Քաղաքական

29.04.2013 15:31


ՀԱԿ–ն արդեն դիմել է դատախազություն՝ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով

ՀԱԿ–ն արդեն դիմել է դատախազություն՝ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով

Այսօր հրավիրված ասուլիսում Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել է, թե ցանկանում է խոսել փաստերի մասին, որոնք առանց չափազանցության սենսացիոն են։

–Ի դեմս Տարոն Մարգարյանի՝ մենք գործ ունենք այս ավազակապետության կարկառուն ներկայացուցչի հետ, ով թալանել է ժողովրդին։

Մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու, փողերի լվացման մեջ, և մեր մեղադրանքը հիմնավորում ենք լրջագույն փաստերով։ Այդ մեղադրանքը մենք կառուցել ենք չոր փաստերի վրա, որոնք գրանցված են պետական մարմիններում՝ 2005, 2007, 2013թթ.՝ ԿԸՀ ներկայացված Տարոն Մարգարյանի հայտարարագրերի ուսումնասիրության վրա,–ասել է Լ. Զուրաբյանը։

Մասնավորապես,  2005թ. Տարոն Մարգարյանն իր հայտարարագրում՝ որպես Ավան վարչական շրջանի ղեկավար, վերջին  մեկ տարվա իր եկամուտը ներկայացրել է ավելի քան 7 մլն դրամ:

2007թ. այդ թիվը կազմել է 64 մլն դրամ և 50 հազ. դոլար։

–Այսինքն՝ թաղապետ աշխատելու տարիներին Մարգարյանի ունեցվածքը միլիոններով ավելացել է, ընդ որում նրա աշխատավարձը կազմել է 130 հազ. դրամ,–ընդգծել է Զուրաբյանը։

Իսկ 2013թ. Տարոն Մարգարյանը հայտարարագրել է 10 մլն դոլարը գերազանցող ունեցվածք.

–Այդ բոլոր տարիներին Տարոն Մարգարյանն աշխատել է որպես պաշտոնատար անձ, և որևէ օրինական աղբյուր, որի միջոցով նա կարող էր ունենալ և հայտարարագրել նման ունեցվածք, չկա։ Այստեղից մաթեմատիկական ճշգրտությամբ եզրակացություն՝ այս ունեցվածքը նա ձեռք է բերել հանցավոր ճանապարհով։  Նա նաև թաքցրել է այդ գույքի ծագման աղբյուրը։

Լևոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ իրենք արդեն իսկ դիմել են դատախազություն՝ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով։

–Եվ Սերժ Սարգսյանը, և մնացած բոլորը լծվել են այս հանցագործի վերընտրությունը իրականացնելու գործին։ Մենք այս քայլն արել ենք, որպեսզի դա թույլ չտանք։ Նաև դիմում ենք հասարակությանը՝ այլևս ոչ ոք չի կարող ասել, որ մենք չունենք անհրաժեշտ ապացույցներ։ Փաստերը ներկայացված են՝ կա՛մ այդ փաստերը հիմնավոր ձևով հերքեք, կա՛մ ընդունեք, որ գործ ունենք հանցագործի հետ, այլապես կրում եք բարոյական և քաղաքական պատասխանատվություն,–նշել է Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը