Մեկնաբանություն

01.10.2012 09:21


Սերժ Սարգսյանի հոգեկան տվայտանքները

Սերժ Սարգսյանի հոգեկան տվայտանքները

Ի՞նչ էր անում ստրուկի կարգավիճակ ունեցող խոհարարուհին, երբ խարդավանքների միջոցով հաջողացնում էր գրավել տանտիկնոջ տեղը։  Նա անմիջապես սկսում էր վերացնել իր ստրկությունը տեսած բոլոր վկաներին, քանզի չէր կարող նրանց մոտ տիրուհի խաղալ։

Տանտիկին դարձած նախկին ստրուկը վերացնում էր իր ստրկությունը տեսած բոլոր վկաներին (նախկին ընկերուհիներին), քանզի կոմպլեքսավորվում էր նրանց ներկայությունից, որովհետև նրան միշտ կարող էին հիշեցնել, թե ով է ինքն իրականում։

Հետադարձ հայացք գցելով ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի անցած ուղու վրա և վերլուծելով նրա ներկա պահվածքը՝ կարող ենք ասել, որ նա շատ նման է վերը նկարագրված խոհարարուհուն (ի դեպ, Լենինն ասում էր, թե ամեն մի խոհարարուհի կարող է երկիր կառավարել)։

Սերժն իր կյանքի մեծ մասը բարձր պաշտոններ է զբաղեցրել, բայց, մեծ հաշվով, եղել է ենթակայի կարգավիճակում և հոգեվիճակում։ Սովետական տարիներին նա հայատյաց Կևորկովի օգնականն էր։ ՍՍՀՄ փլուզումից հետո, երբ սկսվեց պատերազմը Ղարաբաղում, Սերժը դարձավ Երևանի ներկայացուցիչներից մեկը Ստեփանակերտում։ Պատահական չէ, որ Ղարաբաղում նրան «ՀՀՇ–ի Սերժ» էին ասում։

Սերժ Սարգսյանը եղել է Լևոն Տեր–Պետրոսյանի, հետո Վազգեն Սարգսյանի, հետո Ռոբերտ Քոչարյանի «մարդը»։ Ում որ ծառայել է, ծառայել է շատ լավ, բայց դատելով ամենից՝ հոգու խորքում կոմպլեքսավորվել է ու երդվել վրեժ լուծել բոլորից, երբ որ կկարողանա հասնել բաղձալի աթոռին։ Դա պայմանականորեն կարելի է կոչել  հայտնի գրող Հոֆմանի նկարագրած «ցախիսցինոբերյան կոմպլեքս»։

Ու հիմա, երբ Սերժը նախագահ է դարձել, ստրուկից տանտիկնոջ դերում հայտնված խոհարարուհու պես, պայքարում է իր նախկին կարգավիճակի վկաների դեմ, որպեսզի ինքնահաստատվի, իսկ դա սարսափելի բան է, քանի որ ամբողջ ժողովուրդն է նրա «ստրկության» վկան եղել, և հետևաբար՝ Սերժի թիրախը ենթագիտակցորեն դարձել է ժողովուրդը, իր թիմակիցները, մի խոսքով՝ բոլորը։ Չկա ավելի վատ երևույթ, քան հոգով ստրուկի հայտնվելը երկրի ղեկին։  

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի դեմ սարքած գործին, ապա այստեղ կա ոչ միայն խնդրի քաղաքական ու իրավական, այլ նաև բարոյահոգեբանական կողմը։ Սերժը չի կարողանում ներել Օսկանյանին, և ահա թե ինչու։

Սերժ Սարգսյանը կոմպլեքսավորվում է Վարդան Օսկանյանից, չնայած որ վերջինիս ենթական չի եղել, ու թվում է, թե խոհարարուհու սինդրոմը տվյալ դեպքում պետք է որ չաշխատեր։

Այո՛, Սերժը Օսկանյանի ենթական չի եղել, բայց Օսկանյանը տեսել է, թե ինչպես է ՀՀ ներկայիս նախագահը, պատկերավոր ասած, պատրաստ եղել մկան ծակին տասը թուման տալ։ Դա 2008–ի մարտի 1–ին էր, երբ Վարդան Օսկանյանն իր վրա պատասխանատվություն վերցրեց և ընդդիմությանը հրապարակավ առաջարկեց երկխոսություն սկսել իշխանության հետ։

Օսկանյանի ասուլիսը տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ ականատեսների վկայությամբ՝ Սերժ Սարգսյանն իրեն վախից պատեպատ էր տալիս և ընկել էր ցնցումների մեջ։ Այդ նա պետք է որպես նախագահի իբր հաղթած թեկնածու ասուլիս տար և դիմեր ընդդիմությանն ու ժողովրդին, այլ ոչ թե Օսկանյանը, բայց այդ պահին պետական ապարատում քիչ մարդ կար, որ մկան ծակ չէր փնտրում։ Կրկնեմ՝ ծակ փնտրողների մեջ էր նաև Սերժ Սարգսյանը։

Շատերն են տեսել, թե ինչ օրն էր ընկած «նախաձեռնողական» Սերժը։ Ինքն էլ մարտի 1–ին իրեն տեսավ ու տեսավ նաև իրեն տեսնողներին։ Ու հիմա նա Օսկանյանի դեմ գործ է հարուցում՝ ազատվելու համար նաև այն տվայտանքներից, որոնք ունեցել է մարտի 1–ին։ Պատահական չէ, որ Սերժի հաճախորդներն էլ Օսկանյանի դեմ խոսելիս «Մարտի 1»–ի թեմայով են դհոլություն անում։ Դա Սերժի սիրտը հովացնում է, քանզի այդպիսով նա ինքն իրեն սկսում է համոզել, որ վախից ամենևին էլ կուչ չէր եկել, իսկ Օսկանյանը ոչ թե խիզախել է այդ օրը, այլ ցանկացել է վնասել Սերժին ու դրա համար էլ ասուլիս է տվել։

Կարելի է քննադատել Վարդան Օսկանյանի ասուլիս տալը, կարելի է գովել այն, բայց անեկրբա է, որ նա իր վրա պատասխանատվություն վերցրեց այդ ծանր պայմաններում ու չթաքնվեց, այլ բաց ձևով հանդես եկավ։

Պատկերացնո՞ւմ եք, թե ուր ենք հասել. Սերժին սատարող լրատվամիջոցները հակաօսկանյանական քարոզի մեխ են դարձրել նրա մարտիմեկյան ասուլիսը։ Փաստորեն, դեմագոգիան, լկտիությունը և փարիսեցիությունը չափ ու սահման չունեն։

Ըստ ամենայնի՝ Սարգսյանը ներքուստ իրեն պարտավորված է զգում Օսկանյանի հանդեպ նույն այդ ասուլիսի համար, ինչը նրան հունից հանում է։ Իր հաճախորդների բերանով անընդհատ քննադատելով մարտի 1–ին Օսկանյանի ասուլիս տալը՝ Սերժն, ըստ էության, հետին թվով «մուռ» է հանում նախկին արտգործնախարարից։ Եվ ընդհանրապես, Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո սկսել է պայքարել բոլոր նրանց դեմ, ում միջոցով կամ ում աջակցությամբ նախագահ է դարձել։ Նման դեպքերի համար է, որ մեր ժողովուրդը տալիս է «Անաղուհաց քրդի շուն» որակումը, սակայն մենք ձեռնպահ կմնանք Սերժ Սարգսյանի պահվածքին նման գնահատականներ տալուց։

Հոգեբանական տեսանկյունից եթե գնահատելու լինենք իշխանության հակաօսկանյանական քայլերը, ապա կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը սովորական «աբիժնիկ» է և Օսկանյանի դեմ գործ հարուցելով՝ ոչ միայն ԲՀԿ–ի դեմ է պայքարում, այլ նաև ձգտում է անլիարժեքության կոմպլեքսից ձերբազատվել՝ ինքն իրեն համոզելով, որ շատ ուժեղ մարդ է, քանզի արդեն կարողանում է հետապնդել մի մարդու, ում ասուլիս տալու և ժողովրդին դիմելու խիզախությանը 2008թ. մարտի 1–ին նախանձել է և ում օգնությամբ հերթական անգամ զգացել սեփական «Ես»–ի ցածրակարգ լինելը։ 

Չէ, ինչ ուզում եք ասեք, բայց Ֆրեյդ պապիկը հանճարեղ դեմք էր։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը