Քաղաքական

25.03.2013 13:36


«Ոստիկանապետի պաշտոնը պահանջելն այդքան էլ կարևոր չէ». «Ժառանգության» անդամ

«Ոստիկանապետի պաշտոնը պահանջելն այդքան էլ  կարևոր չէ». «Ժառանգության» անդամ

–Ներկայացված են երկու առաջարկներ, և «կա՛մ–կա՛մ»–ով ընտրությունը թողնված է արդեն Սերժ Սարգսյանի վրա։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի համար ավելի ընդունելի կլինի առաջին կետը, քան երկրորդը,–«7օր»–ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության և «Բարև Երևան» ավագանու ընտրությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն այսպես է մեկնաբանել մարտի 22–ին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից փակ ծրարով Սերժ Սարգսյանին ուղարկած վերջին երկու առաջարկները։

Հիշեցնենք, որ առաջին կետով Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է այս տարվա ընթացքում արտահերթ կա՛մ  նախագահական, կա՛մ խորհրդարանական ընտրությունների անցկացում, իսկ երկրորդ կետով՝ մի շարք պաշտոններ:

–Երկրորդ կետն ընդունելով՝ Սերժ Սարգսյանը կորցնում է ողջ իշխանությունը և հայտնվում է նույնիսկ ավելի վատ վիճակում, քան անգլիական թագուհին։ Նա այդպիսով ավելի քիչ իշխանություն է ունենում, քան օրինակ Վրաստանում Սահակաշվիլին,–հավելել է Դ. Իոաննիսյանը։–Հիմնական պաշտոնները՝ դատախազություն, պետեկամուտներ, ԱԱԾ և այլն հանձնելով՝ Սերժ Սարգսյանին համարյա իշխանություն չի մնում։

Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանից պաշտոններ ուզելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նրան լեգիտիմացնում է նախագահի պաշտոնում, «Ժառանգության» անդամը չի համաձայնել.

–Սերժ Սարգսյանի համար ավելի ընդունելի կլինի, օրինակ, պայմանավորվածություն ձեռք բերի, որ առանց որևէ խոչընդոտի թողնում է իշխանությունը, ինչպես արեց Շևարդնաձեն, քան թե այդ պաշտոնները հանձնի ընդդիմությանը։ Չէ՞ որ այդ պաշտոնները տալով՝միանգամից ջրի երես դուրս կգան այն բոլոր ծանր հանցագորությունները, որոնք կատարել են իշխանավորները, նրանց նկատմամբ օրինական քրեական հետապնդում կսկսվի, այդ թվում նաև՝ Սերժ Սարգսյանի մերձավորների նկատմամբ։ Ու, բնականաբար, ի վերջո նա կկորցնի նախագահի իր աթոռը։

«Ժառանգության» անդամը չի համաձայնել նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պաշտոններ ուզելու այս քայլը նունիսկ ավելի վատ է, քան 2008թ. արեց իշխանության հետ կոալիցիա կազմած Արթուր Բաղդասարյանը.

–Մատնացույց են արվել այն պաշտոնները, որոնցով հնարավորություն կտրվի Սերժ Սարգսյանին ռեալ իշխանազրկել։ Սա բացարձակապես պաշտոններ ուզել չի։ Սա ընդամենը նշանակում է՝ պետական իշխանությունը վերցնելու երկու ճանապարհ։

Դ. Իոաննիսյանը նաև ընդգծել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից պահանջել է նշանակովի պաշտոնները՝ նախագահի նշանակման լիազորությունների շրջանակում գտնվող։ Իսկ մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում ոստիկանապետի հրաժարականը, «Ժառանգության» անդամը պատասխանել է.

–Ոստիկանապետն իրականում այդքան էլ կարևոր չէ, որովհետև քրեական գործերով վերահսկողությունն իրականացնում է դատախազությունը։ Եթե դատախազությունը նորմալ աշխատի, ոստիկանությանը ուրիշ բան չի մնում, քան նորմալ աշխատել։ Ես դրանում լիովին համոզված եմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը