Մեկնաբանություն

10.10.2012 00:14


Սերժ Սարգսյանը հետ է մնացել ժամանակից

Սերժ Սարգսյանը հետ է մնացել ժամանակից

«ԲՀԿ–ն միանշանակորեն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը: Սակայն, եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, և կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը»,–օրերս հայտարարել էր Վարդան Օսկանյանը:

Օսկանյանի այս հայտարությունից հետո իշխանությունների մոտ ակնհայտորեն տրամադրության անկում է նկատվում, դեպրեսիվ վիճակ։ Ու հիմա Բաղրամյան 26–ում որոշել են, պատկերավոր ասած, փրփուրներից կախվել։ Այլ որակում հնարավոր չէ տալ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե 2011թ. փետրվարին ԲՀԿ–ն կոալիցիոն հուշագիր է ստորագրել և պարտավորվել է սատարել գործող նախագահին։ 

2011–ին կոալիցիոն հուշագիր, իրոք, ստորագրվել է, բայց դրանից հետո տարատեսակ գործընթացներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում այդ տխրահռչակ փաստաթուղթը վերածվել է մակուլատուրայի թղթի։ Հիմա եթե թուղթն այդ այդքան հույս է տալիս ՀՀԿ ղեկավարությանը և նրանց գոտեպնդում նախագահական ընտրություններից առաջ, ապա կարող են «ռամկայի» մեջ վերցնել և կախել ՀՀԿ գրասենյակի ամենաերևացող տեղում ու ինքնահանգստացմամբ զբաղվել։

Ինչ վերաբերում է հուշագրի ուժի մեջ մնալ–չմնալու, թվում է թե բոլորի համար պարզ հարցին, ապա հատուկ Բաղրամյան 26–ի համար նշենք, որ այդ փաստաթուղթն առ ոչինչ դարձավ այն ժամանակ, երբ ԲՀԿ–ն առանձին մասնակցեց 2012թ. խորհրդարանական ընտրություններին։ Եվս մեկ անգամ անիմաստ թղթի վերածվեց այդ հուշագիրը, երբ ԲՀԿ–ն դուրս եկավ կոալիցիայից։ Եվ վերջապես հուշագիրը բառակույտի վերածվեց այս տարվա մայիսի 6–ի խայտառակ ընտրություններից հետո, երբ ՀՀԿ–ն ու ՕԵԿ–ը նոր հուշագիր ստորագրեցին և կոալիցիա կազմեցին։

Այս ամենից հետո 2011–ի հուշագրից ՀՀԿ–ում պետք է որ միայն հուշեր մնային, այնինչ պարզվում է, որ Սերժ Սարգսյանի մոտ ժամանակը կանգ է առել, և նա մնացել է հուշագրի հույսին, բայց դա արդեն իր խնդիրն է։ Նյարդայիններին խնդրում ենք ազատել դահլիճը։ 

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Հուշագրի ստորագրման քաղաքական ենթատեքստին անդրադառնալիս նկատենք, որ ԲՀԿ–ն այն ժամանակ իր շահերից չբխող հուշագիրը ստորագրեց, որպեսզի կարողանա ուժերը ճիշտ բաշխել։ Ծառուկյանի թիմը մարտավարական հետքայլն օգտագործեց ռեսուրսները մոբիլիզացնելու և հարկավոր պահին վճռական հարված հասցնելու՝ ռազմավարական հաջողության հասնելու համար, այսինքն՝ ԲՀԿ–ն ժամանակ շահեց ու պատրաստվեց հաջորդ դասին, իսկ այդ դասն արդեն սկսվել է։ ԲՀԿ–ն սեփական թեկնածուով է մասնակցելու նախագահական ընտրություններին, և դրանով «ջրվում» են բոլոր այն «մուտիլովկաները», որոնք տարածվում էին «անկախ» մամուլի կողմից։ 

Այս խորագրի վերջին նյութերը