Լրահոս

19.06.2009 19:05


Անահիտ Բախշյանը՝ համաներման մասին

Իհարկե, համաներումը ողջունելի եւ նախագահի հեղինակությունը բարձրացնող մարդասիրական քայլ է: Հատկապես, եթե այն միտված է հասարակության մեջ առկա լարվածությունն իսկապես թուլացնելուն: Մեր հասարակության մեջ համաներումը պիտի նպաստեր իրավապահ եւ արդարության պահանջմունքի բավարարմանը, իշխանությունների նկատմամբ վստահության պակասի կրճատմանը, արդարադատության մարմինների առավել զգոն ու արդարամիտ դառնալուն:

Սակայն համաներման գործընթացին նախորդող դատավարություններն ամրապնդեցին մեր  հեղինակազրկված դատարանների, բավականին խոշոր աշխատավարձ ստացող, սակայն այդպես էլ ծառայամտությունը չթոթափած դատավորների ու պատվեր կատարող դատախազների նկատմամբ հասարակության մեջ արմատավորված անսահմանության հասնող բացասական կարծիքը:

Օրինակ' պետական մեղադրող Կորյուն Փիլոյանը 9 տարի պահանջեց Սասուն Միքայելյանի համար: Եթե Սասուն Միքայելյանի' hայրենիքին մատուցած  ծառայությունների մասին հիշեցնելու կարիք չկա, ապա ուզում եմ հիշեցնել Կորյուն Փիլոյանի մատուցած «ծառայությունները» Հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ: Այդ դատավարությանը, որպես պետական մեղադրող, նա սկսեց մասնակցել բավականին ուշ, որից հետո ամբողջովին շեղվեց դատավարության ընթացքը, եւ նա' առաջնորդվելով միայն իր անձին  հայտնի շահերով, նպաստեց դրան:

Արդյունքում մոտավորապես 3 տարի տեւած դատավարությունից հետո հասարակությունը ոչինչ ավելի չիմացավ, քան գիտեր արդեն 3 տարի առաջ հոկտեմբերի 28-ին: Այդպես էլ չբացահայտվեցին սահմռկեցուցիչ պետական  ահաբեկչության կազմակերպիչները,  մեր պետությունը գլխատողները, եւ ահաբեկչությունը մեզանում «բնավորվեց» այնքան հիմնավոր, որ այն սպառնում է բոլորին:

Օրինակ' Արաբկիրի թաղապետի որդու կատարած մահափորձը պետեկամուտների կոմիտեի նախագահի նկատմամբ: Ահաբեկչություն, որից ոչ մեկը, ցավոք սրտի, ապահովագրված չէ, եւ որը հետեւանք է այն փաստի, որ մեր երկրում չեն կայանում օրենքի գերակայությունը, արդարադատությունը:

Խոսքս ուղղում եմ Հանրապետության նախագահին:

Պարոն Նախագահ,

Համաձայն ՀՀ սահմանադրության' Դուք համարվում եք պետության գլուխն ու  օրենսդիրը, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեության երաշխավորը: Կարծում եմ' Սահմանադրությունը նկատի ունեիք, երբ ընտրություններից հետո Դուք մի առիթով նաեւ խոստացաք, որ մեզանում վերջ  կդրվի «հեռախոսային» արդարադատությանը:

Ցավոք, դատական մարմինները շարունակում են ուղղորդվել կլանների շահերով, եւ «հեռախոսային» արդարադատությանն ավելացել է ընդգծված կլանայինը:

Վերոնշյալ մարմինների եւ, հատկապես, արդարադատության ոլորտի անիրավ գործունեության հետեւանքները կարող են կործանարար լինել ցանկացած իշխանության համար, քանի որ յուրաքանչյուր անարդար դատավարություն հասարակության մեջ ավելացնում է դժգոհների, ըմբոստացողների կամ վրեժխնդրությամբ, ահաբեկչությամբ  հարցեր լուծողների թիվը:

Այդ մարդկանց թիվն օրըստօրե աճում է գործադիր, դատական, ոստիկանական մարմինների ապօրինությունների եւ տիրող անպատժելիության հետեւանքով, որոնք բոլորիս, տնտեսականից բացի, կանգնեցրել են ավելի լուրջ' բարոյական ճգնաժամի առջեւ:

Այս վիճակն անցանկալի ու անհեռանկարային է բոլորիս համար:

Հույս ունեմ, որ Համաներման այս որոշումը, հաշվի առնելով բոլոր առաջարկները, կլինի ներողամտության քայլ' մարտի 1-2-ի հետ կապված բոլորի նկատմամբ, որովհետեւ 10 զոհերի իրական մարդասպանները դեռեւս ազատության մեջ են:

Այս խորագրի վերջին նյութերը