Հարցազրույց

08.07.2009 14:22


Փոլադ Բյուլբյուլօղլի.

Փոլադ Բյուլբյուլօղլի.

Օրերս ժողովրդական դիվանագիտության շրջնակներում Հայաստանի և Ադրբեջանի մտավորականներն այցելեցին Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, այնուհետև Ադրբեջան։ Այցի հետ կապված՝ «Vesti.az»-ին հարցազրույց է տվել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։ Կարծում ենք, որ այն կհետաքրքրի նաև մեր ընթերցողներին։

-Դուք երկրորդ անգամ եք այցելում Լեռնային Ղարաբաղ։ Տպավորություններում տարբերություն կա՞։

-Իհարկե։ Ոչ մի ուղևորություն չի կարող նախորդի կրկնությունը լինել։ Բացի այդ, այցելությունների միջև ընկած էր ժամանակային ոչ փոքր հատված՝ երկու տարի, որը կապված էր մեր երկրներում կայացած ընտրություննների հետ։ Այս մեծ ընդմիջումը պայմանավոված էր ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով։

 Երկու տարին լուրջ ժամանակահատված է, որի ընթացքում մարդկիկ փոխում են աշխարհայացքը։ Ցավով պետք է նշեմ, որ Ղարաբաղում գործող քարոզչամեքենան աշխատում է միայն մեկ ուղղությամբ, այն է՝ տեղի հասարակությանը, առաջին հերթին երիտասարդությանը, համոզում են, որ Ադրբեջանի կազմում նրանք չեն կարող և չեն ապրի։ Միաժամանակ ես զգացի, որ նրանց հուզում է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները, որոնք հասկանալի պատճառներով փակ են։ Չնայած՝ Ղարաբաղում բոլորը, բնականաբար, գիտեն բանակցությունների հիմնական շեշտադրումները։

Ես ուզում եմ ընդգծել նման այցելությունների կարևորությունը։ Գտնում են, որ դրանք ունեն կենսական անհրաժեշտություն, և իմ կարծիքով՝ ճիշտ ձևաչափ ենք ընտրել։ Այն այնպիսին է, որ ես կապվում եմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ, որը երգահան է եղել, և որի հետ մենք ունենք նույն կարգավիճակը։ Մենք եկել ենք եզրահանգման, որ այսօր ինչ-որ բան պետք է անել՝ այսպես կոչված միջազգային համաձայնության ուղղությամբ շարժվելու համար։ Ընդգծում եմ՝ մենք կտրականապես չենք հավակնում քաղաքական բանակցություններ վարել։ Այսօր, որպես մշակույթի մարդիկ, մենք հանդես ենք գալիս քաղաքացիական հասարակության անունից։ Հաջողված եմ համարում նաև այն, որ մեզ միացել էր Միխայիլ Շվիդկոյը, ով ժամանակին եղել է Ռուսաստանի մշակույթի նախարարը։ Ես դիտավորյալ չեմ նշում նրա այսօրվա պաշտոնը, քանի որ այդ մարդը ցանկացած պաշտոնի դեպքում էլ կարող էր մասնակցել այս նախագծին։ Նա շատ շփվող է, ունի ընկերներ  ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում և վստահելի գործընկեր է։

Իմ կարծիքով՝ այնպիսի բարդ գործում, ինչպիսին հակամարտող երկրների շփման կետերի որոնումն է, այսպիսի հումանիտար ձևաչափի միջոցով կարելի է հասնել արդյունքների։ Արդյունքներ, որոնք հնարավորություն կստեղծեն հայերի և ադրբեջանցիների շփման համար։

 Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պատերազմը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ծանր ժառանգություն է։ Այստեղ ինձ թույլ կտամ հիշեցնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ծանրագույն հետևանքների մասին։ Կարծում եմ, որ եթե որևէ մեկը 1946թ., Մոսկվայում կամ Բեռլինում, հրապարակավ առաջարկեր ռուս-գերմանական բարեկամություն, նրան պարզապես ծվեն-ծվեն կանեին։ Անցավ ինչ-որ 7-8 տարի, և Արևմտյան Գերմանիան դարձավ Խորհրդային Միության առևտրային գործընկերը։ Իսկ այսօր միավորված Գերմանիան Ռուսաստանի խոշորագույն գործընկերներից մեկն է։ Հաշվի առնելով այն, որ մայիսի 9-ը մեզանից բաժանող ժամանակահատվածի մեկ երրորդը անցել են նաև մեր ժողովուրդները, ապա գտնում են, որ ժամանակն է, ինչպես ասում են, «հավաքել քարերը»։
Մարդկության ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած ամենակատաղի պատերազմներն ավարտվում են խաղաղությամբ։ Այսպես թե այնպես, մենք ստիպված ենք միասին ապրել երկրի այս փոքր հատվածի վրա։ Ե՛վ Խանքենդիում (Ադրբեջանում պետական դավաճանության նման մի բան է Ստեփանակերտ ասելը։ Փոխարենը ասվում է Խանքենդի։ Բյուլբյուլօղլին, բնականաբար, ևս օգտագործում է Ստեփանակերտի այդ անվանումը-«7օր»), և՛ Երևանում ես լրագրողներին ասացի մեկ պարզ բանաձև՝ ո՛չ հայերը, ո՛չ էլ ադրբեջանցիները տիեզերք չեն թռչի։ Մարդկանց հետ շփումներում սեփական դիրքորոշումդ ներկայացնելու մեջ թաքնված է լուրջ խաղաղաստեղծ ուժ։ Այդ իսկ պատճառով այն, ինչը որ մենք անում ենք, ներկայանում է որպես չափազանց անհրաժեշտ գործ։ Երևանում խոսակցություն գնաց այն մասին, որ Բաքվում այսօր էլ են հայեր ապրում։ Ես սխալ թիվ ասացի, իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուղղեց ինձ՝ ասելով, որ իր տվյալներով՝ այսօր Բաքվում ապրում է շուրջ 30 հազ. հայ։ Ուրեմն կարող ե՛ն միասին ապրել։ Որպես Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան, կարող եմ ասել, որ ՌԴ տարածքում  շատ են հայերն ու ադրբեջանցիները, որոնք մտերիմ են ընտանիքներով, ունեն համատեղ բիզնես։ Ուզում եմ ասել, որ ինչքան էլ բայորապես դժվար լինի, պետք է ուժ գտնել, անցնել այն ամենի վրայով, ինչը մենք վերապրեցինք ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Դա առաջին հերթին պետք է անել մեր երեխաների համար։ Մեծանում են երեխաներ, որոնք, հիմնականում՝ կեղծ հայրանասերների շնորհիվ, միմյանց հանդեպ լցված են ատելությամբ։ Դա անթույլատրելի է, քանի որ այս ձևով ևս մի քանի սերունդների գիտակցությունը թունավորված է լինելու։

-Ինչպես Ձեր առաջին այցելության ժամանակ, այս անգամ էլ Ձեր ուղևորությունն ուղեկցվեց կշտամբանքներով, ազգային շահերը դավաճանելու մեղադրանքներով։ Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Դավաճանությունը եղել է և կա հողերի հանձնումը, շատ դեպքերում՝ փողի դիմաց, ինչը վկայում են բազմաթիվ փաստեր և նույնիսկ քննչական նյութեր։ Այ, դա կոչվում է ազգային շահերի դավաճանություն։ Բանն այն է, որ մեր մեղադրողների դերում շատ հաճախ հանդես են գալիս մարդիկ, ովքեր անմիջականորեն մեղավոր են նրանում, որ Ադրբեջանը կորցրեց 20% տարածք։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ Ադրբեջանի հասարակությունը կբարձացնի այն մարդկանց պատասխանատվության հարցը, ովքեր դա թույլ են տվել։ Ես չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր փախչելով փրկել են սեփական կյանքը, փրկել են երեխաներին։ Բայց ամեն մի շրջանում գործում էին տարբեր պետական օղակներ, որոնք գլխավորում էին կոնկրետ պաշտոնատար անձինք, ովքեր ինչ-որ հանելուկային ձևով կարողացան դուրս բերել նույնիսկ իրենց կահույքը։ Ես խոսում եմ վարչական պատասխանատվություն ունեցող մարդկանց մասին, ովքեր պետք է մինչև վերջ մնային իրենց տեղերում։ Նավաստիների պատվի չգրված օրենքներում կա խիստ, բայց արդար մի սկզբունք՝ եթե խորտակվող նավի նավապետը, ի դժբախտություն իրեն, ողջ է մնում, նա ցանկացած դեպքում մեղավոր է։ Իսկ ծովային գրված օրենքը ասում է, որ միայն դատարանը կարող է որոշել խորտակված նավի նավապետի մեղավոր կամ անմեղ լինելը։ Այս օրենքը չկիրառվեց նրանց նկատմամբ, ովքեր իրենց գործունեությամբ կամ անգործությամբ նպաստեցի հողերը կորցնելուն։ Իրավաբանության մեջ կա հասկացություն, ըստ որի՝ անգործությունը ևս բերում է քրեական պատժի։ Մինչ հոխորտալը և խաղաղ բանակցությունների դեմ հանդես գալը՝ այդ մարդիկ թող լավ հիշեն իրենց գործունեությունը այն տարիներին, երբ իրար հետևից հանձնվում էին խոշոր քաղաքները։

Ինձ համար կարևորն այն է, որ մեր առաջարկած ձևաչափին հավանություն են տվել երեք երկրների նախագահներ։ Իհարկե, ինձ համար հիմնական կարծիքը Ադրբեջանի նախագահինն է։ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ևս պաշտպանում են այս ձևաչափը, որը թույլ է տալիս մոտեցնել դիրքորոշումները հենց քաղաքացիական հասարակության մակարդակում։ Իսկ դա, համապարփակ քաղաքական պայմանագրի կնքումից հետո, կարող է օգնել մարդկանց՝ ապրել կողք կողքի։ Մենք ոչ մի դեպքում չենք հավակնում ինչ-որ մի բացառիկության։ Հակառակը, կարծում եմ՝ կարևոր է, որ բացի մեզանից, այցելություններ կատարեն լրագրողներ, պատգամավորներ, քաղաքագետներ և գործարարներ։ Եվ պարտադիր չէ, որ ամեն անգամ պատվիրակությունների կազմում լինեն դեսպաններ։ Առայժմ մենք ստիպված ենք մի խմբով մեկնել, քանի որ մեկնելը շատ դժվար է։ Պետք է ականազերծել շփման գիծը, որտեղ դեռ հասնել է պետք, իսկ այնտեղից Ստեփանակերտ 3 ժամ է։ Այնուհետև՝ կամ ուղղաթիռով թռչել Երևան, կամ էլ Լաչինի միջանցքով մեքենայով ծախսել 5-6 ժամ։ Այնուհետև հաջորդում է մեկնումը Բաքու։ Ընդ որում, անհրաժեշտ է ստնալ հատուկ թույլատվություն, քանի որ մեր երկրների միջև բացակայում է օդային կապը։ Բացի այդ, կողմերի միջև պետք է համաձայնեցվեն պատվիրակությունների կազմերը։ Այս ամենը, հաշվի առնելով բոլոր մանրուքները, պահանջում է մանրակրկիտ կազմակերպչական աշխատանք։

-Իսկ ինչո՞ւ  են նախապատրաստական աշխատանքներն ու այցելությունները խուզարկուական պատմություն հիշեցնում։ Չէ՞ր կարելի գործընթացն ավելի թափանցիկ դարձնել...

-Թափանցիկության հարցն այսօր դրված չէ, քանի որ կան ուժեր, որոնք շահագրգռված են, որ այս այցելությունները չլինեն։ Կան նաև երրորդ երկրներ, որոնք շահագրգռված չեն, որ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստավի։ Խոսքը մարդկանց կյանքի մասին է։ Ադրբեջանում կա ուղղաթիռով տեղափոխվելու տխուր փորձ։ Այնպես որ, կներեք, բայց մենք վտանգում ենք մեր կյանքը։ Շփման գծում երկու կողմերից դիպուկահարներ, վիբրացիոն ականներ։ Մենք ճակատային գիծն անցնում ենք ԵԱՀԿ ներկայացուցիչների հսկողության ներքո։ ԵԱՀԿ աշխատակիցները, սպիտակ դրոշակներով, ապահովում են մեր անցումը։ Եթե ինչ-որ մեկին դա թվում է ֆիլիմի նկարահանում, ապա նրանք սխալվում են. այնտեղ կարող է իրականում արյուն թափվել։ Բայց, անկեղծ ասած, մեզանից ոչ ոք գործընթացի ժամանակ այդ մասին չի մտածում։ Այնպես որ, հենց այս պատճառով օրն ու մանրամասները գաղտնի են պահվում։ Այսինքն, փակվածությունՆ անվտանգության ապահովման հարկադրված միջոց է, սադրանքներից խուսափելու նպատակով... Ինձ դիմել են Ադրբեջանի հայտնի շատ գործիչներ՝  գործընթացում ներգրավվելու խնդրանքով։ Այնպես որ, իրական հայրենասերները հասկանում և ողջունում են մեր այցելությունները։ Այսօր այլ ճանապարհ չկա։ Դրա վկայությունն են Հարավսլավիայի և Վրաստանի վերջին ժամանակների դեպքերը։ Մենք փոքր երկիր ենք, և պետք է սթափ հասկանանք և գնահատենք աշխարհում ու մեր տարածաշրջանի շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Եթե ստեղծվել է նման հնարավորություն, ապա կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը պետք է ամբողջ ակտիվությամբ ներգրավվի այս գործընթացում։ Եթե մենք գնում ենք հաշտեցման ճանապարհով, ապա կարծում եմ, որ հայ և ադրբեջանցի լրագրողները պետք է հրաժարվեն փոխադարձ ատելություն քարոզելուց։ Չէ՞ որ մենք միասին պետք է ապրենք...

Ըստ «Vesti.az»-ի։

Այս խորագրի վերջին նյութերը