Մեկնաբանություն

10.10.2012 18:41


Ի՞նչ ցույց տվեց Օսկանյանի «գործով» քվեարկությունը

Ի՞նչ ցույց տվեց Օսկանյանի «գործով» քվեարկությունը

ԱԺ–ում ներկայացված ՀՀԿ և ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչները, չնչին բացառություններով, մասնակցեցին Վարդան Օսկանյանի «գործով» քվեարկությանն ու պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեցին ԲՀԿ–ական պատգամավորին (ինչպես հայտնի է, քվեարկությանը ոչկոալիցիոն ուժերը չմասնակցեցին)։

Այդ օրը նախագահական նստավայրից մոբիլիզացրեցին բոլորին, որպեսզի հանկարծ քվեարկությունը չտապալվի։ Քվեարկությունը չտապալվեց։ Մասնակցեց 71 պատգամավոր, որոնցից 64–ը Աղվան Հովսեփյանի միջնորդությանը կողմ քվեարկեց, 6–ը՝ դեմ, 1–ը՝ ճանաչվել է անվավեր։ Սրանք չոր թվերն են։ Եկեք հիմա տեսնենք, թե ինչ են ցույց տալիս այս թվերը և քաղաքական ներկա զարգացումներն ընդհանրապես։

1.Չնայած քվեարկությանը մասնակցում էին միայն ՀՀԿ–ի և ՕԵԿ–ի պատգամավորները (գումարած «Վիկտոր Դալլաքյան-2»–ը՝ «անկախ» պատգամավոր Էդմոն Մարուքյանը), այդուհանդերձ՝ Սերժ Սարգսյանին չհաջողվեց ստանալ միանման քվեարկության պատկեր։ Փաստացի դեմ քվեարկած 7 պատգամավորների (անվավեր ճանաչված քվեաթերթիկը «դեմ»–ին համարժեք էր) առկայությունը ցույց է տալիս, որ իշխանական մեծամասնության շարքերն այնքան էլ կուռ չեն, որքան էլ հանրությանն այդպես ներկայացվի։

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո մեր թղթակցի հետ զրույցում թվով 22 ՀՀԿ–ական պատգամավոր, իրենց անունը չհրապարակելու հավաստիացումը ստանալուց հետո, խոստովանել է, որ «դեմ» քվեարկողներից մեկը հենց ինքն է եղել, ինչը շատ ուշագրավ երևույթ է։ Պարզ է, որ նրանցից առնվազն 15–ը ստել է, բայց երևույթն այդ նշանակում է, որ համապատասխան հանրային ու քաղաքական մթնոլորտի դեպքում ՀՀԿ–ն խորհրդարանական մեծամասնությունից կվերածվի լքված նավակի։

«Կողմ» չքվեարկած 7 պատգամավորների մասով հիմա ՀՀԿ–ում «վհուկների» իսկական որս է սկսվել։ Կասկածի ցեցը պարզապես քայքայում է Բաղրամյան 26–ում «բուն» դրածների նյարդերը։ Սերժ Սարգսյանը հիմա բոլորի մեջ դավաճաններ է տեսնում՝ վերածվելով ինքնամփոփ ղեկավարի։ ՀՀԿ–ում դա զգում են ու շշուկով միմյանց խոստովանում, որ Սերժը «մանրից» վերածվում է Բրեժնևի և Ստալինի միաժամանակ։  «Մենք մեր գլխի ճարը պետք է տեսնենք»,– իրար խորհուրդ են տալիս պատգամավորական կոռպուսը ներկայացնող ՀՀԿ–ականների մեծ մասն ու սպասում հարմար պահի։

2.Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ԱԺ–ում ներկայացված է 131 պատգամավոր, և հետևաբար՝ խորհրդարանական մեծամասնություն կարող է համարվել այն ուժը կամ ուժերի կոալիցիան, որն ունի առնվազն 66 ձայն։ Ինչպես ցույց տվեց Օսկանյանի «գործով» Սերժ Սարգսյանին խիստ անհրաժեշտ քվեարկությունը, այդ 66 ձայնը ՀՀԿ ղեկավարը չունի։ Ասել է թե՝ այդ քվեարկությունը բացահայտեց խորհրդարանական մեծամասնության փխրունությունը։

3. Ոչկոալիցիոն ուժերի համատեղ բոյկոտի փաստը հուշում է, որ համապատասխան նախադրյալների ու քաղաքական իրավիճակի դեպքում «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի կյանքի կոչումը լրիվ հնարավոր է։

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, ով Սերժ Սարգսյանի դաշտում է խաղում և փորձում է գաղափարական տեսք տալ Աղվան Հովսեփյանի միջնորդությանը, ստիպված եղավ հետ կանգնել նախապես իր հայտարարած որոշումից ու ենթարկվել ՀԱԿ խմբակցության որոշմանը, քանզի գիտակցում է, որ վերջնականապես կվերածվի Գեղամյանի։ Եթե մի քանի հոգի դեռ գլխի չի ընկնում, թե ինչով է իրականում զբաղվում Նիկոլը, ապա քվեարկությանը մասնակցելուց հետո այդ մի քանի հոգու աչքերն էլ կբացվեին։

4. Մոտ 80 պատգամավոր ունեցող իշխանությունն իր համար ճակատագրական քվեարկության ժամանակ հավաքեց 64 ձայն, իսկ դա նշանակում է, որ նախագահական ընտրությունների ժամանակ եթե հաջողվի հանրային հզոր ալիք բարձրացնել, ապա խորհրդարանական ուժերի հարաբերակցությունը շատ արագ կարող է փոխվել։

2008թ. ընտրությունների ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանին, ճիշտ է՝ կարճ ժամանակով, բայց այդուհանդերձ հաջողվեց չեղած տեղից 7–հոգանոց «խմբակցություն» ձևավորել ԱԺ–ում, և միայն իշխանության կոշտ միջամտության հետևանքով ՀՀԿ–ական «գլխաքանակը» վերականգնվեց։ Թե ինչեր կարող է լինել 2013թ. այս խորհրդարանում, որտեղ Սերժը «դե ֆակտո» մեծամասնություն չունի, լրացուցիչ բացատրության կարիք չկա։   

...

Եվ այսպես՝ Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելով՝ Սերժ Սարգսյանը պյուռոսյան հաղթանակ տարավ։ Բոլորին պարզ դարձավ, թե ինչ ստորջրյա խութեր կան ՀՀԿ–ում, և «X» պահին ինչպես կարող է մեկ ակնթարթում փլվել Սերժի հենարան կոչված կոնգլոմերատը։

Ի դեպ, Օսկանյանի շուրջ տեղի ունեցող արտախորհրդարանական զարգացումները լրջագույն հարված հասցրեցին Բաղրամյան 26–ի քարոզչամեքենային։ Արևմտյան երկրների և մասնավորապես՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի կողմից Սերժ Սարգսյանի հասցեին արած կոշտ հայտարարությունը և «քլնգոցին» պարզապես պայթացրեցին այն «փուչիկը», որը փչվում էր «անկախ» լրատվամիջոցների կողմից։

Ինչպես հայտնի է, նախագահականի վերահսկողության տակ աշխատող ԶԼՆ–ները փորձում էին Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես արևմտամետ գործիչ, ով աջակցություն ունի Արևմուտքից, ով, ըստ այդմ, չարյաց փոքրագույնն է մեր քաղաքական դաշտում և ով պետք է օգնություն ստանա հանրությունից՝ ռուսամետ ԲՀԿ–ի դեմ պայքարելու համար։ Խաղն այդ, ինչպես հասկանում եք, ավարտվեց։

ԱՄՆ դեսպանն այսօր այցելել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարան և առանձնազրույց ունեցել «ռուսամետ» ԲՀԿ առաջնորդի հետ, որից հետո հանդես է եկել հայտնի հայտարարությամբ։

Բա ո՞ւր մնացին «Սերժն Արևմուտքից «դաբրո» ունի», «Սերժին Արևմուտքը պահում է» և նմանատիպ այլ հեքիաթները։ Տղե՛րք, նոր հեքիաթ հորինեք սովետական Ադրբեջանի ու անկախ ՌԴ–ի հատուկ ծառայությունների օգտին աշխատած Սերժի մասին, քանզի «Զապադ վամ նե պոմոժետ»։ Եվ ընդհանրապես՝ ձեզ արդեն ոչ ոք չի օգնի ու ոչինչ չի փրկի։ Միակ հարցը, որի շուրջ պետք է այժմ մտորի Սերժ Սարգսյանը, հեռանալու տարբերակներն են։ Եթե հանգիստ հեռացավ, ապա ավելի լավ իր ու Հայաստանի համար, իսկ եթե դիմադրեց, ապա չաուշեսկուացումից խուսափել հնարավոր չի լինի, իսկ դա սիրուն չի։  

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը