Լրահոս

07.10.2012 15:34


90,8 %-ը անբավարար է գնահատում Սերժ Սարգսյանի կառավարման տարիները

90,8 %-ը անբավարար է գնահատում Սերժ Սարգսյանի կառավարման տարիները

Օրեր առաջ մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հարցում կազմակերպեցինք: Օգտատերերին առաջարկվել էր պատասխանել հետևյալ հարցին՝ ինչպե՞ս կգնահատեիք Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին գրանցված արդյունքները: Պատասխանների տարբերակները հետևյալն էին՝ Գերազանց, Բավարար, Բացասական, Խիստ բացասական: Հոդվածը գրելու պահին պատասխանների տոկոսային հարաբերակցություն այսպիսի տեսք ուներ՝ Գերազանց – 3,3%, Բավարար – 5,9%, Բացասական – 20,3%, Խիստ բացասական – 70,5%.

Ի դեպ նշենք, որ քվեարկությանը մասնակցել են տարբեր քաղաքական ուժերի և միավորումների անդամները, ինչպես նաև մեր սփյուռքահայ օգտատերերը: Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ են ստացվել այսպիսի արդյունքներ:

Նման արդյունքն իր օբյեկտիվ պատճառներն ունի:  Հայաստանի իշխանությունը չի կատարել իր նախընտրական խոստումների մի ողջ շրջանակ, ինչն էլ անդրադառնում է մեր քաղաքացիների այսքան բացասական գնահատականների  վրա: Արժե հիշեցնել, որ 2007-ին ՀՀԿ նախընտրական ծրագրում խոստանում էին, որ երկրի ՀՆԱ-ն 5 տարի անց կավելանա առնվազն 2 անգամ:  Ինչպես գիտենք, 2007թ. ՀՆԱ-ն մոտավորապես 10 միլիարդ դոլար էր կազմում, այսինքն՝ այսօր այն պետք է կազմեր 20 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ այսօր մոտավորապես 7,8 միլիարդ դոլար է կազմում:

ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի դրույթներից էր նաև արտահանման աճը, սակայն այսօր ներմուծման-արտահանման  ցուցանիշների տարբերությունը մեկը հինգի հարաբերակցության է: Կառավարությունը նաև խոստացել էր պայքարել աղքատության դեմ: Սակայն եթե համեմատենք  թեկուզ 2008թ. և 2009թ. ցուցանիշները, ապա կտեսնենք, որ աղքատությունը 2008թ. 27,6 տոկոսից 2009թ. հասել է 34,1տոկոսի: Եվ վերջին տարիներին անշեղ աճում է: 2009թ. ՀՆԱ-ի անկումը 14,4 տոկոս է կազմել (ավելի վատ արդյունք գրանցվել է միայն Ուկրաինայում`15 տոկոս): Իսկ անցյալ տարի ինֆլացիան 10 տոկոս է կազմել: Բացի այդ, Կենտրոնական բանկի տվյալներով՝ ԿԲ արտաքին պարտքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2011թ.: Այն կազմել է 753,6 մլն, ինչը ավելի քան 3 անգամ մեծ է , քան 3 տարի առաջ գրանցված ցուցանիշը:

Ավելորդ չի լինի ասել, որ քաղաքացիները նաև դժգոհ են կառավարության գործունեությունից գների աճի պատճառով: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հայտնել է, որ 2012թ-ի հունվարին գների աճը 4.8 տոկոս է կազմել, ինչը տարեկան կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է վերջին 7 տարիների ընթացքում (այդ շրջանի միջին ցուցանիշը 2.5 տոկոս է կազմել): Վիճակագրական ծառայության տվյալներով` հունվարին 2011թ-ի դեկտեմբերի հետ համեմատած գներն աճել են 3,6 տոկոսով:

Հայաստանի տնտեսությունը, սկսած 1995 թվականից,  երբեք անկում չէր  ապրել խաղաղ պայմաններում, և Տիգրան Սարգսյանը առաջին և միակ վարչապետն էր, որի կառավարման ընթացքում 2009 թվականին երկրի տնտեսությունը 14,4 տոկոսանոց անկում գրանցեց, ինչն աննախադեպ ցուցանիշ է` միջազգային ստանդարտներով: Ցանկացած նորմալ զարգացած երկրում այսպիսի ցուցանիշ գրանցած վարչապետը նույնիսկ մեկ օր չէր մնա իր պաշտոնում: Սակայն ինչպես ասում են` «մերն ուրիշ է»:

Դրանից բացի, պետք է նշել, որ բնակչության մոտ զայրույթ է առաջացրել մարդասպան Սաֆարովի ազատ արձակումը, իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարած իշխանությունների անգործությունը արտաքին հարցերում: Հայաստանի իշխանությունների  անարդյունավետ արտաքին քաղաքականությունը ապացուցում է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ, ո՛չ թուրքամետ, ո՛չ էլ, առավել ևս, հայամետ։ Նա ընդամենը աթոռամետ է, ու եթե այդ աթոռը պահելուն նպաստում է տվյալ պահին եսիմինչամետ լինելը, ապա նա Գյուլին էլ «քարդաշ» կասի, Քլինթոնին էլ «ֆռենդ» կասի, երկրի նախագահ լինելով հանդերձ՝ վարչապետ Պուտինի տանն էլ մի քանի րոպե հայտնվելու համար ժամերով կսպասի։ Այնպես որ, ՀՀԿ «ճկուն» ղեկավարից «արևմտամետ» իմիջ կերտելը նույնն է, թե «քոքված» մարքսիստից քահանա ստանաս։

Բայց մի պահ կանգ առեք ու մտածեք, թե ի՞նչ ուժ ունի այդ 90 տոկոսը: Եթե հաջողվեց գալ կոնսենսուսի և գտնել Սերժ Սարգսյանին արժանի հակառակորդ, ապա վստահաբար կարելի է ասել, որ այդ 90 տոկոսը իրենց խոսքը կասեն:

«Քաղաքացիական հասարակություն»

Այս խորագրի վերջին նյութերը