Աշխարհ

24.06.2009 20:06


Ինտեգրո՞ւմ, թե ձուլում

Ինտեգրո՞ւմ, թե ձուլում

Շատ տարիներ է, ինչ բանավեճեր են տարվում Ջավախքի` Վրաստանի հասարակական, տնտեսական և, ամենակարևորը, քաղա­քա­կան կյանքում ինտեգրման մասին: Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում այս տարա­ծաշրջանի այն բնակիչները, ովքեր այս կամ այն չափով ներգրավված են ինտեգրման գործընթացներում և հասարակական գործունեությունում:

Ջավախքի մտավորականների միության նախագահ Ազատ Շիպակցյանը գտնում է, որ եթե ողջ հարյուրամյակի ընթացքում կառավարության կողմից առավել լրջորեն դրվեր պետական լեզվի ուսուցման հարցը, ապա բնակչությունը մայրենի լեզվի` հայերենի հետ միասին, վրացերենն էլ կսովորեր և ուրիշ ոչինչ պետք չէր անել: Իսկ ինտեգրման գործընթացների կապակցությամբ ասում է, որ բնակչությունն արդեն ինտեգրվել է և ներկայիս ընթացիկ գործընթացներն անհեստական ինտեգրում է. «Մենք միշտ ինտեգրված ենք եղել վրաց հասարակությունում: Նպատակի արհեստա­կան ներկայացումն ու ցուցադրումը, որ պետք է իրականացվի մեր ինտեգրումը, ծառայում է ինչ-որ բանի: Դրա նպատակն է, որ մոռանանք մեր մայրենի լեզուն, մշակույթը, հայրենիքը, սեփական ամեն ինչն ու սովորենք միայն վրաց լեզուն: Ամեն ինչ ուղղված է ներձուլման` մի ազգը մյուսին ձուլելուն»:

Ազատ Շիպակցյանի կարծիքով, տեղական բնակչությունը նման հարցերի նկատմամբ տրամադրված է բացասաբար, նույնիսկ միանշան ագրեսիվությամբ. «Դա մեզ համար նշանակում է, որ մենք ամեն ինչ մոռանանք, իսկ դա արժանապատվությունը թույլ չի տալիս և մարդիկ էլ դրա հանդեպ բացասաբար են վերաբերվում: Ուստի, զարգանան իմն էլ, վրացականն էլ: Ես դեմ չեմ, որ իմանանք վրաց լեզուն: Թեպետ, պետական լեզվի տիրապետումը այնպես, ինչպես վրաց հասարակությունում է, մեզ համար անիրատեսական նպատակ է»:

«Ակունք» թերթի խմբագիր Մելս Թորոսյանը համամիտ է Շիպակցյանի նկատառումներին, որ Ջավախքի բնակիչները միշտ եղել են ինտեգրված ինչպես հիմա և ավելացնում. «Գործընթացների արագացմամբ իշխանությունը ցանկանում է մեղքի մեծ մասը դնել մեզ վրա, քանի որ աշխարհի, Եվրախորհրդի և մեծ երկրների առաջ այդպիսի հզորության ձայն, որպես այդպիսին, Վրաստանը չունի: Վրաստանը պետություն է` պետության իրավունքներով: Իսկ մենք ինչ-որ 150 հազար մարդ և այն էլ, ոչ միասնական: Բնականաբար, ցանկանում ենք ինտեգրման գործընթացն առաջիկայում էլ շարունակվի: Սակայն, զգում ենք, որ «ինտեգրման» քողի ներքո ներձուլման գործընթաց է տարվում»:

Իսկ Գագիկ Յանդյանն ասում է, որ Ջավախքի բնակչությունը դեռևս պատրաստ չէ ինտեգրման համար. «Ներձուլումն ու ինտեգրումը, դա միայն բառեր են: Եթե պատրաստ լինենք ինտեգրման համար, ապա կիրականացվի ինտեգրում, եթե ներձուլման համար՝ ապա կիրականացվի ներձուլում: Սակայն մենք դեռեւս ոչնչի համար պատրաստ չենք: Ինքներս էլ չգիտենք, թե ինչ ենք ցանկանում: Կարծում եմ, ինտեգրման վերաբերյալ անմիջականորեն բնակչությանը չեք հարցնում: Իմ կարծիքով, հարկ է աշխատել բնակչության հետ: Իսկ մարդիկ սովորականի նման ցանկանում են նորմալ ապրել»:

Ջավախեթիի քաղաքացիական ֆորումի համանախագահ Միխայիլ Կոլիկիդին էլ գտնում է, որ բնակչությանը, բայց և այնպես, չեն անհանգստացնում ինտեգրման հարցերը: Նրանց համար առաջին տեղում սոցիալական հիմնախնդիրներն են. «Մարդիկ տնտեսական բնույթի բազում հիմնախնդիրներ ունեն. մի կերպ ապրել, հացի փող գտնել: Առանձնապես բարձրալեռ շրջանների բնակիչների մոտ, որտեղ գյուղատնտեսական գործունեությունը ևս ընթանում է արտակարգ պայմաններում, այս հարցերը ոչ թե ետին պլանում, այլ ենթագիտակցության մեջ են տեղադրված»:

Նրա կարծիքով, անհրաժեշտ է հաջորդական ինտեգրում: Եթե հիմնախնդիրները չառաջադրվեն, ապա դրանց կարգավորման ուղիների հարցը նույնպես անիրա­տեսա­կան կդառնա. «Ինտեգրման գործընթացը տարվում է: Առանց ինտեգրման չեմ պատկերացնում Ջավախեթիի ապագան: Եթե ես Վրաստանի քաղաքացի եմ, ապա ինչու չպետք է մասնակցեմ իմ երկրի, իմ հայրենիքի սոցիալ-քաղաքական և հասարակական կյանքին: Ապագան պատկանում է ինտեգրմանը, սակայն ես միայն նորմալ եւ առողջ ինտեգրման կողմնակից եմ: Եթե մենք այդ գործընթացի համար պատրաստ չլինենք, այն ժամանակ տեղի կունենա ներձուլում: Եթե ինտեգրում տեղի չունենա, ապա հենց այդ ժամանակ կիրականացվի ներձուլում»:

«Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանն ինտեգրումը համարում է երկու, հավասար իրավունքներով և պարտավորություններով ազգերի միասին գոյակցություն: Իսկ Վրաստանում ընթացող ինտեգրման գործընթացները համարում է անարդյունավետ. «Ինտեգրման վրացական մեթոդն ուղղակի փողի անօգուտ ծախսում է: Այս մեթոդներն արդարացված չեն: Օրինակ՝ նախագահի հիմնադրամը ֆինանսավորում է վրաց լեզվի ուսուցիչների վարձատրությունը, որոնք տեղի բնակիչներին սովորեցնելու են պետական լեզուն: Իսկ նրանց մեծ մասը Ասպինձայի բնակիչներ են, որոնք դպրոց կամ կոոպերատիվ ուսումնարան են ավարտել և միայն գիտեն խոսակցական լեզուն: Մանկավարժը, որը դասավանդելու է հայկական դպրոցում, պետք է իմանա նաև այդ լեզուն, որպեսզի ուսուցումը վարի հայերեն լեզվով»:

Նրա կարծիքով, նորմալ ինտեգրման համար ժամանակ է անհրաժեշտ. «Սակայն Վրաստանի իշխանությունը շտապում է և ցանկանում, որքան հնարավոր է շուտ հասնել նպատակին: Իսկ դա համակարգչի ստեղն չէ, որ սեղմեցիր և հայերենից վրացերեն կթարգմանի: Այդ գործընթացը ժամանակ, համբերություն և դիմացինի նկատմամբ հարգանք է պահանջում»:

Քրիստինե Մարաբյան

http://www.a-info.org

Այս խորագրի վերջին նյութերը