Մեկնաբանություն

25.09.2012 09:08


Ադիբեկյանը շանտաժի է ենթարկում Սարգսյանին

Ադիբեկյանը շանտաժի է ենթարկում Սարգսյանին

Այն, որ Ահարոն Ադիբեկյանը մշտապես աչքի է ընկել օրվա իշխանությանը ծառայելու և իշխանահաճո «սոցիոլոգիական հարցումներ» անցկացնելու հատկությամբ, գիտեն բոլորը։

Բոլորը գիտեն նաև, որ Ահարոն Ադիբեկյանի հնչեցրած տոկոսների և ռեյտինգների միջոցով օրվա իշխանությունը հանրությանը նախապատրատել է սպասվող կեղծիքներին։ Ասել է թե՝ Ադիբեկյանը ոչ թե սոցիոլոգիայով է զբաղվում, այլ իշխանության (այդ թվում՝ Սերժ Սարգսյանի իշխանության) ձեռքին ծառայում է որպես PR–գործիք։

2013թ. նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն, և սպասվում էր, որ Ահարոն Ադիբեկյանը կրկին հանդես կգա իշխանահաճո գնահատականներով ու կանխատեսումներով։ Տխրահռչակ «սոցիոլոգը», ի դեպ, վաղուց չէր երևում հորիզոնում, ինչը շատ զարմանալի էր, քանզի ՀՀԿ ղեկավարի քարոզչաթիմն աշխատում է առավոտից–երեկո, և Ադիբեկյանը պետք է որ արդեն սկսած լիներ ստերի տարածման իր գործը։

Ուշագրավ է, որ երեկ Ադիբեկյանը, իրոք, խոսեց նախագահական ընտրություններից, բայց այնպիսի բաներ ասաց Գագիկ Ծառուկյանի հետ կապված, որ Սերժ Սարգսյանի շրջապատում, պատկերավոր ասած, ոմանց մազերը բիզ–բիզ կանգնեցին (տե՛ս http://7or.am/am/news/view/40475/

Հիմա հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ Ադիբեկյանը համեմատաբար երկար լռությունից հետո ասուլիս հրավիրեց և այնպիսի պատկեր ներկայացրեց գալիք նախագահական ընտրությունների մասով, որ Բաղրամյան 26–ից ստիպված եղան ջղաձգորեն արձագանքել դրան և իրենց վերահսկողության տակ գործող մամուլի միջոցներով ու «անկախ» վերլուծաբաններով որպես սեփական «սև» սրտի մխիթարանք տարածել, թե իբր Ծառուկյանի հնարավոր առաջադրումը նախագահական մրցապայքարում ձեռնտու է Սերժ Սարգսյանին։

Ներկայացնենք այս հարցի պատասխանի մեր վարկածը։ Իսկ վարկածն այդ հետևյալն է. Ծառուկյանի բարձր վարկանիշի մասին բարձրաձայնելով՝ Ահարոն Ադիբեկյանը շանտաժի է ենթարկում Սերժ Սարգսյանին՝ հասկացնելով, որ եթե Բաղրամյան 26–ում իրեն մոռացության մատնեն ու փող չտան, ապա ինքը հանրությանը կներկայացնի այնպիսի պատկեր, որը գոնե  ԲՀԿ առաջնորդի մասով մոտ է իրականությանը, այսինքն՝ նորմալ տոկոսներ ու թվեր կբարձրաձայնի, այսինքն՝ կանի այն, ինչ չի արել Հայաստանի անկախ պատմության ընթացքում։

Այլ կերպ ասած՝ Ադիբեկյանն ընտրություններից առաջ իր ավանդական փայն է ուզում իշխանությունից։ Որպես «քոքված» փող պոկող՝ նա շատ լավ հաշվել է, թե որ կետին է պետք խփել՝ Սերժ Սարգսյանին առատաձեռնության մղելու համար։ Այսինքն՝ տվյալ դեպքում գործ ունենք կոմերցիոն բնույթի հրապարակային գործընթացի հետ, որը կարող է ավարտվել ոչ հրապարակային գործարքով, կարող է՝ չավարտվել։ Այդքան բան։ Մնացածը «լիրիկայի» ոլորտից է։

Մեր ընթերցողներին զուտ սպորտային հետաքրքրության համար առաջարկում ենք հետևել Ահարոն Ադիբեկյանի հետագա պահվածքին։ Եթե նա շարունակի նախագահական ընտրությունների թեմայով ճշմարտությանը մոտ թվեր ներկայացնել Ծառուկյանի հետ կապված, ապա դա կնշանակի, որ իշխանության հետ նա չի կարողացել լեզու գտնել, կամ իր ուզած թիվը չեն տվել։ Իսկ եթե մի որոշ ժամանակ անց Ադիբեկյանը ասուլիս տա ու ասի, թե Սերժ Սարգսյանի վարկանիշը հասնում է երկնքին, իսկ Ծառուկյանն ու մյուսները գրեթե զրոյական վարկանիշ ունեն, ուրեմն իմացած եղեք, որ Սերժը կամ նրա շրջապատը ներկայացնող համապատասխան մարդը չի դիմացել Ադիբեկյանի հետ առերեսմանն ու անցել է հին մեթոդին։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ահարոն Ադիբեկյանի ներկայացրած թվերն այնքան հետաքրքիր չէին, որքան «սոցիոլոգի» ասուլիսին հաջորդած իշխանական ռեակցիան։ Տպավորությունն այնպիսին էր, որ սերժամետ լրատվամիջոցները հիստերիկայի մեջ էին ընկել, ինչին ավելի հետաքրքիր էր հետևելը, քան Ահարոնի թվերին։

Այս խորագրի վերջին նյութերը