Մեկնաբանություն

08.10.2012 13:35


Իվանիշվիլու «վկաները»

Իվանիշվիլու «վկաները»

Դատելով Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ աշխատող լրատվամիջոցների հրապարակումներից՝ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Սաhակաշվիլու գլխավորած ուժի պարտությունն ավելի ծանր են տանում, քան Սահակաշվիլին ու իր թիմը։

Հայաստանյան իշխանություններին հունից հանում և խուճապի են մատնում այն զուգահեռները, որոնք անցկացվում են Բիձինա Իվանիշվիլու և Գագիկ Ծառուկյանի միջև։ Դա է պատճառը, որ հրահանգված է աշխատել ոչ միայն ԲՀԿ առաջնորդի, այլ նաև «Վրացական երազանք» դաշինքի դեմ։

Սերժամետ լրատվամիջոցները, սոցիալական ցանցերում «դհոլություն» անող դեմքերն ու ֆեյքերը ջանք ու եռանդ չեն խնայում՝ ցույց տալու համար, թե ինչքան վատն է Վրաստանում իշխանափոխություն իրականացրած մեծահարուստ Իվանիշվիլին։ Սրանք ուրախացան, երբ լրատվական դաշտում հայտնվեց Իվանիշվիլու խեղաթյուրված հայտարարությունը հայերի մասին. այդպիսով առիթ ստեղծվեց «հայրենասիրական» դիրքերից քննադատել վարացական «Ծառուկյանին»։ Ճիշտ է, Իվանիշվիլին պաշտոնապես հերքեց՝ նշելով, որ իր խոսքերն աղավաղվել են, ու ինքը շատ դրական կարծիքի է հայերի մասին, բայց դա չնվազեցրեց սերժամետների «հակածառուկյանական» էնտուզիազմը։

Կարելի է ասել, որ այժմ իշխանամետ ԶԼՄ–ները հակառակ իմաստով դարձել են Իվանիշվիլու «վկա»։ Մառազմն այն աստիճանի է հասել, որ գրում են, թե Սահակաշվիլին դեռ իշխանությունից չհեռացած, իսկ Իվանիշվիլին էլ՝ դեռ իշխանության չեկած, Վրաստանում արդեն աճել է հանցավորությունը, և Թբիլիսիում մի ամբողջ 3 (երեք) գողություն է տեղի ունեցել։  Մի խոսքով, ուզում են ասել, որ իշխանափոխությունը վատ բան է։

Այսպես որ շարունակվի՝ Սերժ Սարգսյանի «թեթև» ձեռքով Հայաստանը վատացնելու է իր հարաբերությունները Վրաստանի նորընտիր ղեկավարության հետ։ Չէ՞ որ այնտեղ էլ են տեսնում, թե ինչով է զբաղված Սերժ Սարգսյանի թիմը, և ինչ հակա–PR է իրականացնում Իվանիշվիլու դեմ։ Թե ինչով կավարտվի Սերժ Սարգսյանի հերթական «նախաձեռնողականությունը», դժվար չէ կռահել։

Սահակաշվիլու օրոք պաշտոնական Երևանն այնպիսի սխալ քաղաքականություն որդեգրեց Վրաստանի հետ հարաբերություններում, որ Միխոն հաբռգեց ու Ջավախքում սկսեց հայաթափման ծրագիր իրականացնել ու ձեռքի հետ էլ ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող ծագումով Ջավախքից Շիրակ Թորոսյանին արգելեց մուտք գործել Վրաստան։ Չի բացառվում, որ հակաիվանիշվիլիական քաղաքականությունը բերի այն բանին, որ Վրաստանի ներկա վարչապետն արդեն Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատի ներկայացուցիչներին արգելի Վրաստան մտնել։

Փաստորեն «խաղաղության աղավնի» խաղացող Սերժի օրոք մենք ունենք բավական սառը հարաբերություններ Իրանի հետ, կանգնած ենք Ադրբեջանի հետ պատերազմի նախաշեմին, Թուրքիան նախկինի համեմատ ագրեսիվացրել է իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, Վրաստանը հայ պատգամավորին «պերսոնա նոն գրատա» է ճանաչում, Արևմուտքը փող չի տալիս, իսկ Ռուսաստանն էլ այնքան չի վստահում Սերժի իշխանությանը, որ օգտվելով առիթից ստիպում է 49 տարով իր ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում երկարաձգող «ղազագիր» ստորագրել։ Ահա այսպիսի «նախաձեռնողական» իշխանություն է Հայաստանում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը