այս կայունությունը։

Հիմա բոլորին, այդ թվում Սերժ Սարգսյանին, տեսանելի է, որ այսպես շարունակվելու դեպքում ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի է։ Այդ հանգամանքն է, որ հունից հանել է ՀՀ նախագահին։ Դա է պատճառը, որ նա խորհրդակցություններ ու այլ շոուներ է նախաձեռնում։

Սարգսյանը միաժամանակ փորձում է լեզու գտնել քաղաքական դաշտի ինքնուրույն խաղացողների և մասնավորապես ԲՀԿ–ի հետ՝ առաջարկելով Տիգրան Սարգսյանին  «փուռը» տալու գնով համագործակցել, սակայն բանը բանից անցել է, և Ծառուկյանի կողմից արձագանքի բացակայությունը ցույց է տալիս, որ վերջինս շատ լավ հասկանում է, թե ինչն ինչոց է և ինչ է պետք իրականում անել։

Դատելով ամենից՝ Ս. Սարգսյանը դատապարտված է մենակ մնալու, քանզի չի ընդունում ներկա կուրսի սխալ լինելը, շարունակում է ապրել «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու գաղափարներով և ընդամենն ուզում է քաղաքական խաղերի միջոցով պահել աթոռը։ Իսկ այդպես չի լինում։ Հնարավոր չէ թուրքմենբաշիություն անել ու միևնույն ժամանակ պատասխանատվությունը դնել ուրիշների վրա։ Ժամկետանց Տիգրանը որևէ մեկին պետք չէ։ Որևէ մեկին պետք չէ նաև մտնել սարգսյանական իշխանության սխալների բեռի տակ։ Թող ինչպես «բորշչը» եփել է, անպես էլ տակից դուրս գա։

Սարգսյանը լավ չի պատկերացնում, որ եթե ինքն ամեն գնով մնա նախագահի աթոռին, լրիվ անապատի վերածի հայաստանյան քաղաքական դաշտը և իմունային համակարգից զրկի մեր հանրությանն ու պետությանը, ապա առաջացած վակուումը կլցվի դրսից՝ պատերազմի տեսքով։ Իսկ եթե պատկերացնում է, բայց ուզում է իրագործել միահեծան իշխանություն ունենալու ծրագիրը, ապա նրան շատ դժվար ժամանակներ են սպասում։

Թե ինչ է ուզում անել Սարգսյանն այս իրավիճակում, դա իր գործն է։ Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր սուբյեկտների գործն էլ պետք է լինի այս իշխանության փոփոխությունը և երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը