Քաղաքական

25.02.2013 16:47


Նաիրա Զոհրաբյան. «Սթափվելու ժամանակն է»

Նաիրա Զոհրաբյան. «Սթափվելու ժամանակն է»

ԲՀԿ քաղխորհրդի հայտարարության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությունը.

«Հայաստանում այս պահի թիվ մեկ գերակա խնդիր է, որպեսզի հասարակությունը հերթական անգամ չբաժանվի թշնամական, հակամարտող ճամբարների:

Մեր երկրի քաղաքական օրակարգում չկան եւ չեն կարող լինել այնպիսի խնդիրներ, որոնց շուրջ հնարավոր չլինի քաղաքական ուժերի միջև ձեւավորել քաղաքական օրակարգ: Երբ Բարգավաճ Հայաստանը ասում էր, որ երկրում անարդարությունը հասել է ահագնացող չափերի, որ երկրում ոտնահարվում են քաղաքացու տարրական իրավունքները, որ երկիրը կանգնած է լրջագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամի առջեւ, որ հրապարակվող թվերը տնտեսական թռիչքների մասին ուղղակիորեն մանիպուլյացիա են, շատերը դա փորձում էին որակել, թե ԲՀԿ-ն ինչ-ինչ հաշիվներ է փորձում մաքրել Կառավարության հետ կամ փորձում է անձնավորել:

Ո՛չ: Մենք ասում էինք, որ եթե անարդարությունը երկրում չի պատժվում, եթե կառավարությունն իրեն թույլ է տալիս այս իրավիճակում` ահագնացող աղքատության պայմաններում, 350 հազար դոլար վճարել երկու էկոզուգարան գնելու համար եւ որեւէ մեկը դրա համար հրապարակային չի պատժվում, հետեւանքը լինելու է այն, որ քաղաքացին ասելու է` այս երկիրը անարդար է: Եթե օրենսդրական տարբեր տիպի մանիպուլիացիաներով ամեն օր թալանվում են միջին խավը ձեւավորող հաշվապահներ, տաքսիստներ, ստոմատոլոգներ, որոնք ամեն օր ԱԺ դուռն են ծեծում իրենց խնդիրների օրենսդրական լուծումը պահանջելու համար, նրանք պոտենցիալ բողոքավորների ու երկիրը լքողների թվում են լինելու: Երբ մենք ասում էինք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով 16 հազար դոլարի դասախոսություն անվան տակ գուցե փող են լվանում եւ պետք է անպայման համապատասխան բացատրություններ եւ պարզաբանումներ լինեն, մեզ տալիս էին զվարճալի պատասխաններ: Ահա սա է խնդիրը:

Եթե Վանաձորի քաղաքապետը, իր ընտրական քվեն իրացնող քաղաքացուն անվանում է անգիտակից եւ առ այս պահը շարունակում է պաշտոնավարել, դրա պատասխանը Ազատության հրապարակում ավելացող ժողովուրդն է լինելու: Մենք ասում ենք` օր առաջ երկրին անհրաժեշտ են լրջագույն ռեֆորմներ ու բարեփոխումներ: Իմիտացիաներով մենք երկար ճանապարհ չենք գնա, իմիտացիաներով մենք կարող ենք միայն խաբել եվրոպացի դիտորդներին: Իմիտացիաների վերջը ահա այս է լինելու եւ իրապես սթափվելու ժամանակն է:

Կրկնում եմ, մեզ համար նախ գերակա խնդիր է, որպեսզի հանրությանը չտարվի առճակատման: Դրա համար էլ, հայտարարության մեջ հստակ ասված է` որեւէ ուժ խաղաղ ցուցարաների նկատմամբ չպետք է կիրառվի, քանի որ դա հղի է լինելու անկանխատեսելի հետեւանքներով: Մենք նաեւ գիտակցում ենք, որ մեր հայտարարությունը ցանկացած մարդ կարող է տարբեր կերպ մեկնաբանել, այնպես ինչպես ինքն է հարմար գտնում, բայց կրկնում ենք`մենք անկեղծ ենք մեր քաղաքացու առջեւ եւ գտնում ենք, որ չլուծված խնդիրների բեռը բերեց այսպիսի իրավիճակի եւ պետք չէ աչք փակել ստեղծված իրավիճակի առջեւ, պետք է օր առաջ գտնել լուծումներ: ԲՀԿ-ն պատրաստ է համախոհ քաղաքական ուժերի հետ գտնել այդ լուծումները»:

Այս խորագրի վերջին նյութերը