Լրահոս

19.06.2009 17:51


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ողջունելով Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսին՝ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների մասին, որոնց շարքում կարևոր տեղ են գրավում նաև տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների հետ։
Նահանգապետ Գեորգի Բոոսը ներկայացրել է մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, բանկային համակարգում ընթացող բարեփոխումները, ներդրումների խթանմանը միտված միջոցառումները, նշել, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ Կալինինգրադի մարզը մեծ նշանակություն է տալիս կապերի զարգացմանը հատկապես այն երկրների հետ, որոնք պատմականորեն և հոգևոր առումով մոտ են Ռուսաստանին։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել գյուղմթերքների, շինարարական և արդյունաբերական ապրանքների, առևտրի, ոսկերչության, նաև զբոսաշրջության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Խոսելով տնտեսական կապերի զարգացման եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին, զրուցակիցները կարեւորել են գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը, ինչին, անկասկած, նպաստ կբերեն Երևանի «Մոսկվայի տանն» անցկացված բիզնես-համաժողովը և Կալինինգրադի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդեսը։ Երկուստեք ցանկություն է հայտնվել, որպեսզի գործարարների միջև նման հանդիպում կազմակերպվի նաև Կալինինգրադի մարզում։

Այս խորագրի վերջին նյութերը