Աշխարհ

30.05.2013 10:50


Ադրբեջանական ընդդիմությանը վերջապես հաջողվել է միավորվել

Ադրբեջանական ընդդիմությանը վերջապես հաջողվել է միավորվել

«Թուրան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ մայիսի 28-ի երեկոյան Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերի միջև բուռն քննարկումներից հետո հաջողվել է Ազգային խորհրդի ստեղծման վերաբերյալ համաձայնության հասնել: Նորաստեղծ Ազգային խորհրդին են միացել «Ազգային Ճակատը», «Դասական ազգային ճակատը», «Բաց հասարակություն», Լիբերալ կուսակցությունը, ԷԼ և «Մուսաֆաթ» շարժումները»:

Կազմակերպիչների խոսքերով՝ նորաստեղծ դաշինքը ստեղծվում է բլոր ընդդիմադիր ուժերը միավորելու և 2013թ. նախագահական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու, ինչպես նաև քաղաքական բարեփոխումներին նպաստելու համար: Քաղաքագետների կարծիքով, վերջին տարիներին առաջին անգամ ստեղծվել է քաղաքական այսպիսի լայն կոալիցիա, որը միավորում է բազմաթիվ մասնագիտությունների տեր մարդկանց՝ տարբեր աշխարհայացքներ ունեցող տարիքային, սոցիալական բազմազան շերտերի, որի նպատակը 2013թ. ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացումն է:

Ազգային խորհուրդն արդեն մեծ արձագանք է ստացել «Ֆեյսբուքում», հակաիշխանական տրամադրություններ ունեցող ադրբեջանցի երիտասարդները Ազգային խորհրդի ստեղծումը համարում են կարևորագույն քաղաքական իրադարձություն և իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության իրական հակակշիռը:

Իշխող կուսակցության արձագանքները, ինչպես և կարելի էր ենթադրել, բավական ջղագռգիռ են, կուսակցության գործադիր քարտուղար, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, թե «Ազգային խորհուրդը կատարյալ խայտառակության է վերածվելու» և նորաստեղծ դաշինքի ստեղծմանը աջակցելու համար մեղադրել է Ռուսաստանին՝ հայտարարելով, թե ռուսական որոշ շրջանակներ խոստացել են, որ կֆինանսավորեն ընդդիմությանը, իսկ նրանք գումարի դիմաց ամեն ինչի պատրաստ են, այդ իսկ պատճառով էլ Ազգային խորհուրդը ոչ մի հեռանկար չի կարող ունենալ:

Այս խորագրի վերջին նյութերը