Քաղաքական

30.06.2009 17:01


Արմեն Ռուստամյանը Զարուհի Փոստանջյանին ձեռնպահ մնալու կոչ է անում

Արմեն Ռուստամյանը Զարուհի Փոստանջյանին ձեռնպահ մնալու կոչ է անում

ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի արարքի վերաբերյալ խոսելով՝ Դե ֆակտո ակումբում Արմեն Ռուստամյանն ասել է.

-Ես չեմ միացել ո՛չ կոալիցիայի առաջարկություններին, ո՛չ էլ տիկին Զարուհի Փոստանջյանի։ Ես ունեցել եմ ի՛մ խնդիրը։ Այդ խնդիրը լուծել եմ՝ ներկայացնելով իմ առաջարկությունը, որն էլ անցել է։ Նա ինձ էլ է դիմել, որ ստորագրեմ այդ առաջարկությունների տակ։ Եթե ուրիշ պատճառ չնշեմ, գոնե այն, որ ինձ չեմ պատկերացնում մի թիմում, որի մեջ տիկին Հաջիբեյլին է, ով ամենակատաղի մարտնչողն է եղել Հայաստանի դեմ։ Ես կարող էի տիկին Զարուհու թեթև ձեռքով հայտնվել ինձ համար անընդունելի մի թիմի մեջ։ Ես չեմ հավատում, թե ադրբեջանցիներն անկեղծորեն պայքարում են Հայաստանում ժողովրդավարության համար։

Արմեն Ռուստամյանը, սակայն, նշել է, որ իր չստորագրելու պատճառը միայն դա չէ, այլ նաև այն, որ ինքն ունի մեկ սկզբունք.

- Ես ունեմ մեկ սկզբունք՝ ընդհանրապես հընթացս չեմ միանում որևէ փոփոխության նախաձեռնությանը, որի նախնական քննարկմանը մասնակից չեմ եղել։ Կոալիցիայի 9 այլ առաջարկներին, որոնք ներկայացվել են, ես չեմ միացել։ Ես 7 ստորագրություն եմ հավաքել բոլորովին այլ անձանց միջոցով և ներկայացրել եմ իմ առաջարկությունը։ Ավելացնեմ նաև, որ Զարուհու առաջարկությունները բովանդակային առումով նոր բան փաստաթղթի մեջ չեն ավելացնում, պարզապես ձևակերպումներն են տարբերությունները։

Նրա կարծիքով՝ Զարուհի Փոստանջյանի արարքի հետ կապված կռիվների կամ բանավեճերի մեջ ծայրահեղություններն սկսում են այնքան արտահայտվել, որ «աբսուրդի» են հասցվում։

-Ես չեմ ընդունում, որ մերկ նկարներով և այդպիսի անվայել ձևով արձագանքներ եմ տեսնում թերթերում։ Բայց մյուս կողմից էլ ճիշտ կլիներ, եթե տիկին Զարուհին խոստովաներ, որ իր անփորձությունից է, որ դա արել է։ Ես չեմ ուզում մեր պատվիրակության մեջ որևէ մեկի հայրենասիրության վրա կասկածել, և դավաճան բառն այդքան հեշտ պետք չէ օգտագործել։ Սա այն դեպքը չէ։ Բայց իմ մտահոգությունը կապված է Զարուհի Փոստանջյանի վերջին հայտարարությունների հետ. նա արդեն սկսել է հպարտանալ իր արածով։ Պարզ է դառնում, թե խիզախ քայլ է կատարվել, արժանի է ընդօրինակման և այլն։ Ավելին, նա սպառնում է դա կրկնել։ Ես կոչ կանեի տիկին Փոստանջյանին՝ ձեռնպահ մնալ դրանից,- ասել է Արմեն Ռուստամյանը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը