Մեկնաբանություն

15.10.2012 18:29


ՀՀԿ–ն հայտնվել է անորոշության մեջ

ՀՀԿ–ն հայտնվել է անորոշության մեջ

ՀՀԿ վերնախավում անորոշության մթնոլորտ է։ «Ծերակույտը» գիտեր, որ Սերժ Սարգսյանը խնդիրներ ունի հանրային լեգիտիմության առումով, բայց գիտեր նաև, որ շեֆը դրսի «դաբրո» ունի։ Համենայնդեպս, այդպես էր նրանց մատուցվել։ «Ծերակույտին» ասվել էր, որ Ռուսաստանի մասով ամեն ինչ չէ, որ հարթ է, բայց Արևմուտքում հարց չկա։

Վարդան Օսկանյանի «գործի» շուրջը ծավալվող իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ ՀՀԿ–ի շեֆը խնդիրներ ունի ոչ միայն ՌԴ–ի հետ, այլ նաև Արևմուտքի ու մասնավորապես՝ ԱՄՆ–ի։ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, առանց դիվանագիտական էթիկան պահելու, քննադատեց իշխանության քայլերը և ցավ հայտնեց ընտրություններից առաջ կիրառվող ճնշումների մասով։

«Բա մեզ ասում էին, թե ամեն ինչ կարգին է, ու ԱՄՆ–ի «դաբրոն» կա»,– շշնջում է ՀՀԿ–ականների մեծ մասն ու շտապում այստեղ–այնտեղ տարածել, թե հատկապես իրենք են եղել այն պատգամավորները, ովքեր դեմ են քվեարկել Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությանը։

ՀՀԿ–ում անորոշության ու մի քիչ էլ խուճապի պատճառ է դարձել նաև Գագիկ Ծառուկյանի պահվածքը և այն, որ ԲՀԿ–ն սեփական թեկնածուով է մասնակցելու գալիք նախագահական ընտրություններին։

«Բա մեզ ասում էին, թե հարց չկա, ու ԲՀԿ–ն սատարելու է Սերժ Սարգսյանին»,–իրենց մտահոգություններն արդեն չեն թաքցնում իշխող կուսակցության բողոքավորները։

Ու հիմա, երբ նախագահական ընտրություններին ամիսներ են մնացել, շատերը փորձում են ուղիներ փնտրել՝ հարկավոր պահին լքելու համար խորտակվող նավակը, որի դրոշի վրա միշտ ծածանվել է «Սերժը դրսի «դաբրո» ունի» գրությամբ դրոշակը։ Դրոշակ, որն արդեն պատռվել է միջանցիկ թեթև քամիներից ու չունի նախկին տեսքը։

Պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի շրջապատում ընկան այն ծուղակի մեջ, որն իրենք էին սարքել, ու հիմա ստիպված են հետ պտտեցնել ամեն ինչ, բայց ժամանակը չի ներում։ Աննուշկան, ինչպես ասում են, վաղուց ձեթը թափել է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը