Մեկնաբանություն

08.10.2012 09:19


Սերժ Սարգսյանի համահարթեցնող միջնորդությունը

Սերժ Սարգսյանի համահարթեցնող միջնորդությունը

Վարդան Օսկանյանի «գործով» խորհրդարանում տեղի ունեցածը ցույց տվեց, որ մեծամասնություն կազմող ուժերը գործում են Օրուելի «Անասնաֆերմայում» նկարագրված տարբերակով։ Անկախ սեռից, տարիքից, մաշկի գույնից, մազածածկույթի խտությունից, կրթական ցենզից ու տնօրինած կապիտալից՝ ՀՀԿ–ում և ՕԵԿ–ում բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի՛ հավասար։

Ակնհայտ սարքովի գործով նախկին արտգործնախարարին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն կողմ էին «օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը և երգչուհի Շուշան Պետրոսյանը, Սերժ Սարգսյանից «դատարկ դհոլ» որակումը ստացած Արտաշես Գեղամյանը և նախկին «ընդդիմադիր» լրագրող Մարգարիտ Եսայանը (ի դեպ, ժամանակին Սերժ Սարգսյանը նույն Մարգարիտ Եսայանին տված հարցազրույցում էր նշել, որ Գեղամյանն իր գինը մի զրոյով ավել է ասում), նախկին կոմունիստ ու երդվյալ աթեիստ, իսկ հետագայում արդեն Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700 ամյակի միջոցառումները համակարգող Խոսրով Հարությունյանը և լոնդոններում կրթություն ստացած Լևոն Մարտիրոսյանը, Էջմիածնի կերած–խմած գեներալիտետը ներկայացնող Սեյրան Սարոյանը և նախկին ՀԺԿ–ական, իսկ այժմ ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր դարձած ՄԻԱԿ–ական Նաիրա Կարապետյանը, «Շմայս» զինատեսակի մեծ սիրահար Առաքել Մովսիսյանը և  բառադիությամբ աչքի ընկնող Համլետ Հարությունյանը, Գյումրիի նախկին քաղաքապետի «սիրելի» Աշոտ Աղաբաբյանը և երբեմնի կրակոտ ընդդիմադիր Հեղինե Բիշարյանը, Երևանի Էրեբունի թաղամասի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը և իրեն «SAS» խանութների ցանցին նվիրած Արտակ Սարգսյանը։ Մի խոսքով, բոլորը, այդ թվում՝ Վիկտոր Դալլաքյանին արժանիորեն փոխարինած «անկախ» պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի ձեռամբ միջնորդություն ներկայացնոլով ԱԺ՝ համահարթեցման ենթարկեց իր խորհրդարանական մեծամասնության անդամ պատգամավորներին, ովքեր Օսկանյանի դեմ քվեարկություն իրականացնելիս առաջնորդվեցին «Չորս ոտքն ավելի լավ է, քան երկուսը» կարգախոսով։

Ֆարսին, ոչկոալիցիոն ուժերից բացի, չմասնակցեցին միայն հատուկենտ ՀՀԿ–ականներ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, մայրաքաղաքի կենտրոնից պատգամավոր ընտրված Ռուբեն Սադոյանը, պղնձամոլիբդենայինի Վահե Հակոբյանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, «Դերժավայի» Արկադի Համբարձումյանը և Հերմինե Նաղդալյանը։ Թույլ տանք մեզ ենթադրել, որ Հերմինեն գործուղման էր, թե չէ իրեն կնետեր քվեատուփի մոտ ու մի քանի անգամ կքվեարկեր Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին։

Օսկանյանի «գործով» քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց՝ պետական կառավարման համակարգն ամբողջությամբ փտած է և հնարավոր չէ այն բուժել։ Համակարգը պետք է փոխվի դրսից։ Ներսում այլևս ռեսուրս չկա և «X»–ին «Y»–ով փոխարինելն իմաստ չունի, քանզի բոլորը հայտնվում են համահարթեցնող մեքենայի մեջ ու դառնում հավասար։

Դատարկ են այն խոսակցությունները, թե իշխանության ներսում տեսակների պայքար կա և պետք է օգնել, որպեսզի այսպես կոչված օլիգարխների փոխարեն խորհրդարան գան ու պետական կառավարման մյուս օղակներում հայտնվեն այսպես կոչված ուսյալ–կրթյալները։ Եթե տեսակների պայքար էլ կա, ապա այդ պայքարն ի նպաստ մեր ժողովրդի ու պետության շահերի չէ։ Կռիվը գնում է սեփականության վերաբաշխման շուրջ և Սերժին կից գործող երիտօլիգարխները (փեսա Միքայել Մինասյանի գլխավորությամբ) ուզում են ավելի կեղտոտ համակարգ ստեղծել, քան կա այժմ։ Մեկ օլիգարխի տնտեսություն. ահա՛ երիտօլիգարխիայի նպատակը։

Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց տվեց նաև, որ «օլիգարխներն» ու «ժելեոտած մազերով» երիտկարիերիստներն իրարից չեն տարբերվում, իսկ ավելի ճիշտ՝ «ժելեոտածներն» ավելի վտանգավոր են, քանզի գիտակցելով հանդերձ, որ հակաօրինական պատվեր են կատարում, այդուհանդերձ գնացին ապօրինություն գործելու ճանապարհով և բութ գործիքի պես օգտագործվեցին։

Մականունավորներն, օրինակ, հրահանգ էին կատարում, բայց հասկանալով, որ սխալ բան են անում՝ գալիս մոտենում էին լրագրողներին ու հասկացնում, որ ստիպված են դա անում, իսկ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը պաշտպանող ՀՀԿ–ական ու ՕԵԿ–ական տառաճանաչներն այնպիսի անհեթեթ փաստարկներով էին հանդես գալիս, որ ավելի լավ կլիներ, եթե մականունավորների նման լռեին ու ընդամենը քվորում ապահովող իրենց ֆունկցիան կատարեին։

Ինչ վերաբերում է խորհրդարանում հայտնված անհայրենիք «ժելեոտածներին», ապա նրանք շատ լավ հասկանալով, որ շինծու մեղադրանք է ներկայացված ԲՀԿ–ական պատգամավորին, այդուհանդերձ ծպտուն չհանեցին քննարկումների ժամանակ, իսկ քվեարկության ժամանակ բոլշևիկյան էնտուզիազմով ու խունվեյբիններին ներհատուկ կարգապահությամբ մոտեցան քվեատուփին և իրենց հավատարմությունը հայտնեցին հայկական թուրքմենբաշուն՝ Սերժ Սարգսյանին։

Դե հիմա ասացեք խնդրեմ, թե ի՞նչ տարբերություն Լֆիկ Սամոյի ու բազմափորձ լրագրող Մարգարիտ Եսայանի միջև։ Ի՞նչ տարբերություն «Շմայսի» ու շոումեն Գարիկի եղբայր Լևոն Մարտիրոսյանի կամ երգչուհի Շուշան Պետրոսյանի միջև։ Նրանք բոլորն էլ գլխաքանակ ապահովեցին, որպեսզի քվեարկությունը չտապալվի։ Այսինքն՝ Սերժը պարզապես ժողովրդի աչքին թոզ է փչել՝ ցույց տալով, թե ուզում է նոր թարմ դեմքեր բերել ԱԺ։ Փորձը ցույց տվեց, որ Սերժի տանիքի տակ հայտնված նորերն էլ, հներն էլ նույն հրահանգ կատարողներն են։ Հետևաբար՝ հիմնազոււրկ են այն խոսակցությունները, որ եթե մականունավորներին Սերժը փոխարինի ուսյալ–կրթյալ երիտօլիգարխիայով կամ լավ ձայն ունեցող երգիչով, ապա Հայաստանում առաջընթաց կգրանցվի։ Ճիշտ հակառակը։

Եվ ամենակարևորի մասին՝ սխալ է հանրությանը կանգնեցնել օլիգարխներ–երիտօլիգարխներ, մականունավորներ–ժելեոտածներ ընտրության առաջ։ Դա կեղծ ընտրություն է և կեղծ բաժանում։ Հասարակական–քաղաքական դաշտում բաժանարար գիծն անցնում է «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» բանաձևին կողմ կամ դեմ արտահայտվողների միջև։ Մնացածը դեմագոգիա է։

Հայաստանի թիվ մեկ օլիգարխը Սերժ Սարգսյանն է, և ծիծաղելի նրան օլիգարխների դեմ պայքարի առաջամարտիկ ներկայացնելը։ «Մեկ փեսայի էկոնոմիկա» կառուցելը ոչ մի կապ չունի բարեփոխումների հետ։

Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանի հեռացումն այն կարևորագույն նախապայմանի ապահովումն է, որից հետո միայն հնարավոր կլինի վերացնել կլանաօլիգարխիկ համակագը և զարգացում ապահովել։ 

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը