Մեկնաբանություն

04.10.2012 14:25


Սերժ Սարգսյանի «ատկատային» գործընկերը վերադառնո՞ւմ է

Սերժ Սարգսյանի «ատկատային» գործընկերը վերադառնո՞ւմ է

Եթե ճիշտ են մամուլի հրապարակումներն ու իշխանության ներսում շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանը որոշել է շինարարության ոլորտի վերահսկողությամբ զբաղվող նոր կառույց ստեղծել ու այդ կառույցի ղեկավար նշանակել Մաքասային կոմիտեի նախկին նախագահ, տխրահռչակ Արմեն Ավետիսյանին, ապա կարող ենք եզրակացնել, որ երկրի ղեկավարը, իրոք, ուզում է կանոնակարգել «ատկատները»։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը որոշել է ձևականությունների հետևից չընկնել ու լուծել «ատկատների» հարցը, բայց ոչ թե դրանք վերացնելու, այլ չափը մեծացնելու և կենտրոնացնելու նպատակով, իսկ այդ գործի համար ավելի հարմար թեկնածու, քան տարիներ շարունակ Սերժի ոչ ֆորմալ բիզնես վերահսկիչը եղած Ա. Ավետիսյանը, չէր կարող գտնվել։ Իսկ այն, որ Սերժ Սարգսյանի բոլոր հայտարարությունները և խոստումները գործնականում հակառակ պատկերի են բերել, զգում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։

Հիշեցնենք, որ Ս. Սարգսյան–Ա. Ավետիսյան կապը ստեղծվել է ԱԱԾ–ում, երբ երկուսն էլ այնտեղ էին աշխատում, մեկը՝ կառույցի ղեկավարի, մյուսը՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարով զբաղվող ստորաբաժանման ղեկավարի դերում։ Ավետիսյանն այդ ընթացքում ցույց է տվել, որ պատրաստ է կատարել իր շեֆի բոլոր (այդ թվում՝ ստվերային) ցուցումները, ինչպես նաև դառնալ բիզնես–դաշտը վերահսկելու գործիք։

Պաշտպանության նախարար եղած ժամանակ Սերժը Արմենին տեղավորեց Մաքսային պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում և նրա միջոցով վերահսկողության տակ առավ ներմուծման ոլորտը։ Մաքսայինն այդ տարիներին վերածվել էր յուրօրինակ փականի, որն ըստ նպատակահարմարության էր բացվում կամ փակվում։ Մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ Արմեն Ավետիսյանը մի քանի տարում վերածվեց Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի։

Բազմիցս է գրվել այն մասին, որ Ա. Ավետիսյանը Սերժի համար ծառայում էր նաև որպես կանխիկ փողի մեշոկ։ Վիկտոր Դալլաքյանի հայտնի խոսքերն այն մասին, թե Սերժ Սարգսյանը կազինոյում 50 000 դոլար կոն է դնում, անուղղակիորեն առնչվում է նաև Արմեն Ավետիսյանին։ Ըստ տարածված տեղեկությունների՝ հենց Արմեն Ավետիսյանն էր փող հասցնում Սերժին, որպեսզի նա Վիկտորի ասած չափի կոն դնի Մոնտե Կառլոյում ու թոշակառուների փողերը քամուն տա։

Հարց է առաջանում, թե այդքանից հետո ինչո՞ւ Ավետիսյանը հեռացվեց մաքսայինից։ Պատասխանը շատ պարզ է. Սերժն այլևս չէր ուզում իր անցյալի մութ էջերին մոտիկից ծանոթ մեկին պահել համակարգում։ Սակայն հիմա Սարգսյանն այնպիսի վիճակում է, որ ստիպված է հավաքել բոլորին, այդ թվում՝ կոռուպցիայի քայլող մարմնավորում հանդիսացող Արմեն Ավետիսյանին։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սրանից մեկ թե երկու տարի առաջ ՊԵԿ–ում անընդհատ ահազանգ էր ստացվում այն մասին, որ շենքում ռումբ գա։ ԱԱԾ–ն պարզել էր, որ կեղծ հեռախոսազանգեր իրականացնողը Արմեն Ավետիսյանի հայրն է, ով, թերևս, շատ ծանր էր տանում որդու հեռացումը «յուղոտ» պաշտոնից և ուզում էր կազմալուծել պետական այդ հիմնարկի աշխատանքը։ Բացահայտվելուց հետո զանգերը դադարեցին։ Տեսնես որդու աշխատանքային գործունեությունը վերականգնելուց հետո Արմենի հայրը կդադարեցնի՞ կեղծ զանգերով մարդկանց ահաբեկելը, թե՞ ոչ։ Կարծում ենք, որ գործի ընդունելուց առաջ Սերժն այդ հարցով էլ պետք է պայմանավորվի Արմենի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը