Քաղաքական

15.06.2009 13:28


Հարություն Առաքելյան. «Վարչապետն իրեն դրել է սերիալի Ռուդոլֆի տեղը»

Հարություն Առաքելյան. «Վարչապետն իրեն դրել է սերիալի Ռուդոլֆի տեղը»

Ոչ վաղ անցյալում ՀՌԱԿ կուսակցությունը տեղեկացրել էր, որ 2008թ. աշնանից  Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար ընկերների ջանքերով ստեղծվել էր «Նաիրիտ» գործարանի  թնջուկն ուսումնասիրող հանձնախումբ, որին մաս կազմելու առիթով իրենց քաղաքացիական համաձայնությունն էին տվել  տնտեսագետներ, իրավաբաններ, «Նաիրիտի» նախկին աշխատակիցներ: Հանձնախմբի աշխատանքների կազմակերպումը և ղեկավարումը ստանձնել է  ՀՌԱԿ  ատենապետ  Հարություն  Առաքելյանը, ում հետ զրույցում փորձեցինք տեղեկանալ, թե ինչպիսի՞ առաջընթաց է արձանագրել իր ղեկավարած հանձնախումբը.

-Այսօր շատ տարօրինակ՝ 37 թվականի «էնկավեդեական»  գործընթացներ են կատարվում «Նաիրիտում»։ Մեր տեղեկություններով՝ «Նաիրիտի» ղեկավարությունը հազարավոր աշխատակիցներից ստորոգրություն է հավաքել, որ նրանք «Նաիրիտի» մասին դրսում, նույնիսկ գործարանի ներսում որևէ կարծիք կամ տեղեկատվություն չհրապարակեն։ Սա նախ զավեշտալի մի փաստ է. անկախ Հայաստանում ես առաջին անգամ եմ նման բան տեսնում, քանի որ «Նաիրիտը» գաղտնի ձեռնարկություն չէ։ Եվ ընդհանրապես, աշխարհում մի 5 գործարան կա, որ կաուչուկ է արտադրում, և 40-50 սպառող։ Այնպես որ, ամեն ինչ շատ բացահայտ է։ Այս պարագայում ստորագրություն հավաքելը և լուր տարածելու դեպքում մարդուն աշխատանքից ազատելը, կարծում եմ, Սահմանադրության կոպիտ խախտում է, մարդու իրավունքների ոտնահարում։ Քանի որ կա քննչական խումբ, և այս պահին հետաքննություն է իրականացվում, չի բացառվում, որ աշխատակիցների հարցաքննության կարիքը լինի։ Ստացվում է, որ գործարանի ղեկավարությունը խոչընդոտում է չորս զոհվածների մահվան իրական պատճառները հետաքննող խմբի գործունեությունը,-ասել է Հարություն Առաքելյանը։

ՀՌԱԿ ատենապետն ասել է նաև, որ վերոնշյալ տեղեկությունն իրենց փոխանցողը խնդրել է, որ իր անունը չհրապարակվի, քանի որ, ըստ ստորագրության, իրեն աշխատանքից կազատեն։

-Կասկածները կամաց-կամաց փարատվում են։ Մենք կարծում ենք, որ «Նաիրիտի» թաքնված սեփականատերը կարծեք թե վարչապետն է, որովհետև ամեն ինչ անում է, որպեսզի գործարանին նվիրի կիսակառույց տարածքներ, որոնք պետությանն են  պատկանում՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն, Չինաստանի հետ համատեղ ձեռնարկությունը։ Այդ գործով նաև շատ ակտիվ աշխատում է վարչապետի եղբայրը, ով Չինաստանում դեսպան է, որովհետև չինական կողմի նախնական պայմանավորվածությամբ հայկական կողմը պետք է լիներ պետական։  Իսկ այժմ իրենք  ուզում են այդ մասնաբաժինը նույնպես նվիրել այս սեփականատիրոջը, ուզում են 30 մլն դոլար ևս նվիրել, այն դեպքում, երբ այս ձեռնարկության ղեկավարությունը ներդրումների իր ֆինանսական պարտավորությունները չի կատարել։ Մենք հետևում ենք գործընթացներին։ Եվ որքան էլ վարչապետն իրեն դրել է հայտնի սերիալի Ռուդոլֆի տեղը, որ չի բացահայտվում, բայց ամեն դեպքում՝ մենք բոլոր կասկածներն ունենք։

Սյուզի Մելքոնյան

 

Այս խորագրի վերջին նյութերը