Աշխարհ

23.06.2009 19:35


Կիրո Մանոյան. «Սահակաշվիլիին պետք է հիշեցնել այն բոլոր պարտավորությունները, որոնք Վրաստանը ստանձնել է Սերժ Սարգսյանի Վրաստան այցելության ժամանակ»

Կիրո Մանոյան. «Սահակաշվիլիին պետք է հիշեցնել այն բոլոր պարտավորությունները, որոնք Վրաստանը ստանձնել է Սերժ Սարգսյանի Վրաստան այցելության ժամանակ»

Հունիսի 24-ին պաշտոնական այցով Հյաստան է ժամանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Թե ինչպիսի՞ն կլինի կամ պետք է լինի երկու նախագահների օրակարգը, ինչ թեմաներ են քննարկվելու երկու նախագահների հանդիպման ընթացքում, «7օր»-ին իր կարծիքն է հայտնել ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

-Կարծում եմ այդ վերջին դեպքերի նպատակը հենց այն է, որ այս այցելությունը ինչ-որ իմաստով ձախողվի և խոսակցության հիմք լինեն հենց այդ դեպքերը՝ Շիրակ Թորոսյանի միջադեպը, ուսուցիչներին վախացնելու ու չարտոնելու,  որ Հայաստան գան, և նման այլ ճնշման միջոցները, որոնք Վրաստանի իշխանության առնվազն որոշ օղակների կողմից գործադրվում են ընդհանրապես հայության և հատկապես Ջավախքի հայության նկատմամբ,- ասել է Կիրո Մանոյանը։

Նրա կարծիքով, Միխայիլ Սահակաշվիլիին պետք է հիշեցնել, այն բոլոր պարտավորությունները, որոնք Վրաստանը ստանձնել է Սերժ Սարգսյանի Վրաստան այցելության ժամանակ ձեռք բերված համաձայնություններով և անհրաժեշտ է, որ այդ պայմանավորվածությունները գործադրվեն.

-Խոսքս հատկապես վերաբերվում է Հայաստան-Ախալքալաք-Բաթում ճանապարհի կառուցմանը, որին երկու կողմերն էլ համաձայնվել են, և, որի ուղղությամբ պետք է աշխատանք տանեն միջազգային ֆինանսավորումն ապահովվելու համար։ Դա երկու երկրների համար էլ կարծում եմ ռազմավարական նշանակություն ունի և, կարծում եմ, անհրաժեշտ է այդ ուղղությամբ շարժվել։ Պարոն Սահակաշվիլիին անհրաժեշտ է հիշեցնել, որ անկախ իրենց երկրի ներսում ընթացող գործընթացներից, անհրաժեշտ է բավական լրջորեն մոտենալ Հայաստանին և ընդհանրապես հայության հետ հարաբերությունների խնդրին և չտարվել այն ժամանակավոր խանդավառությամբ, որ կարող են ինչ-որ ձև Վրաստանի հասարակության ուշադրությունը շեղել իրենց ներքին խնդիրներից, կամ վախացնել հայերին և այլն։  

Ընդհակառակը, ըստ Կիրո Մանոյանի,  պետք է կենտրոնանալ Հայաստանի և հայության հետ սերտ, անկեղծ և ռազմավարական գործունեությունը զարգացնելու վրա։ Անդրադառնալով Ջավախքին, նա նշել է, որ Ջավախքի հարցերը այն ռազմավարական խնդիրներից են, որ երկու երկրները պետք է միասնաբար լուծեն։

-Ջավախքի խնդիրները ոչ միայն սոցիալ-տնտեսական են. այնտեղ կա հիմնականում քաղաքական հարց՝ ազգային ինքնության պահպանության խնդիր։ Մեկ բան պետք է հասկանա վրացական քաղաքական էլիտան՝ այսօրվա իշխանությունն է, թե ընդդիմությունն է կարևոր չէ, որովհետև այս հարցում իրարից շատ չեն տարբերվում, որ Հայաստանի հետ հարաբերությունները պատմականորեն արդյունավետ են եղել, երբ երկու ժողովուրդները միասին են եղել, և երկու ժողովուրդներն ու երկրները տուժել են, երբ միասին չեն եղել,- ասել է Կիրո Մանոյանը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը