Քաղաքական

18.03.2013 21:45


Սերժ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել իր ու Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից

Սերժ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել իր ու Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից

Այսօր մի շարք լրատվամիջոցների նետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի այցելի Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին:  Սարգսյանը նաև հայտնել է, որ «Ժառանգության» առաջնորդին դիմել է նամակով և շատ տարօրինակ պատասխան է ստացել։ ՀՀԿ ղեկավարը ներկայացրել է նախագահական ընտրություններից հետո իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները՝ զգուշացնելով, թե «Ժառանգության» առաջնորդն ու այն մարդիկ, ովքեր ներկա չէին հանդիպմանը, այն ներկայացրել են խեղաթյուրված: Մանրամասները հաղորդում է «Առավոտը».

Ըստ Սերժ Սարգսյանի` լրագրողների դուրս գալուց հետո նա հարցրել է՝ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կարծո՞ւմ է, որ հաղթել է ընտրություններում, և ստացել է բացասական պատասխան: Բայց, նախագահի թեկնածուն, Սերժ Սարգսյանի խոսքերով, ավելացրել է, թե իր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները վստահ են, որ չի հաղթել նաև գործող նախագահը:

«Ժառանգության» առաջնորդն իր վրդովմունքն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը շամպայնի բաժակը ձեռքին տոնում էր իր հաղթանակը՝ դեռևս ընտրությունների պաշտոնական արդյունքները չամփոփած, ինչին գործող նախագահը պատասխանել է, որ առանց շամպայնի շնորհակալություն է հայտնել իր թիմին, երբ ԿԸՀ-ն հայտարարել էր բոլոր տեղամասերից ստացած ոչ պաշտոնական արդյունքները: Դրանից հետո երկու գործիչները քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:

Սերժ Սարգսյանն առաջարկել է երեք ճանապարհ: Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ և փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները:

Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երևանի քաղաքապետ և ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը:

Երրորդ ճանապարհը՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ և պայքարում է կոռուպցիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահը, այս երրորդ առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է: Դրան Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ բոլոր քննարկումները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը հայտնելուց հետո: Երկու գործիչները պայմանավորվել են՝ իրար փոխանցել գրավոր առաջարկներ:

Այս խորագրի վերջին նյութերը