Հարցազրույց

10.07.2009 19:01


Արա Նռանյան.

Արա Նռանյան.

Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի հետ

-Այսօր տարբեր ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում և կոալիցիայի, մտահոգություններ են արտահայտում երկրում ստեղծված տնտեսական իրավիճակի վերաբերյալ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը։

-Հայաստանի տնտեսական իրավիճակը համապատասխանում է տնտեսության այն կառուցվածքին, որը ձևավորվել է տարիների ընթացքում, և որն ավելի սրվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Այսինքն, ունենք տնտեսություն, որն ամբողջությամբ կախված է ներմուծումից և մասնավոր տրանսֆերտներից, տնտեսություն, որը, ըստ էության, չունի արտահանման հզորություն, տնտեսություն, որտեղ տեղական արտադրողը ներմուծողների կողմից ենթարկվում է լուրջ ճնշման, տնտեսություն, որտեղ շատ բարձր է մոնոպոլիզացիայի աստիճանը և տնտեսություն, որը ելնելով տնտեսական ճգնաժամից՝ չի անում այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք վաղուց հասունացել են։

-Այսինքն, կառավարության տնտեսական քաղաքականությունը ձախողվո՞ւմ է։

-Ցավոք սրտի, կառավարությունը գնում է ոչ թե կառուցվածքային լուրջ փոփոխությունների իրականացմանը, այլ փորձում է տարբեր վարկային միջոցներով ժամանակ ձգել։ Այսինքն, մեր կառավարությունը, կարծես թե, հույսով նստած սպասում է, որ Ռուսաստանում նավթի գները կբարձանան, ԱՄՆ-ում ճգնաժամը կհաղթահարվի, անշարժ գույքի գները կբարձրանան, շինարարությունը նոր թափ կառնի, և մենք կվերադառնանք այն նույն իրավիճակին, որն ունեինք։ Սակայն այդ իրավիճակը պարունակում է լուրջ վտանգներ, և յուրաքանչյուր տարի այսպես ձգելով՝ մենք է՛լ ավելի ենք խորացնում այն ճգնաժամը, որը կունենանք այս փուչիկը պայթելու դեպքում։

-Արդյոք այնպես չի՞ ստացվում, որ հակաճգնաժամային քաղաքականությունը միայն դրսից գումարներ հայթայթելն է, որը, ի դեպ, ցանկացած որակի կառավարություն կարող է իրագործել։

-Որպես այդպիսին՝ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականություն ես չեմ տեսնում։ Ճիշտ է, մեզ բաժանվել են կառավարության հակաճգնաժամային քաղաքականության բրոշյուրներ, որտեղ, սակայն, մի շարք դրույթներ բացարձակապես կապ չունեն հակաճգնաժամային քաղաքականության հետ։ Մասնավորապես, միասնական եկամտահարկի ներդրումը, կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը և այլն... Դրանք ծրագրեր են, որոնք բազմիցս ցանկացել են իրականացնել, և որոնք բազմիցս քննադատվել են մեր կողմից։ Հիմա այդ ամեն ինչը փորձում են իրականացնել՝ անվանելով հակաճգնաժամային միջոցառում։ Սակայն իրականում դա այդպես չէ։ Հակաճգնաժամային քաղաքականությունը ենթադրում է տեղական արտադրության խթանում, քաղաքացիների գնողականության պահանջարկի մեծացում, մենաշնորհների դեմ պայքար, փոքր ու միջին բիզնեսի զարգացում, աշխատատեղերի պահպանում և հնարավորության դեպքում՝ ավելացում։ Նշված դրույթներից այսօր որևիցե մեկը չի իրականացվում։

-Ստացվում է, որ, թեկուզ միայն դրսից բերվող վարկերը սպասարկելու համար, կրկին խստացվելո՞ւ է հարկային օրենսդրությունը։

-ԱԺ-ում պատգամավորներից մեկն այս հարցն իրավացիորեն բարձրացրել է։ Այսինքն, «կարո՞ղ է այնպես ստացվել, որ դուք դրսից բերելու եք վարկեր, որոնք ծախսելու եք անարդյունավետ»։ Ես նման վտանգ տեսնում եմ, որովհետև լուրջ կառուցվածքային փոփոխություններ տեղի չեն ունենում։ Ընդամենը մենք փակելու ենք բյուջետային դեֆիցիտը։ Այս դեպքում չի բացառվում, որ կառավարությունն ԱԺ-ին առաջարկի խստացնել հարկային ռեժիմը, միայն թե ամեն գնով ապահովի բյուջետային մուտքերը, որոնցով ի վիճակի կլինի վճարել արտաքին վարկերը։

-Փաստորեն, շարունակաբար դրսից գումարներ բերելով՝ մենք, հնարավոր է, ապագայում լուրջ խնդիրնե՞ր ունենանք։

-Անձամբ ես դեմ չեն դրսից բերվող վարկերին։ Ընդհակառակը՝ ճգնաժամի պայմաններում պետք է աշխատես, որքան հնարավոր է շատ, դրսից բերել այդ միջոցները։ Սակայն ո՞ւր ես դու դրանք ուղղում։ Այսինքն, եթե այդ միջոցներով պատրաստվում ես փակել այն ծախսերը, որոնք չես կարողացել իրականացնել զուտ ճգնաժամի պատճառով, ապա ստացվում է, որ այդ գումարները պարզապես ծախսելու ենք, և չենք ստեղծելու դրանց վերադարձելիության համար լուրջ հիմքեր։

-ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ անընդհատ ձախողվելու դեպքում պետք է համարձակություն ունենաս և հրաժարական տաս։ Եթե կառավարության տնտեսական քաղաքականությունը շարունակի մնալ անպտուղ,կպահանջե՞ք կառավարության հրաժարականը։

-Հարկային փաթեթի քննարկման ժամանակ ես նշեցի, որ մեր իրականության մեջ դեռևս չկա սեփական սխալներն ընդունելու և հրաժարական տալու ավանդույթ։ Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ քաղաքական գործիչն իսկապես ներողություն խնդրի հանրությունից, քաղաքական ուժերից՝ իր կատարած սխալների համար և դիմի ինչ-որ քայլի՝ շտկել սխալը կամ հրաժարական տալ։ Այս առումով, ես լավատես չեմ, որ կառավարությունը կխոստովանի իր կատարած սխալները։ Փաստորեն, տեսնում են, որ այսօր վարչապետը հայտարարում է այնպիսի բաներ, որոնք ամբողջովին հակասում են իր նախկին դիրքորոշումներին։ Նա նախանշում է այնպիսի ուղղություններ, որոնց մասին մենք նրան ասում էինք դեռևս նախորդ տարվա նոյեմբերին՝ բյուջի ընդունման ժամանակ։ Դա նշանակում է, որ նա կորցրեց ժամանակ, դա նշանակում է, որ կառավարությունը փորձում էր ցանկալին իրականության տեղ անցկացնել։ Այս առումով, լավատես չեմ և չեմ կարծում, թե կառավարությունը խոսքերից կանցնի գործի։ Չեմ կարծում, թե կառավարությունն ինքը կդիմի հրաժարականի։

-Իսկ դուք, ո՞ր պարագայում կպահանջեք այդ հրաժարականը։

-Երբ քաղաքական ուժերը տնտեսական քաղաքականության վերաբերյալ կգան մեկ ընդհանուր կոնսենսուսի, նրանք կգան համաձայնության նաև համակարգային բարեփոխումների իրականացնման հարցում, և ոչ թե՝ պարզապես կառավարության հրաժարական պահանջելու, ինչին ես դեմ եմ։ Պետք է նախ և առաջ փոխվի ոչ թե կառավարությունը, այլ այն գաղափարախոսությունը, որն այն իրագործում է։ Եթե մենք պարզապես պահանջենք կառավարության հրաժարական, որը կփոխարինվի այլ անձանցով, որոնք շարունակելու են նույն քաղաքականությունը, ապա կարելի է ասել, որ դրանից ոչինչ չի փոխվելու։ Մենք միշտ ասել ենք և ասելու ենք, որ պահանջում ենք գաղափարախոսության փոփոխություն։ Այն վայրի նեոլիբերալիզմը, որը լայն տարածում է ստացել Հայաստանում, արդեն տվել է իր դառը պտուղները։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը