Աշխարհ

30.01.2013 16:11


«Իրանի դիրքորոշումը ԼՂ–ի հակամարտության առնչությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել». դեսպան

«Իրանի դիրքորոշումը ԼՂ–ի հակամարտության առնչությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել». դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը արտահայտվում է երկրի նախագահի և արտաքին գործերի նախարարի կողմից և այդ շրջանակներից դուրս ցանկացած այլ տեսակետ համարվում է անձնական կարծիք: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին` «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանում ԻԻՀ դեսպանի` Իրանի պաշտոնական դիրքորոշմանը հակասող պարբերաբար հնչող հայտարարությունները: «Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել, և Իրանը նախկինի պես կարծում է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցային ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա»,-հայտարարեց Ռեիսին: Մյուս կողմից, Իրանի Իսլամական Հանրապետությունը որպես միակ երկիր, որը ընդհանուր սահման ունի հակամարտության գոտու հետ, իր մտահոգությունն է հայտնում հակամարտության գոտում լարվածության ստեղծման և ցանկացած բախման կապակցությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 29-ին տարածել էին Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինի հայտարարությունն, իբր Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Այս խորագրի վերջին նյութերը