Կարծիք

03.10.2012 11:38


Սա բոլորիս խնդիրն է

Սա բոլորիս խնդիրն է

Բոլորին հայտնի է՝ երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են: Հետևաբար, որպեսզի մուսաները լռեն, անհրաժեշտ է, որ որոտան թնդանոթները: Շատ պարզ և տրամաբանական է:

Գլխավոր դատախազի ելույթի և մեղադրանքների մեջ չկա այնպիսի կետ, նկատառում, պնդում, որին պարոն Օսկանյանը չի պատասխանել, ընդ որում՝ հանգամանալից և տրամաբանական:

Ես հարց եմ ուզում տալ. գիտե՞ր դատախազությունը այս ամենը, այս պատասխանները. կարծում եմ՝ գիտեր, հակառակ դեպքում ամիսներ շարունակ ի՞նչ էր ուսումնասիրում:

Այդ դեպքում ի՞նչ է, և ինչի՞ համար է այս ամենը:

Փաստորեն գումարը տեղում է, բողոք չկա, անօրինական գոծողություն չկա: Ընդամենը մի բառախաղ է պտտվում. 181 000 դոլարը որ հաշվից է փոխանցվել: Ինչ տարբերություն, եթե հաշիվները նույն մարդուն են պատկանում: Եթե գումարը կանխիկ լիներ, ինչ էիք ասելու՝ որ համարի թղթադրամն է ծախսվե՞լ:

Մեզ համար պատասխանը պարզ է.

Այն, ինչ կատարվում է այժմ, քաղաքական ճնշում և հալածանք է մի մարդու նկատմամբ, ով նախընտրական շրջանում և դրանից հետո ասում էր պարզ ճշմարտություններ. դուր գար դա, թե ոչ, և ներկայացնում էր իր և իր անդամագրված կուսակցության պատկերացումները:

Սա քաղաքական ճնշում և հալածանք է ԲՀԿ քաղաքական ուժի նկատմամբ, որը ունի ծանրակշիռ տեղ և հեղինակություն երկրում, գործունեություն է ծավալում միայն ի շահ պետականության և ժողովրդի, և որի պատգամավորական խմբակցությունը դեմ քվեարկեց կառավարության վատ ծրագրին: Բայց այդ ծրագրից կախված են մեր և մեր ժողովրդի այսօրվա և վաղվա կյանքն ու կենցաղը, մեր հարաբերությունները աշխարհի հետ և մեծ հաշվով մեր երկրի ապագան (մանավանդ, որ 5–ամյա ծրագիր էր): Մենք չէինք կարող այլ կերպ վարվել: Մենք ունենք մեր պատկերացումները երկրի իրական զարգացման վերաբերյալ:

Առնվազն համոզիչ չէ, երբ մեզ ասում են, որ այն, ինչ կատարվում է ԲՀԿ կամ նրա խորհրդարանական խմբակցության դեմ չէ: Ստացվում է, որ գլխավոր դատախազը բերում է մի սին գործ մեր խմբակցության պատգամավորի դեմ, ում պետությունը տասը տարի շարունակ վստահել է արտաքին քաղաքական գերատեսչությունը, լարում է քաղաքական մթնոլորտը, իսկ մեզ կոչ են անում հանդուրժող լինել: Ներկայացված գործի բովանդակությունից ելնելով` մենք կարող ենք ընդունել, որ այն մեր դեմ հատուկ կազմակերպված չէ, եթե այն մերժվի խորհրդարանում, իսկ գլխավոր դատախազը հրաժարական տա: Հակառակ դեպքում, մթնոլորտի շիկացման համար մենք չենք պատասխանատու: Առողջ երկրում դա այդպես էլ կլիներ: Տեսնենք հույս կա, որ մենք կառողջանանք:

Մեծ հաշվով սա Օսկանյանի խնդիրը չէ, եթե վերանանք ներքաղաքական հարցերից և ինտրիգներից, սա նույնիսկ ԲՀԿ-ի խնդիրը չէ, մեր բոլորիս խնդիրն է: Ինչպիսի երկիր, ինչպիսի պետություն ենք մենք առաջարկում աշխարհին: Արդյոք այն, ինչ անում ենք այստեղ, նպաստո՞ւմ է, որ մեզ լուրջ ընդունեն մեր պոտենցիալ գործընկերները: Ակնհայտ է, որ ոչ:

Եթե մենք տվեցինք համաձայնություն, ապա առանց պատրանքների մեջ ընկնելու վստահ կարող եմ ասել` մենք ևս մի քայլ ենք անում, որպեսզի մեզ ոչ ոք որպես հավասարը համավասարի չվերաբերվի:

Մի քանի օր առաջ մենք հանդիպեցինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված եվրոպական դիտորդների հետ: Քննարկաման ընթացքում նրացից մեկը առանց ավելորդ պայմանականությունների ասաց հետևյալը. «ՙՄենք երկար տարիներ ուսումնասիրում ենք ընտրությունները, ամեն անգամ գալիս ենք, բայց առաջընթաց չենք տեսնում, և անկեղծ ասած, այս վիճակից հոգնել ենք»։ Նշեմ, որ ասվածը ներկաներից շատերի հավանությանն արժանացավ: Անկախ նրանից, թե ինչ զեկույց են ներկայացնում, այս կարծիքը նրանք ունեին:

Ես հանդիպել եմ այս հարցով այդ մարդկանց հետ: Վստահ եմ` ձեզանից շատերը այլ բնագավառների հարցերով նման իրավիճակներում եղել եք:

Այսօր մենք ավելացնում ենք ևս մի շատ կարևոր բնագավառի նկատմամբ բացասական վերաբերմունք, այն է` մարդու և քաղաքական ուժի ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ: Ունե՞նք արդյոք այնքան ներուժ՝ հաղթահարելու բազմաթիվ բնագավառների նկատմամբ արտաքին աշխարհի, ինչու չէ՝ նաև մեր հասարակության բացասական վերաբերմունքը, ինչը վերջին հաշվով բացասական վերաբերմունք է երկրի, պետության նկատմամբ:

Կարծում եմ` չունենք:

Ստեփան Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը