Հարցազրույց

07.11.2012 12:11


Էդուարդ Զորիկյան

Էդուարդ Զորիկյան

Հարցազրույց պոետ, երգահան, հեղինակ-կատարող, սցենարիստ և բեմադրիչ Էդուարդ Զորիկյանի հետ

Կարո՞ղ ենք ասել, որ մեր հասարակությունն արդեն դուրս է գալիս լեթարգիական քնից ու այլևս անտարբերությամբ և հանդուրժողականությամբ չի համակերպվում իր ապագայի խեղման հետ։

Մեր հասարակությունը միշտ էլ արթուն է եղել։ Սա ազատ մարդկանց Երկիր է, որտեղ ապրում են ազնիվ ու անկեղծ մարդիկ, ի՞նչ անտարբերության մասին է խոսքը։

Դժգոհություն կա, որ մտավորականների զգալի մասը երկրում տեղի ունեցող կարևորագույն և մտահոգիչ իրադարձությունների առնչությամբ ձայն չի հանում, իսկ հանելու դեպքում էլ, մեծամասամբ, արտահայտում է օրվա իշխանություններին հաճո տեսակետ։ Որտեղի՞ց է այս վախվորածությունը գալիս և որքա՞ն պետք է տևի։

–Ես էլ չեմ հասկանում, թե որտեղից է գալիս այդ վախվորածությունը: Չէ՞ որ մենք ապրում ենք ազատ ու անկախ Երկրում, որտեղ մարդն իրեն իրոք մարդ է զգում, ՄԱՐԴ… Ուրեմն ինչի՞ց պիտի վախենան։

–Ի՞նչ պայմաններում է այսօր Հայաստանում ապրում մտավորականը։ Ըստ արժանվույն գնահատվո՞ւմ է արդյոք։

Հայաստանում բոլորն են լավ ապրում` երջանիկ, ապահով կյանքով, իսկ տաղանդավոր մտավորականը՝ առավել ևս:

–Բայց հատկապես վերջին տարիներին բազմաթիվ արվեստագետներ անվերադարձ հեռացան և շարունակում են հեռանալ մեր երկրից։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ։

Երևի ամաչում են, որ իրենց նման թալանչի ու խաբեբա մարդիկ պիտի ապրեն այս դրախտավայր Երկրում ու իրենց ներկայությամբ ստվերեն ամեն ինչ, դրա համար էլ հեռանում են:

Հնարավո՞ր է, որ Դուք էլ հանկարծ հետևեք նրանց օրինակին։

–Ես ամոթի զգացումը վաղուց կորցրել եմ, ուստի ոչ մի տեղ էլ չեմ գնա։

Հաջորդ տարվա նախագահական ընտրությունների հետ ի՞նչ հույսեր եք կապում։ Չեք կարծում, որ դա բացառիկ առիթ է Հայաստանում դրական փոփոխությունների սկիզբ դնելու համար։

–Այո՛, դրական, միայն դրական բաներ են լինելու: Կարծում եմ, որ մեր կյանքն էլ ավելի կլավանա, յուրաքանչյուրը կունենա սեփական ինքնաթիռ: Մանուկները կերդվեն Նախագահի անունով ու կկրեն նրա լուսավոր պատկերն իրենց սրտերում: Մեծահասակները կօրհնեն Կառավարությանը աննախադեպ հոգատարության համար, իսկ պոետները երգեր կձոնեն մեր ազնիվ ու անկեղծ չինովնիկների մասին: Հայաստանում ցանկացած փոփոխություն միայն դրական է, միայն դրական։

–Այսինքն՝ հայերը վրացիներից ինչո՞վ են պակաս, որ չկարողանան կրկնել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների օրինակը։ Ուրեմն մի վրացու չա՞փ էլ չկանք։

Հայերը ոչ մեկից պակաս չեն, հայերը միայն ավելի են՝ ավելի ազնիվ, ավելի անկեղծ, ավելի հոգատար, ավելի մարդասեր, ավելի գթասիրտ, ավելի ժողովրդավար ու ավելի հայրենասեր: Չմոռանանք, որ հայ ենք մենք, եղբայրներ, հայ ենք մենք: Նաև հիշենք, որ հայ ես դու, հայ եմ ես, վայ քու ցավը տանեմ ես:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը