Հարցազրույց

20.06.2013 15:45


Աշոտ Սարգսյան. «Արդեն 400 տարի բռնապետությունից ժողովրդավարության անցման այլ ձեւ չկա, քան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը»

Աշոտ Սարգսյան. «Արդեն 400 տարի բռնապետությունից ժողովրդավարության անցման այլ ձեւ չկա, քան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը»

Հարցազրույց պատմաբան, ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Սարգսյանի հետ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը կուսակցության համագումարին հայատարարեց, որ Հայաստանին անրհարժեշտ է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն: Ո՞րն է գիտական այդ տերմինի քաղաքական ձևակերպումը և բովանդակությունը։

–Քաղաքական ձևակերպումը ժողովրդավարության, մարդու իրավունքների ապահովման համար պայքարն է։ Անկախ այն բանից՝ դրանք բռնության գործադրմա՞ն, թե՞ խաղաղ մեթոդներով են իրականացվել, շուրջ 400 տարի, ըստ էության, այս խնդիրներն են հետապնդել բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները բռնապատական ռեժիմների դեմ պայքարում։ Բնականաբար, տարբեր ժամանակներում ու երկրներում այս խնդիրներն ունեցել են տարբեր ընդգրկում։

Ըստ էության՝ բուրժուա-դեմոկրատական հեղափոխություններ էին 1980-ականների վերջին ԽՍՀՄ-ում ու Արևելյան Եվրոպայում ծավալված ժողովրդավարական շարժումները և, բնականաբար, դրանց առաջնեկը՝ Հայաստանում ծավալված ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը։ Դրանք առանց բռնության գործադրման, անարյուն հեղափոխություններ էին, չնայած որոշ տեղերում (Մերձբալթյան երկրներ, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան) ունեցան նաեւ արյունալի ոչ մեծ դրվագներ։

Բռնապետական ռեժմները կարող են լինել երկու կարգի՝ օրինակարգ և ոչ օրինակարգ իշխանությամբ։ Ցարական իշխանությունը Ռուսաստանում օրինակարգ էր, որի դեմ երկու բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն բռնկվեց (1905 և 1917 թվականներին, երկրորդն ավարտվեց հաղթանակով)։ Օրինակարգ էր նաև խորհրդային իշխանությանը։ Բայց դրանք բռնապետություններ էին՝ ժողովրդավարության, մարդու ազատության և այլ իրավունքների բացակայությամբ։ Ուստիև՝ այն ժամանակ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունների «քաղաքական ձեւակերպումը» նշված նպատակների իրականացումն էր։ Հիմա Հայաստանում երկու առանձնահատկություն կա. առաջին՝ իշխանությունը ոչ միայն բռնապետական է, այլ նաև ոչ օրինակարգ, երկրորդ՝ նրա ամենօրյա գործունեությունն այլ բան չէ, քան Սահմանադրության և օրենքների խախտուների մի շարան։ Ըստ այդմ էլ՝ այսօրվա Հայաստանում որպես բուրժուա-դեմոկրատական հեղափոխության «քաղաքական ձեւակերպում» կամ այդ հեղափոխության նպատակ կարելի է կիրառել սահմանադրական կարգի վերականգնում ձևակերպումը։

Ինչ վերաբերում է հայաստանյան օրակարգում դրված բուրժուա-դեմոկրատական հեղափոխության բովանդակային մանրամասներին (ռեժիմի էությունը, բնույթը, կառուցվածքը, գործելակերպը, վարքագիծը, ծրագրերը, նրանից ազատվելու ձեւերը, մեթոդները, հասցրած վնասի ու կորուստների չափերը, վերականգնման ուղիներն ու մեթոդները եւ այլն) ապա դրա վերաբերյալ նյութն արդեն տասնյակ հատորներ են՝ ի դեմս ռեժիմի դեմ պայքարած քաղաքական ուժերի տարատեսակ փաստաթղթերի, մասնավորապես՝ 2007թ. սեպտեմբերի 21-ից ի վեր Լևոն Տեր-Պետրոսյանի ավելի քան 200 ելույթների, Կոնգրեսի եւ ընդդիմադիր այլ ուժերի նախընտրական ծրագրեի եւ այլ փաստաթղթերի։

Բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն տերմինն ինչո՞ւ է ոմանց մոտ սուր հակազդեցություն առաջացնում, անգամ մեղադրանքների հիմք դառնում։

Ամենասուր հակազդեցությունն առաջացնում է իշխանության մեջ։ Մնացած բոլորը դա անում են կա՛մ նրա խոսափողը լինելով, կա՛մ քաղաքական տգիտությունից, կա՛մ անձնական շահի հաշվարկով՝ թքած ունենալով, որ դրանով մեծագույն ծառայություն են մատուցում իշխանությանը։ Արդեն 400 տարի բռնապետությունից ժողովրդավարության անցման այլ ձեւ չկա, քան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը՝ նույն շարժիչ ուժերով։

Ռեժիմը գործարար խավը չէ, նաև ամենահարուստ գործարարները չեն։ Ռեժիմն իշխանությունն է, իշխանավորները՝ առաջին դեմքի գլխավորությամբ։ Բռնապետական իշխանությունը շատ լավ գիտակցում է՝ իր համար ամենավտանգավորն այն է, որ այս խավը կարող է դառնալ իր դեմ հեղափոխության կարեւոր բաղադրիչը։ Ռեժիմի ներկայացուցիչների համար գերխնդիրը սեփական հարստացումն է։ Հարստության կուտակման հիմնական, եթե ոչ միակ լծակը, խողովակը, ահա, հենց խոշոր գործարարներն են, նրանց ձեռքով տնտեսական ապօրինություններ, ընդհուպ ծանր հանցանքներ գործելը։ Բայց դա մարդու ազատության սահմանափակում, մարդկային արժանապատվության նվաստացում է։ Ավելին՝ դա անգամ նշանակում է, որ գործարարի, (նաև խոշոր) ունեցածն էլ, ըստ էության, իրենը չէ, կամ՝ ցանկացած պահի, իշխանավորի կամքով, կարող է իրենը չլինել։ Այդպիսի օրինակները արդեն եզակի չեն մեր իրականության մեջ։

Այսինքն՝ սխեման հետևյալն է. բռնապետական ռեժիմը գործարարներին (բուրժուազիային) դարձնում է իր սպասավորը, կցորդը, նրանց միջոցով երկիրը կողոպտելու և իշխանությունը պահելու համար։ Որպես այդպիսին՝ նրանք անազատ են, ոտնահարված արժանապատվությամբ, վտանգված սեփականությամբ և անձով։ Նրանք գիտեն, որ ժողովրդավարության պայմաններում կարող են ունանալ կամ աշխատել նույնքան՝ միաժամանակ լինելով ազատ, արժանապատիվ, պաշտպանված սեփականությամբ։ Այսինքն՝ նրանց բնական մղումը դեպի ժողովրդավարությունն է։ Այդ բնական մղումը կաշկանդված է ռեժիմի կողմից նրանց համար ստեղծած բազմաթիվ արգելանքներով, ընդհուպ հանցավորությամբ իր հետ կապելով։ Ռեժիմի կողքին կամ տակ նրանք հզորացնում են այն դա՝րձնում անպարտելի։ Գործարարները ռեժիմից հեռանալով՝ ոչ միայն թուլացնում են այն, այլև հզորացնում ժողովրդավարական ուժերը։ Ուստիև նրանք, ովքեր խոչընդոտում են այդ հեռացմանը կամ նպաստում առկա վիճակի պահպանմանը, նպաստում են ռեժիմի հարատևմանը։ Մնացածը հեքիաթ է։ Ինձ այլ թվաբանություն ու տրամաբանություն ծանոթ չէ։

Հարցազրույցը վարեց Տաթևիկ Պողպատյանը

Այս խորագրի վերջին նյութերը