Մեկնաբանություն

15.10.2012 15:45


Ինչի՞ մասին են լռում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը (տեսանյութ)

Ինչի՞ մասին են լռում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը (տեսանյութ)

«Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում»,–նշված էր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մեջ: Նրա ասածից հետևում է, որ Քոքոբելյանը մինչև այդ էլ է խաբել, կամ էլ «Ժառանգության» ղեկավարն է իրեն բազմակի խաբված զգում։

Քոքոբելյանի մյուս ստի կամ ստերի մասին Րաֆֆին ուղղակիորեն չի խոսում, այլ «մեսիջն» ուզում է տեղ հասցնել ակնարկների տեսքով։ Պատճառը, թերևս, այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին թաքցնելու բաներ ունի։ Եկեք ուրեմն բացենք փակագծերը և հասկանանք, թե ինչն ինչոց է։

Հաշվարկով ամուսնության հետևանքները

Եվ այսպես, տեղի ունեցավ սպասելին՝ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքը փլուզվեց։ Սպասելի էր այդ փլուզումն այն պարզ պատճառով, որ քաղաքական այդ երկու ուժերը ոչ թե գաղափարական (ինչպես ուզում էին ներկայացնել հանրությանը), այլ ընտրողների թիկունքում տեխնոլոգիական միավորման էին գնացել։ Այսինքն՝ ընդամենը կնքվել էր  առևտրային գործարք, որից օգուտ էին ակնկալում և՛ Րաֆֆին, և՛ Խաչատուրը, և՛ իշխանությունը։ Նկատենք, որ այս երեք կողմերին, բնականաբար, չէր հետաքրքրում «Ժառանգության» ընտրողի շահը, այլապես նման որոշումներ չէին կայացվի։

«Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» միավորումը, պատկերավոր ասած, ոչ թե սիրո, այլ հաշվարկի վրա հիմնված ամուսնություն էր, և պատահական չէ, որ այդ ամուսնությունից ծնված երեխան՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը, բավական անորոշ դիմագիծ ու շատ տգեղ տեսք ունի, և միայն պայմանականորեն այն կարելի է «Ժառանգություն» կուսակցության խմբակցություն համարել:

Պատահական չէ նաև այն, որ հաշվարկով ամուսնության կողմերից մեկի դժգոհությունն անմիջապես հանգեցրեց ապահարզանի։ Այդպես էլ պետք է լիներ, և այդպես էլ կանխատեսվում էր։

Ով ինչ էր ակնկալում գործարքից

Չնայած հանրությանը ներկայացվում էր, թե տեղի է ունեցել արևմտամետ և ժողովրդավարական արժեքների կրող ուժերի միավորում, սակայն դա մեծ բլեֆ էր՝ իշխանության քավորությամբ կայացած գործարքին քաղաքական բովանդակություն հաղորդելու համար։ Այս երկու ուժերի գաղափարական ընդհանրության մասին խոսելն անիմաստ է, քանզի Րաֆֆիի ու Խաչատուրի ղեկավարած կառույցները հստակ գաղափարական ուղղվածություն և սկզբունքներ չունեն։ Քոքոբելյանի սկզբունքը քաղաքական կոմերցիան է, իսկ Հովհաննիսյանինը՝ «հայրենասիրական» կոմերցիան։

«Ազատ դեմոկրատներին» և «Ժառանգությանը» միավորում էր ԱԺ–ում հայտնվելու ցանկությունը, բայց այդ կետում էլ ավարտվում էր նրանց ընդհանուր շահը, քանզի Քոքոբելյանին ընդամենը սեփական մանդատն էր հետաքրքրում, մեկ էլ՝ բրոքերային ֆունկցիայից ակնկալվող միջնորդավճարը, իսկ Րաֆֆիին ոչ միայն սեփական մանդատն էր հետաքրքրում, այլև հնարավորինս շատ մանդատներ ունենալը, որպեսզի կարողանա լրջորեն մասնակցել նախագահական ընտրություններին։ Այդ առումով Հովհաննիսյանն ակնհայտորեն գերագնահատել էր իր վարկանիշի մեծության չափն ու Քոքոբելյանի մենեջերական հնարավորությունները։ Ինչևէ։

 «Ազատ դեմոկրատները» շատ լավ գիտեին, որ ԱԺ ընտրություններին առանձին մասնակցելով՝ որևէ շանս չէին ունենա հաղթահարելու 5տոկոսանոց արգելքը և իրենց պետք էր «Ժառանգությունը», որին կցվելով՝ կլուծեին պատգամավորական մանդատի խնդիրը։

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին էր դաշինք ուզում «Ազատ դեմոկրատների» հետ, քանզի, Լարիսա Ալավերդյանի դիպուկ բնորոշմամբ, դյուրահավատ է և հակված է ուտել այն «կտերը», որոնք շռայլորեն փռվում են իր առջև։

Իսկ թե ինչ էր շահելու այդ ամենից ընտրողը, կողմերը «մոռացել» էին հաշվի առնել։

Ինչո՞ւ է դժգոհում Րաֆֆին, և ինչի՞ մասին է ստել Խաչատուրը

Րաֆֆին շատ էր վախենում, որ ֆինանսական ու կազմակերպչական ռեսուրսների բացակայության պատճառով չի անցնի խորհրդարան և այդպիսով չի կարողանա լրջորեն ներգրավվել 2013թ. նախագահական ընտրություններին։ Րաֆֆին հավատաց, որ Քոքոբելյանը ԱՄՆ–ից «դաբրո» ունի, ինչպես նաև կարող է պայմանավորվել ՀՀ իշխանությունների հետ ու շատ տոկոսներ բերել Բաղրամյան 26–ից։

Րաֆֆին հաշվեց, որ կարելի է միանալ «Ազատ դեմկորտաներին», որպեսզի լուծվեն ինչպես կազմակերպչական, այնպես էլ ֆինանսական խնդիրները։ Նա ուզում էր 100 տոկոս երաշխիք ունենալ, որ ոչ միայն կմտնի խորհրդարան, այլ նաև տիտղոսային ընդդիմության կարգավիճակում կհայտնվի՝ առաջ անցնելով ՀԱԿ–ից։ Երաշխիքները Քոքոբելյանի միջնորդությամբ նա ստացավ իշխանությունից, բայց դրա դիմաց, բնականաբար, որոշակի պարտավորությունների տակ մտավ։  

Իշխանության հետ «երկխոսության» արդյունքում ծնվեց այն նախընտրական ցուցակը, որն ուզում էին հանրությանը հրամցնել որպես առնվազն 25% ձայն բերող կազմ (Անահիտ Բախշյանը ոգևորված խոսում էր նույնիսկ 50%–ի մասին)։ Բա ուրիշ էլ ինչպե՞ս համոզեին հին ժառանգականներին, որպեսզի վերջիններս էնտուզիազմով լծվեին քարոզարշավին։ Ցուցակն այդ կազմվել էր բաժնետիրական սկզբունով։ Փայ էին մտած և՛ Բաղրամյան 26–ի երիտթևը (հասարակական սեկտորի անվան տակ), և՛ գլխավոր դատախազը («Ազատ դեմոկրատների» կողմից), և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգության» կողմից), և մասամբ՝ նաև Տիգրան Սարգսյանը։

Ֆինանսական, մեդիա և այլ տիպի ռեսուրսների տրամադրման դիմաց իշխանությունները Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջեցին նաև դուրս գալ ընտրությունների վերահսկման միասնական շտաբից և «դհոլություն» անել ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի դեմ։

Սերժի երիտթիմը և Տիգրան Սարգսյանը խնդիր էին դրել «Ժառանգությանն» առաջ գցել ՀԱԿ–ից ու ստանալ տիտղոսային նոր ընդդիմություն, որին հաղթելը և «քցելը» 2013թ. դժվար չէր լինի։ Ծրագրվել էր նաև ԲՀԿ–ի դեմ հակաքարոզչությունը «Ժառանգության» միջոցով իրականացնել և թույլ չտալ, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ցուցակը շատ ձայներ հավաքի։

Րաֆֆին իր հերթին մտածում էր, որ եթե ինքը բավարարի Բաղրամյան 26–ի վերը նշված պահանջները և միևնույն ժամանակ շատ ձայներ հավաքի (ինչպես խոստացել էր միջնորդ Քոքոբելյանը), ապա նախագահական ընտրությունների ժամանակ ինքը «կքցի» իշխանությանն ու կվերադառնա ընդդիմադիր հռետորաբանությանը։ Ասել է թե՝ «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ»–իշխանություն հարաբերություններն ի սկզբանե դրված էին միմյանց ու ընտրողին «քցելու» կանխատրամադրվածության վրա։

Կոմերցիոն այդ գործարքի կեղտոտ կողմերը ջրի երես դուրս եկան, երբ իշխանության ու «Ժառանգություն» ծրագրերը չիրականացան։ Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն շատ ձայներ հավաքեց, իսկ «Ժառանգությունը» մի կերպ մտավ խորհրդարան՝ հետ մնալով ՀԱԿ–ից։ Արդյունքում՝ իշխանությունը հիասթափվեց «Ժառանգությունից» և գործարքի ժամկետը համարեց ավարտված։ Պատահական չէ, որ ընտրությունների հաջորդ օրվանից սերժամետ լրատվամիջոցները կտրուկ փոխեցին իրենց վարքագիծը և սկսեցին «փչացնել» Րաֆֆիին ու բռնել Խաչատուրի կողմը։

«Ժառանգությունն» իր հերթին հիասթափվեց «Ազատ դեմոկրատներից», քանզի իշխանության բոլոր պահանջները Րաֆֆին կատարել էր, բայց չէր ստացել Քոքոբելյանի խոստացած տոկոսները։ Ահա այս մասով է, որ Րաֆֆին Խաչատուրին հիշեցնում է հերթական ստի մասին։ «Ժառանգության» առաջնորդն ուզում է Քոքոբելյանին հիշեցնել, թե բա ո՞ւր մնաց այն 20-25 տոկոս ձայնը, որը դու խոստացել էիր, և որը պետք է մեզ տրվեր՝ Բաղրամյան 26–ի պահանջները կատարելու դիմաց։ Քոքոբելյանն էլ իր հերթին հասկացնում է Հովհաննիսյանին, որ ինքն իր գործն արել է, ու իրենից չպետք է դժգոհեն և հուզական ձևակերպումներ տան։

Ահա այն ամենը, ինչի մասին չեն ցանկանում բաց խոսել Հովհաննիսյանն ու Քոքոբելյանը։ Մնացածը լիրիկայի ոլորտից է։

Եթե հիմա այդ երկու ուժերն ուզում են ռեաբիլիտացվել, ապա պետք է ընդունեն, որ սխալ էր Սերժ Սարգսյանի հետ ուղղակի և միջնորդավորված ձևով «երկխոսության» գնալը։ Նրանք պետք է խելքները գլուխները հավաքեն ու պայքարեն Սերժի գլխավորած իշխանության վերարտադրման դեմ, այլապես Արտաշես Գեղամյանի պես մի օր կհայտնվեն ՀՀԿ–ի ցուցակում, բայց ոչ թե անցողիկ տեղերում, այլ ներքևներում, ինչպես որ ներքևներում հայտնվեցին «Ժառանգության» վարկանիշը բարձրացրած, բայց հետագայում «քցված» պատգամավորները։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Քոքոբելյանի ու Հովհաննիսյանի մանդատակռիվը հիշեցնում է հայտնի ֆիլմի հերոսներ Պանիկովսկու և Բալագանովի մասնակցությամբ փող բաշխելու տեսարանը։ Ինչպես հայտնի է, ֆիլմի այդ դրվագում հայտնվում է Բենդերը և երկուսին էլ իրենց տեղը դնում։ 

Կից ներկայացված տեսանյութը շատ պատկերավոր ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ «ձախ» տարբերակով ինչ–որ բան ես ձեռքբերում ու հետո քո կարծիքով ուզում արդար բաժանել։ Չպետք է մոռանալ, որ «քցողին» կարող են «քցել», ու տիեզերական աղմուկ բարձրացնելն անտեղի է։ Եվ ուրեմն, պարո՛ն Րաֆֆի, երբ դու «քցում» ես ընտրողիդ ու թիմակիցներիդ, ապա պատրաստ եղիր, որ քեզ էլ «կքցեն»։ Առավելևս՝ քեզ «կքցի» սերժական իշխանությունը։ «Քցելը» նրանց մասնագիտությունն է։

Այս խորագրի վերջին նյութերը