Հարցազրույց

22.01.2013 14:58


Նարեկ Բաբայան

Նարեկ Բաբայան

Հարցազրույց ակտիվիստ Նարեկ Բաբայանի հետ

Արձակագիր Արմեն Օհանյանը «Facebook»-ի իր էջում գրել էր, որ տեղամասային հանձնաժողովի անդամի լիցենզիա ստանալու համար քննություն է հանձնել, սակայն հետո ԿԸՀից իր գրավորի արդյունքների տվյալներն անհետացել են։ Որքան տեղյակ եմ, դուք նույնպես բախվել եք նույն խնդրին։ Խնդրում եմ մանրամասնեք։

–Այո՛, ես ևս ամռանը մասնակցել եմ լիցենզիա ստանալու քննությանը, և քանի որ նախկինում էլ ունեցել եմ լիցենզիա, հեշտությամբ և արագորեն լրացրեցի հարցաթերթիկը և նրանում առկա խնդիրը, այն է՝ ամփոփաթերթի լրացումը, ինչն անգամ վերջին ԱԺ ընտրություններին մեր տեղամասի ՀՀԿ–ական նախագահը չգիտեր: Պիտի նշեմ, սակայն, որ քննությունից հետո ես չեմ հետաքրքրվել դրա արդյունքներով՝ ուղղակի վստահ լինելով, որ կստանամ լիցենզիան, և այն մնացածների հետ կփոխանցվի ՀԱԿ գրասենյակ: Դրա բացակայության մասին իմացա միայն վերջերս, երբ պարզեցի, որ իմ անվամբ վկայական չկա ՀԱԿ գրասենյակում, ինչպես նաև ԿԸՀ էլեկտրոնային բազայում:

ԿԸՀից պատասխանելով Արմեն Օհանյանի բողոքին՝ ասել էին, թե նրա դատողությունները՝ կապված ՀԱԿ անդամների որակավորման վկայականներն արհեստականորեն չտրամադրելու հետ, հորինվածք են։ Դուք ԿԸՀի կողմից ՀԱԿ անդամների հարցում խտրականություն նկատե՞լ եք։

–Ես չեմ նկատել այլ անձնաց հետ կապված խտրականություն, քանի որ քննությունը անց է կացվում գրավոր: Ես կարող եմ նշել միայն, որ նախորդ 4-5 ընտրություններին առիթ եմ ունեցել առնչվել լիցենզիա ունեցող, սակայն օրենքները չիմացող և չհարգող բազմաթիվ հանձնաժողովականների հետ, փոխարենը իմ կողմից գրեթե փայլուն լրացված հարցաթերթիկի հիման վրա ես այդ լիցենզիան չեմ ստացել:

ԿԸՀի վերոնշյալ պատասխանում նաև հարց է բարձրացվել՝ եթե Արմեն Օհանյանն իրոք մասնակցել է դասընթացներին, ապա ինչո՞ւ մինչ այժմ չի փորձել պարզել իր վկայականը չստանալու պատճառները։ ԿԸՀն նաև եզարակցնում է՝ իհարկե, այն պարզ պատճառով, որ չէր մասնակցել նշված դասընթացին: Հիմա ես ձե՛զ կատակով հարցնեմ՝ գուցե դո՞ւք էլ չեք հիշում, որ չեք մասնակցել դասընթացներին։ 

–Ես էլ կատակով պատասխանեմ, այո՛, ես հիշում եմ, որ չեմ մասնակցել. ես դրա կարիքը չունեի:

Հայաստանյան այսօրվա ներքաղաքական և հոգեբանական մթնոլորտն ինչպե՞ս եք գնահատում։ 

–Իհարկե, ես չեմ, որ պիտի համակողմանի գնահատականներ տամ, սակայն կգնահատեի որպես հուսահատ, քանի որ մեզանում մարդկանց մեծ մասը սովորել է հույսը դնել այլոց վրա, սակայն այս ընտրությունների նախաշեմին համապատասխան հույսեր ներշնչող առաջարկ չկա: Կա նախընտրական մի ծրագիր (Բագրատյանինը), սակայն Սահմանադրությունը բռնաբարած իշխանության դեմ ծրագրի հաղթանակին մարդիկ քիչ են հավատում: Մյուս կողմից, ներկա վակուումը նոր գործընթացների սկիզբ կարող է հանդիսանալ, որում ավելի ներգրավված կլինեն մարդիկ, ովքեր ավելի հակված են հույսները դնել իրենց վրա:

Ըստ ձեզ՝ ո՞ւր կարող են հասցնել առաջիկա նախագահական ընտրությունները, և ի՞նչ ու ինչպե՞ս է հանարավոր փոխել։

Սպասվող ընտրություններից էական սպասելիք չկա, բայց զարգացումներից առաջ պետք չի ընկնել: Արդեն նշածս վակուումի չափերն ու բնութագիրն ավելի պարզ կդառնան ընտրություններից ավելի ուշ:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Հ.Գ. Հարցազրույցը հրապարակելուց հետո ԿԸՀ–ից տեղեկացրել են, որ Նարեկ Բաբայանը անհրաժեշտ 31–ից հավաքել է 29 միավոր։ 

Այս խորագրի վերջին նյութերը