Աշխարհ

27.09.2012 20:17


Ադրբեջանի «օդային» հիստերիան

Ադրբեջանի «օդային» հիստերիան

Անկասկած, վերջին երկու տարիներին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների և ԶԼՄ-ների կողմից քննարկվող հիմնական թեմաներից մեկը Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցն է: Այդ ընթացքում պաշտոնական Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ աշխարհով մեկ աղմուկ բարձրացնելու հետ միաժամանակ հասցրել է հայկական կողմին մի շարք սպառնալիքներ ներկայացնել` ընդհուպ մինչև օդանավակայանի կողմից սպասարկվելիք ինքնաթիռների ոչնչացումը: Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ պաշտոնական Բաքուն հավաստիացրել էր, որ չի ոչնչացնի հայկական կողմի ինքնաթիռները, ադրբեջանական կողմի չի ցանկանում հետ կանգնել իր սպառնալիքներից և տեղական ԶԼՄ-ների և հովանավորյալ փորձագետների միջոցով շարունակում է ակնարկներ անել Ղարաբաղի օդային տարածք մուտք գործած ինքնաթիռների հնարավոր ոչնչացման մասին: Ամեն դեպքում, ուսումնասիրելով  հրադադարի ռեժիմի հաստատումից հետո Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ադրբեջանական կողմի վարքագիծն ու պոտենցիալը, առաջ են գալիս մի շարք հարցադրումներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ադրբեջանական կողմի սպառնալիքները Ալիևյան ռեժիմին հատուկ հիստերիայի դրսևորման ձևն է:

Այսպիսով, ինչու Ադրբեջանը չի ոչնչացնում կամ երբևէ չի սպառնացել ոչնչացնել ԼՂՀ ուղևորվող ավտոմոբիլային տրանսպորտը, կամ, օրինակ, Հայաստանն ու ԼՂՀ-ը կապող Երևան-Ստեփանակերտ ավտոմոբիլային ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, և որի ռազմավարական նշանակությունն անգնահատելի է: Բացի այդ, հենց այդ ճանապարհով ամեն տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ աշխարհի բոլոր ծայրերից այցելում են ԼՂՀ: Վերջապես, ինչ տարբերություն, թե տրանսպորտային որ միջոցով է «խախտվում» այսպես կոչված Ադրբեջանի պետական սահմանը` օդային, թե ցամաքային: Իրոք անհասկանալի է:

Ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները սկսել խոսել Ղարաբաղի օդային տարածքի օգտագործման «անօրինականության» մասին և սպառնալիքներ ներկայացնել հայկական կողմին միայն մամուլում Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման մասին տեղեկությունների տարածումից հետո: Հայտնի է, որ ՀՀ Նախագահը և այլ պաշտոնյաները Ղարաբաղ էին այցելում հենց օդային տրանսպորտ օգտագործելով` սովորաբար ուղղաթիռով: Անհնար է, որ այդ փաստի մասին տեղյակ չլինեին Ադրբեջանի իշխանությունները: Հարց է առաջանում, թե ինչու՞ ադրբեջանական կողմը երբեք չի սպառնացել ոչնչացնել օդատրանսպորտային այդ միջոցները: Եվ վերջապես, ինչու՞ է Ադրբեջանը լռում այդ փաստի առիթով:

Ի դեպ, վերոհիշյալից ստացվում է, որ Ադրբեջանական կողմը Ղարաբաղի օդային տարածքի «անօրինական օգտագործման» մասին սկսեց «ահազանգել» միայն ԼՂՀ հասարակ բնակչությանը համար օդային տրանսպորտի հասանելի դարձնելուն ուղղված համապատասխան աշխատանքների սկսումից հետո: Ակնհայտ է, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հիմնական նպատակներից մեկը ԼՂՀ բնակչության (որին, ի դեպ, ադրբեջանական կողմը բանակցային գործընթացում համարում է իբր սեփական պետության քաղաքացիներ` «Լեռնային Ղարաբաղի հայկական համայնք») ազատ տեղաշարժվելու իրավունքն ավելի գործուն դարձնելն է: Սպառնալով ոչնչացնել դեպի Ստեփանակերտ թռիչքներ կատարող ինքնաթիռները` Ադրբեջանի իշխանությունները փաստորեն բացահայտորեն սպառնում են ոչնչացնել այն մարդկանց, ում սեփական պետության քաղաքացիներ են համարում: Մի կողմից, Ադրբեջանը ԼՂՀ բնակչությանը դասում է սեփական պետության քաղաքացիների շարքին, մյուս կողմից` սպառնում է վերջիններիս ֆիզիկական ոչնչացմամբ: Իրոք որ, Ադրբեջանի կեղծավորությունը սահմաններ չի ճանաչում:

Վերադառնալով Ադրբեջանի ինքնառիթա-օդակայանային դեպրեսիային, պետք է փորձել հասկանալ Ադրբեջանի հերթական հոգեկան խանգարման «ախտորոշումը»: Հավանաբար, Ադրբեջանի հիստերիայի հիմնական պատճառը հենց վերջինիս անզորությունն է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ցանկացած գործընթացի վերաբերյալ: Մի կողմից, Ադրբեջանը չի կարող ճնշում գործադրել հայկական կողմի վրա և ստիպել հրաժարվել կամ օդակայանի վերբացման պայմանները գոնե ինչ-որ աստիճանով համաձայնեցնել իր հետ, մյուս կողմից չի կարող ոչնչացնել հայկական ինքնաթիռները, քանի որ քաջատեղյակ է, որ այն կհանգեցնի պատերազմի վերսկսմանը, ինչը կարող է Ադրբեջանի համար կործանարար ազդեցություն ունենալ: Նման պայմաններում մնում է կամ կուլ տալ Ղարաբաղում միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ժամանակակից օդանավակայանի բացումը, ինչն հերթին կնշանակի ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնականոն զարգազման և առաջընթացի ճանապարհին լինելու, ինչպես նաև տնտեսության զարգացման նոր հնարավորությունների ձեռբերելու փաստը, կամ էլ իրեն հատուկ ձևերով հիստերիա բարձրացնել: Բնականաբար, ավանդույթի համաձայն, Բաքվում ընտրել են երկրորդը:

 Տիգրան Աբրահամյանց

Այս խորագրի վերջին նյութերը