Հարցազրույց

24.09.2012 19:04


Աշոտ Սարգսյան.

Աշոտ Սարգսյան.

Հարցազրույց ՀԱԿ ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատաում նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունները։

Որպես քաղաքական միջոցառում այն դրական իմաստով ոչ մի տարբերություն չդրսևորեց մինչ այժմ եղած ընտրությունների համեմատ։ Այսինքն՝ իշխանությունն, ի դեմս ՀՀԿ-ի, չհրաժարվեց ընտրախախտումների ու ընտրակեղծարարության իր զինանոցի որևէ միջոցից։ Ասենք, որ այդ զինանոցը էապես աղքատացել է 4-5 տարի առաջվա համեմատ, օրինակ՝ տեղամասերում մրցակից կողմի ծեծուջարդը, բացահայտ լցոնումները։ Դրա փոխարեն զարգացել ու կատարելագործվել են ավելի նուրբ միջոցները, օրինակ՝ ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի առավել լայնատարած օգտագործումը։ Բայց ՏԻՄ այս ընտրություններում նկատվեց երկու կարևոր հուսադրող հանգամանք.

Առաջին. որոշ դեպքերում, երբ իշխանությունը մանրամասն հաշվարկից հետո պարզել էր, որ անիմաստ է այսինչ տեղում պայքարը, կամավոր զիջել էր։ Սա, ըստ էության նորություն է, մի նորություն, որ ցուցադրում է, որ ՀՀԿ-ն ստիպված քայլեր է անում, ինչը  բխում է սեփական թուլության գիտակցումից։

Երկրորդ. ոչ համատարած, սակայն եղել են համայնքներ, որտեղ ՀՀԿ-ի թեկնածուն պարտվել է ոչ այնքան մրցակից թեկնածուի ուժեղ լինելու հանգամանքով, որքան իշխանության հաստատած ընտրական «կարգուկանոնի» դեմ ընտրողների «ապստամբելու» շնորհիվ։ Այսինքն՝ տեղապտույտ են տվել նաև ընտրակեղծարարության այնպիսի մշակված մեխանիզմներ, ինչպիսին է ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը։

Շատ է խոսվել ՀՀ նախագահի՝ Կառավարությունում հրավիրած վերջին խորհրդակցության մասին։ Հնչել են տարբեր գնահատականներ, որոնց մեծ մասը թերահավատորեն է մոտենում այդ խորհրդակցության ընթացքում հնչած նախատիքներին ու հավաստիացումներին, թե այսուհետ ամեն ինչ կկարգավորվի։ Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է։

Որքան ես եմ ծանոթ տրված գնահատականներին՝ դրանց մեծ մասը ոչ թե թերահավատություն էին արձանագրում, այլ ծաղրական էին։ Իմ կարծիքով թերահավատություն այստեղ շատ մեղմ բառ է, քանզի այն իր մեջ հավատալու ինչ-որ, թեկուզ չնչին տոկոս է ենթադրում։ Սկսած այն մարդկանցից, ովքեր ներկա էին այդ խորհրդակցությանը, վերջացրած ամենաքիչ տեղեկացված ՀՀ քաղաքացին, լավագույն դեպքում դա պիտի համարեին թատերական մի ներկայացում։

Կառավարական խորհրդակցությանը ներկաների մեջ պատկերացնո՞ւմ եք որևէ մեկին, որի հիմնական աշխատանքն, ըստ էության, հենց բյուջեի և այլ աղբյուրների միջոցներից համապատասխան «ատկատների» ապահովումը չէ։ Եվ ամեն մեկը գիտի չէ՞, թե ուր և ում է ուղարկում իր ապահոված «ատկատների» առյուծի բաժինը։ Այդ խորհրդակցությունը իրականում կառավարության անդամների համար չէր։ Դա Հայաստանի ժողովրդի համար էր՝ որպես այդ ժողովրդի նկատմամբ ծաղրի, անպերկեշտ վերաբերմունքի ու ցինիզմի դրսևորման մի ակցիա։ 2008 թվականին Ս. Սագսյանը ժողովրդին սուտ խոստումներ էր տալիս, 2012-ին սուտ ու կեղծ թվեր էր հրապարակում՝ իբր այդ խոստումները կատարվել են։ Սուտ խոսելու ռեսուրսը հավանաբար սպառվել է։ Հիմա նա այդ ժողովրդին ուղղակի ասում է՝ հետո ինչ, որ իմ մասին ամեն ինչ գիտեք, այ այսպես ձեզ ներկայանալու եմ հրեշտակի կերպարով, ուզում եք՝ ընդունեք, չեք ուզում՝ թողեք գնացեք էս երկրից։

Եթե հաշվի առնենք անկացված խորհրդարանական ու ՏԻՄ ընտրություններին, դրանց վիճելի արդյունքներին, ըստ Ձեզ, ի՞նչ  են դրանք պարտադրում Սերժ Սարգսյանի ընդդիմադիրներին` առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում։

–Ձեր ակնարկած ուղերձը հայ ժողովրդին վաղուց են հղել նաև նախորդ ընտրությունները։ Ինչ խոսք՝ գնալով այդ ուղերձը դառնում է ավելի ու ավելի առարկայական։ Այդ ուղերձը ժողովրդի համախմբումն է՝ եթե ոչ նույնիսկ ինչ-որ քաղաքական ուժի, եթե ոչ նույնիսկ ինչ- որ գաղափարի շուրջ, այլ, ասենք՝ ընտրակաշառքը մերժելու և սեփական համոզմունքով քվեարկելու սկզբունքի շուրջ։ Առաջիկա նախագահական ընտրություններում ավելի քան հնարավոր է ՀՀԿ-ի և Ս Սարգսյանի մենատիրական հանցավոր իշխանության տապալումը։ Դրա համար ընդամենն անհրաժեշտ է ուժերի խելամիտ դասավորություն, և որ Հայաստանի բնակչությունը գեթ մեկ անգամ, համատարած, ցուցադրի քաղաքացու ու երկրի տիրոջ իր բնավորությունը։

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը

Այս խորագրի վերջին նյութերը