Մեկնաբանություն

28.09.2012 12:39


Ուս–ուսի տված

Ուս–ուսի տված

Տխրահռչակ Վիկտոր Դալլաքյանը տարիներ առաջ պնդում էր, որ Սերժ Սարգսյանը Մոնտե Կառլոյի կազինոյում 50 հազ. դոլարի կոն է դնում և վատնում պետական փողերը։ Երբեմնի «թունդ ընդդիմադիր» պատգամավորը կոչ էր անում չուրախանալ 20 դրամով բարձրացրած թոշակներով, քանզի թոշակներն ավելի բարձր կլինեին, եթե հազարավոր դոլարներ չմսխվեին։

Այսօր Դալլաքյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն է և համատեղությամբ նախագահի ներկայացուցիչը ԱԺ–ում։

Սերժ Սարգսյանի մեկ այլ թիմակիցը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրերս հայտարարել է, թե հայ մարդու կերպարին խաղամոլությունը հարիր չէ: Հիմա դժվար է կռահելը, թե ինչ էր ուզում դրանով ասել Տիգրանը, բայց նրա տված գնահատականը երկու եզրահանգման է բերում՝ կա՛մ Սերժ Սարգսյանը հայ մարդ չէ, կա՛մ հայ մարդուն անհարիր գործով է զբաղվում, եթե, իհարկե, հիմք ենք ընդունում Վիկտոր Դալլաքյանի պատմածը Սերժի խաղամոլության մասին։ Իսկ հիմք չընդունել Վիկտորի ասածները չենք կարող, քանզի Սերժը նրան զրպարտանքի մեջ չի մեղադրել։ Ավելին՝ Վիկտորը Սերժի պատկերացրած օրինակելի պաշտոնյաներից է դարձել։

Այս ամենն իրար կողք դնելով՝ ստանում ենք հետևյալ պատկերը. Տիգրանը խաղամոլներին «վատ հայ» է համարում, Վիկտորը քննադատում է պետության փողերը կազինոներում քամուն տվողներին, բայց նրանք երկուսով Սերժ Սարգսյանի հետ ուս–ուսի տված բարեշրջումներ են իրականացնում։ Ու հիմա մնում է միայն ենթադրել, թե ինչու էր ԱԺ ընտրությունների քարոզչության փուլում ՀՀԿ ղեկավարն անընդհատ կրկնում «Հավատա՛նք, որ փոխենք» կարգախոսը։ Վիկտորն ու Տիգրանն, օրինակ, հավատացել են, բայց դժվար է ասել, թե արդյոք նրանք կարողացե՞լ են փոխել Սերժի՝ 50 հազ. կոն դնելու «խասիաթը»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը