Մեկնաբանություն

06.04.2013 17:30


Րաֆֆու հանրահավաքի թատերականացված և «րաֆֆինացված» կողմերը (տեսանյութ)

Րաֆֆու հանրահավաքի թատերականացված և «րաֆֆինացված» կողմերը (տեսանյութ)

«Ահա՛ այն սուրը, որ սպանեց դավաճան հորը ...»։

Հատված Րաֆֆու «Սամվել» վեպից

Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա սակավամարդ հանրահավաքը բաղկացած էր երկու հատվածից՝ թատերական և հաճախորդական։ Թատերական հատվածը «ծիրանագույն» կամ ավելի ճիշտ՝ «դդմագույն» հեղափոխության հետևորդների «դուխը» տեղը պահելու և ապրիլի 9-ին հնարավորինս շատ մարդ հավաքելու, իսկ հաճախորդական հատվածը՝ Րաֆֆու բուն ցանկությունները վերահաստատելու նպատակով էր բեմադրված։

Հանրահավաքի թատերականացված մասի «մեխը», անշո՛ւշտ, Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարինի ելույթն էր։

«Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս իմ հայրը չէ, քանզի փետրվարի 18–ից հետո նա արդեն պատկանում է ձեզ»,– դեմքի խորհրդավոր արտահայտությամբ հավաքվածներին դիմեց Կարինը։

Հնդկական կինոներ տեսած և Րաֆֆու «Սամվելը» վեպի ազդեցության տակ մեծացած մարդիկ մի պահ ծառս եղան կրտսեր Հովհաննիսյանի այդ խոսքերից հետո։ Օպերայի բակում հավաքվածների մտքով, թերևս, հազար ու մի բան անցավ։ Շատերը մի պահ համոզված էին, թե ուր որ է Կարինը գրպանից ոչ թե Րաֆֆու պապիկի նամակն է հանելու, այլ գրող Րաֆֆու հայտնի վեպի հերոս Սամվելի թրի պես մի բան, և Սերժ Սարգսյանն իրոք երդվելու է ոչ գրող Րաֆֆու դիակի վրա, սակայն լավ պրծանք։ Կարինի գրպանում ծակող–կտրող գործիք չկար։ Միայն Գասպարի նամակն էր։

Երբ պարզ դարձավ, որ դրամատիկ իրադարձություններ չեն սպասվում, հավաքվածներն ազատ շունչ քաշեցին և ուրախությունից սկսեցին «Հայաստա՛ն» գոռալ։

Հանրահավաքի թատերական հատվածում վատ չէր խաղում նաև Րաֆֆին՝ դեմքի արտահայտությունները և ձայնի ելևէջները հեղափոխականի վճռականությամբ պարբերաբար փոխելով, բայց հանուն արդարության պետք է նշել, որ նա ակնհայտորեն զիջում էր Կարինին։ Վերջինս այնպիսի տոնայնությամբ և սրտաճմլիկ ձևակերպումներով էր խոսում «հեռուներից եկած մի մարդու» մասին, որ սրտից թույլ մարդկանց մի պահ թվաց, թե շուտով հրեշտակները լուսապսակ են իջեցնելու Հիսուսի խաչելության և թաղման հիշատակը մեկ րոպե լռությամբ «հարգացնել» տված «Ժառանգության» առաջնորդի գլխին։ Սակայն հրաշք տեղի չունեցավ և Րաֆֆու գլխին ընդամենն անձրևի կաթիլներ իջան։

Ինչ վերաբերում է հանրահավաքի հաճախորդացված կամ «րաֆֆինացված» հատվածին, ապա այդտեղ գլխավոր դերերում հանդես եկան իշխանության «ողջախոհ» երիտթևի մոլի երկրպագուներ Ռուբիկ Հակոբյանն ու Հովսեփ Խուրշուդյանը, ով «ողջախոհ» թևին նաև հայրենասեր է համարում։ Առաջինը փորձում էր հիմնավորել, որ պաշտոն ստանալը կոալիցիա մտնել չէ, իսկ երկրորդը վերահաստատում էր Սերժ Սարգսյանին ուղղված «Պաշտոններ և միասնաբար ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու խոստում՝ Սերժ Սարգսյանի լեգիտիմության ճանաչման դիմաց» Րաֆֆու առաջարկները։ Ասել է թե՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, հանրահավաքի ընթացքում հնչեցվող էմոցիոնալ ելույթների արանքներում, հերթական մեսիջներն էին փոխանցում Բաղրամյան 26–ին և ներկայացնում Րաֆֆու բուն ասելիքը։

Մեկ այլ դերաբաժանում էլ կար Ռ. Հակոբյանի և Հ. Խուրշուդյանի համար։ Ռուբիկը հեռակա կարգով հերթական անգամ պատասխանում էր Սերժի այն ասածին, որ կոալիցիա մտնելով հնարավոր չէ մնալ ընդդիմություն։ Ռուբիկի կարծիքով՝ հնարավո՛ր է։ Դե, իսկ Հովսեփն ուզում էր հիմնավորել, թե իբր իրենք պաշտոններ են պահանջում, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրությունների օրինական ընթացքը երաշխավորեն, այլ ոչ թե ՕԵԿ–ի տեղը զբաղեցնեն։ 

Նույնիսկ դպրոցահասակ երեխաները գիտեն, որ ընտրակեղծիքները հիմնականում տեղի են ունենում Րաֆֆիի կողմից շատ հարգված «Զորավարի» ոստիկանական մեքենայի օգնությամբ, բայց արի ու տես, որ Րաֆֆին ու իր թիմակիցներն ընտրությունների օրինական ընթացքը երաշխավորելու համար ավելի կարևոր են համարում, ասենք, Արտաքին գործերի նախարարությունը։

Եթե Րաֆֆին, իրոք, ցանկություն ունենար ընտրական գործընթացի օրինական ընթացքի վերահսկողություն իրականացնել, ապա առաջին հերթին պետք է պահանջեր «Զորավարի՛» հրաժարականը, քանզի ցուցակների ու կեղծ անձնագրերի հարցով ոստիկանությո՛ւնն է զբաղվում, այլ ոչ թե Կրթության նախարարությունը, ԱԱԾ–ն կամ ՊԵԿ–ը։ Սա թույլ է տալիս ենթադրելու, որ այն պաշտոնների ցանկը, որը հնչեցվել է Րաֆֆու կողմից, ավելի շատ ներիշխանական «ռազբորկաների» հետևանք է, և Րաֆֆին նույնիսկ չգիտի, թե ում է առաջարկելու, եթե մի հրաշքով Սերժը համաձայնի «ժողովրդի» հետ կիսել իշխանությունը։ Պատահական չէ, որ մամլո ասուլիսների ժամանակ Րաֆֆին ու իր թիմակիցները խուսափում էին իրենց ուզած պաշտոններին հավակնող մարդկանց անունները հնչեցնելուց։ Այդ առումով նրանք անկեղծ էին, քանզի դեռ անուններ իրենց չէին ասել, որ իրենք էլ «պահանջեին» այդ մարդկանց պաշտոններ տալ։ Ուրեմն միայն իրենց հավատացող «հավերին» կարող են խաբել րաֆֆիենք, թե պաշտոններ են ուզում, որպեսզի ընտրությունների օրինական ընթացքը վերահսկեն։ Կրկնեմ՝ նման ցանկության դեպքում առաջին հերթին պետք էր պահանջել Վլադիմիր Գասպարյանի՛ հրաժարականը։ Մնացած խոսակցությունները մեծահասակների համար նախատեսված հեքիաթների շարքից են։

Ի դեպ, և՛ Րաֆֆիի, և՛ Ռուբիկի, և՛ Հովսեփի խոսքից պարզ դարձավ, որ եթե Սերժը մինչև ապրիլի 9–ը ընդառաջ գնա «իրավատիրոջ» առաջարկներին, ապա ոչ մի «Նոր Հայաստանի» երդմնակալության շոու չի լինի։ Իսկ դա նշանակում է, որ րաֆֆիենք մի կողմից «մկանների ցուցադրում» ծրագրի շրջանակներում մարդկանց կոչ են անում հավաքվել ամսի 9–ին, իսկ մյուս կողմից՝ հույս փայփայում, որ «մկանների ցուցադրման» միջոցով պաշտոններն ու «ժողովրդի» հետ իշխանության կիսումը կստացվի։ 

Թե ինչով կավարտվի այս բաց և հրապարակային առևտուրը, դժվար չէ կռահել։ Րաֆֆին ապրիլի 9–ին կհայտնվի նոր Հայաստանում, որտեղ ինքը կփոխի իր նախկին՝ խեղկատակի կարգավիճակը քաղաքական դիակի կարգավիճով։ 

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը