Խմբագրական

Հունիս 19, 2009 14:36

Հեռացում և վերադարձ. նոր փուլին սպասելիս

Հեռացում և վերադարձ. նոր փուլին սպասելիս

1988-ից Հայաստանում սկիզբ առած ներքաղաքական զարգացումները որոշակի օրինաչափությունների և կանոնների են ենթարկվում, որոնք հիշեցնում են «Շատ մի ատիր՝ սիրել կա» կամ «Սիրուց մինչև ատելություն՝ մեկ քայլ է» ժողովրդական խոսքերը։

Նախաբան

2008թ. նախագահական ընտրություններով, ՀՀ նորագույն պատմության մեկնակետ համարվող 1988թ-ից սկսված, քսանամյա պարբերաշրջանն ավարտվեց։ Այժմ իշխանության է եկել այդ տարիների «երկրորդ պլանի լավագույն դերասանը»՝ Սերժ Սարգսյանը, ինչը հուշում է, որ սկսվել է նոր պարբերաշրջան։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ նոր պարբերաշրջանին նախորդող լճացման և բացասական երևույթներն իր մեջ խտացնող միջանկյալ փուլ։ Սա գորշ ժամանակաշրջան է՝ նույնատիպ գործիչներով։

Անցնող 20 տարիների ամենաբարդ քաղաքական հարցերից էր իշխանության ձևավորման հարցը։ Մահապարտի հոգեբանություն ձեռք բերած իշխանությունն ամեն գնով պահեց այն, իսկ ընդդիմությունը երբեք չկարողացավ ֆորմալ հաղթանակ ապահովել։ Արդյունքում՝ իշխանությունը նույնացվեց ամենաթողության, ագահության և հարստության, իսկ ընդդիմությունը՝ թուլության, պարտության և աղքատության հետ։ Փոխվեցին իշխանական դեմքերը, բայց վիճակը նույնը մնաց կամ ավելի վատացավ։ Այդ ընթացքում ժողովուրդը հասցրեց ընդդիմադիր դաշտում առնվազն 4 կուռք ստեղծել ու, արդյունքի չհասնելուց հետո, տապալել նրանց։ Իշխանությունն ընկալվում էր անձերով, և այդ իսկ պատճառով էլ անձի դեմ դուրս էր բերվում մեկ այլ անձ, ում վերագրվում էր գրեթե Սասունցի Դավթի դերակատարում։ Ու երբ «Դավիթը» չէր լուծում «Մսրա Մելքի» հետ նույնացվող իշխանության հարցերը, ժողովուրդը փնտրում էր նոր «Դավիթ»։ Ընդ որում, «Սասունցու» դերում կարող էր լինել նաև նախկինում «Մսրայի» դեր խաղացողը. միայն թե՝ գործող «Մսրան» հեռացվի։

88-ի խորհուրդը

Չանձնավորված պայքար և շարժում, որը համակարգային բնույթ ուներ և չէր դարձել մեկ անձի գերի, եղավ միայն 1988-ի ժամանակ, և միայն այդ դեպքում իշխանությունը փոխվեց դրսից։ Մնացած բոլոր դեպքերում իշխանության փոփոխությունը եղել է ներսից՝ որքան էլ որ հուժկու շարժում է եղել փողոցում։

88-ից հետո, ըստ իս, բոլոր քաղաքական շարժումները զիջել են այդ շարժմանն իրենց բովանդակությամբ, փիլիսոփայությամբ և համաժողովրդականությամբ, իսկ շարժման ղեկավարությունը՝ իր կառուցվածքով։

88-ին շարժման ղեկավարությունն ընկալվում էր թիմով, որը «Ղարաբաղ» կոմիտեն էր։ Հանրահավաքի մասնակիցները չէին գոռում «Վա՛զ-գե՛ն, նախագա՛հ», «Լե՛-վո՛ն, նախագա՛հ» կամ «Վա՛-նո՛, նախագա՛հ»։ Միգուցե 1989 թվականից սկսած՝ կոմիտեի ներսում արդեն սկսվել էր պայքարն ապագա իշխանության համար, բայց լայն զանդվածներն այդ խաղին ականատես չէին լինում։ 88-ի հիմնական կարգախոսները վերաբերում էին համահայկական, համազգային, քաղաքացիական, սոցիալական արդարության և համակարգային փոփոխությունների հարցերին, իսկ շարժման ղեկավարությունը կոլեգիալ մարմին էր, և մարդիկ վանկարկում էին «Կո՛-մի՛-տե՛»։

88-ի շարժումն այնքան գաղափարական էր, որ երբ ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդները, ծնվեց նոր կոմիտե, այսպես կոչված՝ «Ղարաբաղ կոմիտե-2»-ը։ Եթե նրանց էլ ձերբակալեին, ապա կստեղծվեր երրորդը, չորրորդը, և այդպես շարունակ, քանի որ գաղափարները հստակ էին, և հասարակական շարժիչն աշխատում էր այդ ուղղությամբ՝ անկախ շարժման ղեկավար կազմից։ Ուշագրավ է, որ երբ ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, իշխանափոխության խնդիր չկար։  Հետագայում արդեն, երբ ՍՍՀՄ-ը հոգեվարքի մեջ էր, շարժման տղաները բնականորեն դարձան իշխանավորներ։ Այսինքն, 88-ի շարժումը միակն էր քսանամյա պարբերաշրջանի ընթացքում, որն ի սկզբանե չէր դրել իշխանափոխության խնդիր, այլ առաջ էր քաշում համակարգային փոփոխություններին առնչվող հարցեր, բայց որի ղեկավարները, ի վերջո, եկան իշխանության։ Այլ հարց է, որ հետագայում կոմիտեի անդամները տարանջատվեցին միմյանցից ու նույնիսկ դարձան ոխերիմ թշնամիներ։

1991թ.-ի նախագահական ընտրություններից հետո եղած բոլոր քաղաքական գործընթացներն ավելի շատ ընկալվել են որպես անձերի, այլ ոչ թե՝ թիմերի բախման «էպոխաներ»։ Պատահական չէ, որ հայ հասարակությունն սկսեց կարևորել միայն նախագահական ընտրությունները։ Եթե պայքար էր մղվում անձերի դեմ, ապա ԱԺ-ի ընտրությունները, բնականաբար, պետք է դառնային երկրորդական նշանակության՝ «կարևորը լավ թագավոր ընտրելն է» պարզունակ բացատրությամբ։

Ի դեպ, 88-ի շարժման ղեկավարների իշխանության գալն սկսվեց 1990թ.՝ դեռևս սովետական խորհրդարանի ընտրություններով, որտեղ քաղաքական ուժի տեսք ստացած «Ղարաբաղ» կոմիտեն՝ ի դեմս ՀՀՇ-ի, մեծամասնություն չկազմեց, բայց մեկ տարի անց վերցրեց իշխանությունն ամբողջությամբ։ Դրանից հետո մենք ունեցել ենք իշխանության դեմ պայքարի դուրս եկած կուռքերի «դարաշրջաններ»։ 1996-ին ժողովրդի սիրելին Վազգեն Մանուկյանն էր, 1998-ին՝ Կարեն Դեմիրճյանը, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանը, իսկ 2008-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բոլորի դեպքում էլ նույն արդյունքն արձանագրվեց, ինչը «դեժա-վյու» էր հիշեցնում։

«Գնա մեռի՝ արի սիրեմ» կամ Թոյնբիի էֆեկտը

Քսանամյա պարբերաշրջանի քաղաքական պրակտիկան արձանագրում է նաև մի շատ հետաքրքիր երևույթ, այն է՝ հանրային համակրանքները մեր քաղաքական գործիչների (հատկապես՝ ընդդիմադիրների) նկատմամբ բավական կարճ ժամանակահատվածում արագ փոփոխվում են։ Ընդ որում, սիրելիները դառնում են ատելի, իսկ ատելիները՝ ընդհակառակը։

Հանրահայտ պատմաբան և քաղաքագետ Առնոլդ Թոյնբին, ուսումնասիրելով պատմաքաղաքական գործընթացները և քաղաքակրթությունների զարգացումները, դուրս էր բերել մի օրինաչափություն, որին տրվեց «Հեռացում և վերադարձ» անվանումը։ Համաձայն այդ մոդելի՝ երևույթները կամ անձերը, որոնք տվյալ պահին ընդունելի չեն, մի որոշ ժամանակ անց կարող են հակառակ ընկալումն ունենալ։ Պայմանն այն է, որ, մերժվելուց կամ չընկալվելուց հետո, տվյալ երևույթը կամ գործիչը միառժամանակ պետք է պասիվ վիճակում հայտնվի։ Թոյնբին պարզել էր, որ «Հեռացում և վերադարձ»-ի մոդելը գործել է բոլոր ժամանակներում և բոլոր տիպի հասարակություններում։ Օրինակ, քրիստոնեական գաղափարախոսությունը սկզբնական շրջանում հունական փիլիսոփայության մերժում առաջացրեց։ Սոկրատեսի, Պլատոնի, Արիստոտելի և մյուսների աշխատությունները հեռացվեցին բովանդակ Եվրոպայից։ Տարիներ անց հունական փիլիսոփայությունը հաղթականորեն վերադարձավ քրիստոնեական աշխարհ, սինթեզվեց, և սկսվեց վերածննդի դարաշրջանը։  

Հայաստանյան քաղաքական զարգացումների պրիզմայով դիտարկելով Թոյնբիի մոդելը՝ հանգում ենք շատ ուշագրավ եզրակացությունների։ Պարզվում է, որ մեզ մոտ էլ քաղաքական գործիչների առումով հստակ գործում է «Հեռացում և վերադարձ»-ի մեխանիզմը։ Դադարի ժամկետը ուղիղ 10 տարի է։ Ճիշտ է, ֆորմալ հաջողություն ապահովել դեռ ոչ ոք չի կարողացել, բայց հանրային ընկալման  առումով անշեղորեն գործում է «կուռք-հակակուռք-հեռացում-դադար-վերադարձ-կուռք'» բանաձևը, որը համահունչ է «Գնա մեռի՝ արի սիրեմ» բանահյուսական խոսքին։ Տվյալ դեպքում՝ «Մեռնելը» պետք է ընկալել առաջնորդների քաղաքական դադար վերցնելու իմաստով։

Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես է աշխատել Թոյնբիի մոդելը 1988-2008 թվականների ընթացքում։

1988-ի շարժման ժամանակ կոմունիստական իշխանությունը բավական ցածր լեգիտիմություն ուներ։ Ազգային զարթոնքի ֆոնին՝ վերջնականապես վարկաբեկվել էին նաև կոմունիստական գաղափարախոսությունն ու դրա կրող ՍՍՀՄ-ը։ Կարեն Դեմիրճյանը, ով այն տարիներին Հայաստանի Կենտկոմի 1-ին քարտուղարն էր, մարմնավորում էր հին վարչակարգը։ Նկատենք, որ այն ժամանակվա կոմկուսի վերնախավը, փաստացի, չկանգնեց Ղարաբաղյան շարժման կողքին։ Այն տարիներից մնացել է Դեմիրճյանի թևավոր դարձած խոսքը. «Ղարաբաղը ջեբս չէ, որ հանեմ, տամ ձեզ»։ Դա ասվեց Ազատության հրապարակում, երբ Լեռնային Ղարաբաղում արդեն կրակոցներ կային և մարդիկ էին զոհվում։ Հավաքվածները դժգոհությամբ ընդունեցին այդ խոսքերը։

Փլուզվող ՍՍՀՄ-ի հետ, գրեթե աննկատ, հեռացավ նաև Կարեն Դեմիրճյանը։ Նրա հեռացումը շատ բնական ընկալվեց։ Քաղաքական թատերաբեմում նոր դեմքերի ժամանակն էր եկել։

1991թ.-ին Հայաստանն անկախություն ձեռքբերեց։ Մենք բավական բարդ իրավիճակում հայտնվեցինք՝ երկրաշարժի հետևանքներ, պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, սոցիալական վիճակի վատթարացում և այլն։ Հասարակության մեջ կամաց-կամաց սկսեցին ռեակցիոն ու կարոտախտային  տրամադրություններ արթնանալ։ Մարդիկ կարոտում էին «սովետի գյոզալ ժամանակները»։ Բնականաբար, հանրային գիտակցության մեջ առաջացավ «սովետի վախտվա» ղեկավարի վերադարձի պահանջ։ Նկատենք, որ նման տրամադրություններ առկա էին նաև  նախկին ՍՍՀՄ-ի մասը կազմող այլ երկրներում։

Եվ ահա, 88-ից 10 տարի անց՝ 1998թ.-ի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ, Կարեն Դեմիրճյանը վերադարձավ ակտիվ քաղաքականություն ու դարձավ ընդդիմության հիմնական խոյահարող ուժը։ Իսկ 98-ի արտահերթը, ինչպես հայտնի է, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով էր պայմանավորված։ 1988-ի երբեմնի առաջնորդի հեռացումը 1998-ին նույնքան բնական ընկալվեց, որքան որ Կարեն Դեմիրճյանինը՝ շարժման տարիներին։

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի հեռացմանը նախորդել էր 1996թ. նախագահական ընտրությունը, որը, մեղմ ասած, չէր անցել ժողովրդավարական սկզբունքներով։ Տեր-Պետրոսյանը հեռացավ և վերադարձավ ուղիղ 10 տարի անց։ 2008-ի նախագահական ընտրություններին նրան նույնիսկ պաշտպանեցին մարդիկ, ովքեր 1996-ին գոռացել էին՝ «Լե՛վ -վո՛ն, հեռացի՛ր», կամ էլ 1998-ին նպաստել էին Տեր-Պետրոսյանի հրաժարական տալուն։ Թոյնբիի մոդելն ապշեցուցիչ ճշգրտությամբ աշխատեց և՛Կարեն Դեմիրճյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում։ 

Ամփոփում.

1.Քսանամյա քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ իշխանական և ընդդիմադիր ճամբարներում նոր դեմքեր գրեթե չեն հայտնվել։ Երկու կողմերում էլ էլիտաները 88-ի «կոհորտայից» են։ 88-ի մերժվածներն ու սիրելիները պարբերաբար փոխվել են տեղերով, բայց դրսից նոր խաղացող չի մտել «հիմնական խաղացողների ակումբ»։

2.Բոլոր այն քաղաքական շարժումները, որոնք անձերի շուրջ են ձևավորվել՝ երբեք հաջողության չեն հասել։

Մեկ նկատառում ևս. Ճիշտ է՝ և՛ 1998-ին, և՛ 2008-ին կրկնվեց 10-ամյա «քավարան» անցած գործիչների վերադարձի ֆենոմենը, սակայն 2 դեպքում էլ ֆորմալ հաղթանակի նրանք չհասան։

Փաստորեն, 1988-ի շարժման հաղթանակից և անկախության ձեռքբերումից հետո, Հայաստանում ձևավորվեց մի քաղաքական համակարգ, որը թույլ չի տալիս իշխանության ընդդիմախոսներին «փողոցից» դեպի իշխանական պալատներ տեղափոխվել։ Իշխանությունը փակվել և օտարվել է հասարակությունից։ Նրանց դեմքերը կարող են փոխվել, բայց՝ միայն իշխանության ներսից։ Այս արատավոր պրակտիկան դեռևս պահպանվում է, և դա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը և քաղաքական ուժերը չեն գտել իշխանական համակարգ մտնելու այնպիսի մի տարբերակ, որն իր բնույթով կլիներ 88-ի նման։

Ենթադրում եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ գործող շարժումը կգնահատեն 88-ին համարժեք։ Նույնիսկ տեսակետ կա, թե 2008-ինն ավելի բարձր մակարդակի ու որակի համաժողովրդական շարժում էր, քան Ղարաբաղյան շարժման ժամանակ էր։ Կարծում եմ՝ վիճելի թեզ է։

Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե 2008-ի շարժումն ինչո՞վ էր տարբերվում 1996-ի, 1998-ի, 2003-ի շարժումներից։ Ինչ է՝ 96-ին երթեր ու ցույցեր չկայի՞ն։ 98-ին չկայի՞ն։ 2003-ին չկայի՞ն։ Իհարկե՝ կային։ Մարդիկ Կարեն ու Ստեփան Դեմիրճյանների ոտքերի տակ գառներ էին մորթում, և դա շատ անկեղծ էր։ 96-ին մարդիկ նույն կրքոտությամբ «Վա՛զ-գե՛ն, նախագահ» էին բացականչում, իսկ արդեն 2008-ին վազգենական զանգված համարվող շատերը Տեր-Պետրոսյանի մոլեռանդ պաշտպաններ էին դարձել։ Իշխանական մամուլը նույնիսկ «Լևոնի վկաներ» պիտակավորումն էր տվել Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին։ Ասեմ, որ նույն տրամաբանությամբ՝ 96-ին էլ «Վազգենի վկաներ» կային, բայց այդ ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավորած իշխանությունը մեկ փուլով ֆորմալ հաղթանակ գրանցեց նախագահական ընտրություններում։ Հիմա ո՞վ կարող է չափել, թե ո՞ւմ կողմնակիցներն էին ավելի բարձր ձայնով երկրպագում իրենց կուռքերին և, հետևաբար, ո՞ւմ վարած պայքարն էր կրում համաժողովրդական բնույթ, իսկ ումը՝ ոչ։ Գնահատականներ տվողներն ովքե՞ր են։

Իմ կարծիքով, համաժողովրդական կարելի է կոչել այն շարժումը, որը անձնավորված բնույթ չունի, ինչպիսին որ 1988թ.-ին եղավ։ Երբ գործ ունես փակ ռեժիմի հետ՝ պետք է համակարգը բարեփոխելու խնդիր առաջ քաշել, ոչ թե ռեժիմի պարագլխին հեռացնելու։ Ռեժիմի պարագլուխը մի օր կարող է հեռանալ կամ հեռացվել, բայց դրանով հարցերը չեն լուծվում։  Այլ երկրների փորձն էլ է դա ցույց տալիս։

Լեհաստանում երբ դեռևս սովետական տարիներից ստեղծվել էր «Սոլիդարնոստ» շարժումը՝ նպատակ չէր հետապնդում Լեխ Վալենսային դարձնել ՍՍՀՄ-ից տարանջատված Լեհաստանի նախագահ և պաշտոնազրկել Մոսկվայի կամակատար Վոյցեխ Յարուզելսկուն։ Վալենսայի նախագահ դառնալը հետագայում եղավ բնականորեն, երբ «Սոլիդարնոստն» արդեն ավելի լայն խնդիրներ դրեց իր առջև (անկախություն, ժողովրդավարություն և այլն)։

Նույնն էր նաև Լիտվայում։ 1987 թ.-ից սկսված շարժումը, որը ակումբային քննարկումների տեսք ուներ, հետո վերածվեց բնապահպանական, արձանների պաշտպանության և այլ նմանատիպ շարժումների։  Իսկ արդեն 1988 թվականի հունիսի 3-ին այդ շարժումները մեկտեղվեցին և պաշտոնապես գործեցին «Սայուդիս» կազմակերպության դրոշի ներքո։ «Սայուդիսի» ստեղծման համար խթան հանդիսացավ նաև նույն տարվա ապրիլին Էստոնիայում ձևավորված «Ժողովրդական ճակատի» առկայությունը։  «Սայուդիսի» գլխավոր խնդիրը դարձավ Լիտվայի անկախացումը, այլ ոչ թե գործող իշխանությունների հեռացման պահանջը։  Ի դեպ, Լիտվական շարժումը, որը գլխավորում էր «Սայուդիսը» ի սկզբանե խնդիր չէր դրել իշխանության բերել Վիտաուտաս Լանձբերգիսին։ Դա եղավ համաժողովրդական գործընթացների արդյուքում։ Լիտվական շարժումը նախևառաջ ազգային և համամարդկային բնույթի հարցեր էր առաջ քաշում։ «Սայուդիսը» ղեկավարող գործիչները սկզբում վերցրին Լիտվայի խորհրդարանը, իսկ հետո նաև գործադիր իշխանությունը։

Նմանատիպ բազում այլ օրինակներ ևս կարելի է բերել։ Այնպես որ, Հայաստանում գործող ընդդիմությունների պարտության պատճառները դեռ պետք է լուրջ վերլուծության ենթարկվի։ Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները մեր քաղաքական կյանքում բազում շերտեր ունեն, որոնք անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, հասկանալ ՀՀ-ում ձևավորված իշխանական համակարգի ծագումնաբանությունը, «անատոմիան» և համապատասխան հետևություններ անել։

Մեր երկիրն այժմ կարիք ունի արմատական և համակարգային փոփոխությունների։ Սակայն գործող իշխանությունը, ըստ իս, չի կարող այդ առաքելությունն իր վրա վերցնել, քանի որ չունի այդ փոփոխություններն իրականացնելու պատկերացումներ, ցանկություն և հնարավորություն։ Ասվածի ապացույցն  է ներկայումս վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը։ Այն, ինչ այժմ մեր տնաբույծ բոլշևիկները կոչում են բարեշրջում, իրականում մոնոլիտ  խմբիշխանություն ձևավորելուն է ծառայում։ Սա մի մղձավանջ է, որը պետք է հաղթահարել։ Դիմանալ է պետք։ Առջևում լուսաբացն է։ Բոլոր ժամանակակից ազգերն ու պետությունները, իրենց զարգացման ընթացքում, ունեցել են այս տիպի «մառազմատիկ» շրջաններ, բայց կարողացել են հաղթահարել դրանք։ Մենք ուրիշներից լավը չենք, բայց վատն էլ չենք։ Մենք էլ իրավունք ունենք ապրելու ժողովրդավարական և անվտանգ պետության մեջ։ Հիմա դրան հասնելու ռեբուսն է անհրաժեշտ լուծել, բայց ոչ թե անձերին գերի դառնալով, այլ՝ իրոք համաժողովրդական շարժման և գաղափարական հզոր զենքի միջոցով։ Ինչպես 88-ին։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.-1։ Առնոլդ Թոյնբիի մոդելից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ եթե 1996-ի ընտրություններից հետո ֆորմալ պարտություն կրած Վազգեն Մանուկյանը դադար վերցներ և իր քաղաքական կապիտալը հետագա ընտրություններին մասնակցելով չմաշեցներ, ապա չի բացառվում, որ 2008-ի ընտրություններին ինքը դառնար ընդդիմադիր դաշտի ֆավորիտը։ Բայց պատմությունը «եթեներ» չի սիրում, և Վ. Մանուկյանի պարագայում ունենք այն, ինչ ունենք։ Յուրաքանչյուր գործիչ ինքն է ընտրում իր ճանապարհը։ Անկեղծ ափսոսանք եմ ապրում՝ Մանուկյանին խմբիշխանական համակարգին կից խորհրդի ղեկավարի դերում տեսնելիս, բայց դա իր գործն է։ Իմ տպավորությամբ, Մանուկյանի մոտ ավելի շատ գերակշռեց Տեր-Պետրոսյանի նկատմամբ ունեցած անձնական ատելությունն ու թշնամանքը, քան քաղաքական ռացիոնալ հաշվարկը։ Այդպիսով «Ղարաբաղ» կոմիտեի երբեմնի կոորդինատորը դարձավ իր թշնամու գերին, և իշխանությունը շտապեց օգտվել նրա այդ սխալից ու թուլությունից։

Հ.Գ.-2։ ՀՀ-ում ընտրություններ հասկացությունն ընդդիմադիր գործիչների համար դարձել է գիլյոտինի պես մի բան։ Հանրությունն ընդդիմադիր առաջնորդին բարձրացնում է պատվանդանի վրա, բայց հետագայում, երբ հաղթական արդյունք չի լինում, պարզվում է, որ դա կուռքի համար նախատեսված քաղաքական կառափնարան է և սպասվում է քաղաքական դաժան գահավիժում։ Այդ կանխազգացումը, թերևս, ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ 2008-ի նախընտրական փուլում Ազատության հրապարակում արտասանում էր «Մահվան տեսիլը»։ Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հանրային դիմադրության փլիսոփայությունը չի փոխվել։

 

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: