Մեկնաբանություն

26.09.2012 15:49


Մոնտե Կառլոյի «ատկատը» (տեսանյութ)

Մոնտե Կառլոյի «ատկատը» (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը բավական ուշագրավ է։ Օրերս նա իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ ու համատեղությամբ նաև ԱԺ–ում նախագահի ներկայացուցիչ է նշանակել ոչ անհայտ Վիկտոր Դալլաքյանին։

Թվում է, թե ինչ վատ բան կա դրա մեջ. Վիկտորը տարիներ շարունակ եղել է ակտիվ պատգամավոր, հեղինակել է բազմաթիվ օրինագծեր և աչքի է ընկել ընդդիմադիր ելույթներով, ու նախագահը որոշել է պետական կառավարման համակարգից դուրս չթողնել «միամիտ» լոռեցուն։ Բայց այստեղ մի մեծ «բայց» կա։

Բանն այն է, որ ակտիվ օրենսդիր ու թունդ ընդդիմադիր Վիկտորը տարիներ առաջ Սերժ Սարգսյանին մեղադրում էր Մոնտե Կառլոյի կազինոներում 50 000 դոլար կոն դնելու և թոշակառուների փողերը քամուն տալու մեջ (մենք էլ գիտեինք, թե Սերժի չսիրած Վազգեն Խաչիկյանն է էդ գործի վրա)։

Համացանցում տարածվեցին այն կադրերը, որտեղ Վ. Դալլաքյանը բազում մեղքերի մեջ էր մեղադրում ՀՀԿ ներկայիս ղեկավարին։ Դրանից հետո տեղի ունեցավ հետևյալը. Դալլաքյանը դարձավ ՀՀԿ–ական, հայտնվեց այդ կուսակցության համամասնական ցուցակում, մեծամասնականով պաշտպանվեց ՀՀԿ–ի կողմից ու իր պատգամավորական տեղը թիվ 30 մեծամասնական ընտրատարածքում նեոդալլաքյանին զիջելուց հետո մի քիչ պարապ մնաց ու այսօր արդեն պաշտոն ստացավ ՀՀ նախագահի աշխատակազմում, այսինքն՝ արժանացավ միջին վիճակագրական հաճախորդի ճակատագրի։

Շատերին է հիմա հետաքրքրում այն հարցը, թե ինչպես են իրար հետ աշխատելու մարդիկ, որոնցից մեկը մյուսին մեղադրում էր ղումարբազ լինելու մեջ։ Ահա այստեղ է, որ մենք  ականատեսն ենք դառնում ՀՀ նախագահի պաշտոնում հայտնված մարդու քաղաքացիական գիտակցությանը, իր հասցեին հնչեցրած հայհոյանքները սրտին մոտ չընդունելուն, արժանապատվության բարձր զգացումին, ներելու կարողությանը, բարդույթներ չունենալուն, մարդկանց հետ «երկխոսելու» պատրաստակամությանը և «զրոներին» տիրապետելու արհեստին։

Դալլաքյանին աշխատանքի ընդունելիս՝ Սերժ Սարգսյանը, թերևս, հաշվի է առել նրա ճշմարտախոսությունը և իրերին ու մարդկանց իրենց անուններով կոչելու սկզբունքայնությունը։ Ամենայն հավանականությամբ՝ Մոնտե Կառլոյի կազինոներում հայ պաշտոնյաների մասին բարձրաձայնող Վիկտոր Դալլաքյանը հույս է ներշնչել ՀՀ նախագահին, որ նախկին պատգամավորը օր ու գիշեր կպայքարի կոռուպցիայի ու հատկապես «ատկատների» դեմ։ Ի վերջո, շատերը կարող են ընդդիմադիր լինել, բայց քչերը կհամարձակվեն Սերժին կազինոյում թոշակառուների փողը տանուլ տվող համարել։ Ըստ ամենայնի՝ Դալլաքյանին պաշտոն են տվել նաև այդ համարձակության համար։

Կարելի է ասել, որ Վիկտոր Դալլաքյանը Մոնտե Կառլոյի կազինոյի «ատկատն» է։ 

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե հայ մարդու կերպարին խաղամոլությունը հարիր չէ: Հետաքրքիր է, թե ի՞նչ է մտածում այս մասին Սերժ Սարգսյանը և արդյոք վարչապետը քննադատության կարժանանա՞ այս խոսքերի համար, թե՞ կխրախուսվի։ Դատելով ամենից՝ կխրախուսվի։

 

Այս խորագրի վերջին նյութերը