Լրահոս

21.06.2013 14:43


Արամ Կարապետյան. «Վարչապետը հրաժարական պետք է տա, իսկ կաթողիկոսը չպետք է լռի»

Արամ Կարապետյան. «Վարչապետը հրաժարական պետք է տա, իսկ կաթողիկոսը չպետք է լռի»

Հարցազրույց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ

–Հեռախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանը նամակ էր գրել, որտեղ պնդել էր, թե «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային կազմակերպության հիմնադիրը ինքն է, և հենց ի՛նքն է բաժնեմասեր գրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ արքեպիսոկոպոս Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Տրամաբանական և հնարավոր համարո՞ւմ եք սա։

Որքան ես գիտեմ, միգուցե հնարավոր է օֆշորային գոտում ընկերություն բացելը, բայց մանավանդ այլ մարդկանց անունով՝ շա՛տ բարդ է։ Օֆշորային գոտում գրանցվելու գործընթացը կարծեմ 2000թ. բավականին խստացվել է, և ոչ միայն անձնագրերի պատճեներն են պետք, այլ նաև հավելյալ փաստաթղթեր՝ նոտարի կողմից վավերացված։

–Վերոնշյալ նամակը կասկած չի՞ առաջացնում, որ ուղղակի այս եռյակում թույլ օղակ են գտել և մեղքը բարդել են Աշոտ Սուքիասյանի վրա։ Այսինքն՝ վերջինն իր վրա է վերցել մեղքը, որպեսզի փրկի Տիգրան Սարգսյանին և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

Ես կարող եմ միայն ասել, որ ամեն բան մոտիվացիա պետք է ունենա, իսկ այստեղ ես մոտիվացիա չեմ տեսնում, թե ինչու է այդ մարդը նրանց անունուվ օֆշոր գրանցել։

–Աշոտ Սուքիասյանը դա բացատրել է իր բիզնեսը տարբեր ոտնձգություններից զերծ պահելու մտադրությամբ։

–Այո՛, բայց Կիպրոսում ծպտյալ գրանցված օֆշորում երկու պատվարժան քաղաքացիների անուն գրելը, որպեսզի բիզնեսը ոտնձգություններից պաշտպանի, դուք այդտեղ բան հասկանո՞ւմ եք։ Չէ՞ որ Հայաստանում որևէ ձևով չէր երևալու՝ ովքեր են գրանցված։ «Հետք»–ը որ չհրապարակեր, մենք ձեզ հետ գուցեև չիմանայինք, չէ՞, այդ մասին։ Եթե այդ ընկերությունը Հայաստանո՛ւմ գրանցելու լիներ, որտեղ կերևար, որ վարչապետը և Կճոյանը «փայ» են, հասկանալի կլիներ։ Եվ հետո՝ ի՞նչ ոտնձգություն, ո՞ւմ կողմից։ Կրկնում եմ՝ մոտիվացիան շատ վատն է։ Ես հիմա չգիտեմ, թե ով է հորինել դա, բայց այդ մոտիվացիան ինձ մոտ կասկած է առաջացնում։

–Նաև հատկանշական է բիզնեսը ոտնձգություններից պաշտպանելու համար հոգևոր դասի ներկայացուցչի անունը գրելը։ Եթե վարչապետի դեպքում ինչ–որ տեղ կարելի է հասկանալ, արքեպիսկոպոսի դեպքում փաստորեն ստացվում է, որ բիզնես դաշտում Կճոյանը, կոպիտ ասած, «կռիշ» է համարվում։ Մանավանդ երբ նա պնդում է, որ բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունի և ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն:

–Շատ ճիշտ եք։ Ասեմ, որ եթե Աշոտ Սուքիասյանի նամակը փրկօղակ են փորձել սարքել, ապա շատ վա՛տ բան են արել։ Ստացվում է, որ Հայաստանում առանց տանիքի բիզնես ուղղակի չի կարող լինել։ Ավելին՝ հոգևորականը կարող է լինել տանիք, իսկ դա նշանակում է, որ այդ եռյակի մեջ (իրենց գրելով) հոգևորականն էլ դերակատարություն ունի։ Գիտեք, ես սկսում եմ հավատալ, որ եթե դա այդպես է, ուրեմն նաև կարող էր հոգևորականը ներկա գտնվել ադամանդի բիզնեսին նվիրված կառավարական խորհրդակցությանը։

–Ըստ Ձեզ՝ այս պատմությունն ինչո՞վ կավարտվի։ Ի վերջո, «ջրից չոր» դուրս կգա՞ն վարչապետն ու Կճոյանը։

–Ես չգիտեմ՝ իրավական դաշտում ի՞նչ կլինի (արդեն ասացի, որ մոտիվացիան շատ մեծ կասկածներ է առաջացնում), բայց, ցավոք սրտի, հասարակության 90%–ի հիշողությամ մեջ կմնա (նույնիսկ եթե պարզվի, որ վարչապետն ու Կճոյանը այս ամենից իրոք տեղյակ չեն եղել), որ նրանք գրանցել են օֆշոր և որ փողեր են փոխանցել։ Ի դեպ, աշխարհում միլիոնավոր օֆշորներ կան, բայց շատ քիչ օֆշորների հաշիվներին են այդպիսի փողեր փոխանցվում, կարողանում են այդպիսի վարկեր ստանալ այն բանկից, որտեղ, ասում են, շատ մեծ հնարավորություններ ունի Տիգրան Սարգսյանը։ Եվ երբ այս ամենը մարդիկ իրար հետ կապում են, մի քիչ բարդ է լինում հեքիաթներին հավատալը։

–Միայն այս օֆշորային պատմությունը բավարար չէ՞, որպեսզի Տիգրան Սարգսյանը հրաժարական ներկայացնի։

–Անգամ եթե նրա անմեղությունն ապացուցող փաստթղթերը լինեին, և Տիգրան Սարգսյանն ինքը մինչև վերջ ապացուցի, որ նմանատիպ գործընթաց չի եղել, ես չգիտեմ՝ ինչ կանի Տիգրան Սարգսյանը, բայց Աստված մի արասցե՝ եթե իմ հետ սա կապված լիներ, ես հենց հաջորդ օրը հրաժարական կտայի և արդեն որպես սովորական քաղաքացի կապացուցեի, որ ես ճիշտ էի։ Ի՞նչ է նշանակում՝ վարչապետը գլխավոր դատախազին դիմում է (մնալով վարչապետ), որ վերջինն ապացուցի՝ երկրի երրորդ դեմքը զբաղվել է թալանով (եթե դա ճիշտ է)։ Դուք նման բան պատկերացնո՞ւմ եք։ Տեսե՛ք Չեխիայի վարչապետին։ Սկանդալի հենց հաջորդ օրը հրաժարական տվեց և հիմա որպես սովորական քաղաքացի պիտի ապացուցի, որ ինքն անմեղ է։ Այսինքն՝ ինքն արդեն ոչ մի լծակ չունի ազդելու գործի ընթացքի վրա։ Ի դեպ, երբ ինձ բանտ էին տանում, ասում էին՝ դու կարող ես ազդել նախաքննության ընթացքի վրա։ Եթե ես՝ սովորական քաղաքական գործիչս, կարող էի ազդել, վարչապետը կարո՞ղ է ազդել, թե՞ ոչ։ Նույնիսկ եթե մարդը ոչինչ չանի, իր դիրքո՛վ արդեն ազդում է։ Էլ չեմ ասում, որ դրա հետևից գալիս է նոր փաստ, որ Վերահսկիչ պալատի բացահայտումների համաձայն՝ պետբյուջեի 70%–ը ռիսկային է։ Այսինքն՝ դառնում է մի ամբողջ թնջուկ, որ այսօրվա կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, աշխատում է կոռումպացված, շատ ռիսկային գոտում։

–Իսկ այս նույն տրամաբանությամբ՝ արդյոք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էլ իր հոգևոր կոչումից չպե՞տք է հրաժարվի։

–Գիտեք, ես միշտ խուսափում եմ Հայ Առաքելական եկեղեցու որևէ սպասավորի հետ կապված սկանդալը է՛լ ավելի ավելացնել։ Որովետև ես մի բան գիտեմ՝ մենք կապրենք, պետական այրերը կգնան, կասկած չունեմ՝ փոփոխություններ կլինեն։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցու վիճակը հիմա այնքան բարդ է, որ մենք իրավունք չունենք էլի մի բան էլ ավելացնել։ Ուղղակի որպես հավատացյալ մարդ՝ ես խորհուրդ կտայի այս ամենին ուշադրություն դարձներ Կաթողիկոսը։ Թող ինքը որոշի՝ միգուցե Կճոյանը այնպիսի հնարավորությունների է տիրապետում արդեն հոգևոր աշխարհում, որ իրեն ամեն ինչ ներելի էլ լինի։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը պետք է այս ամենի հետ կապված ասի թե՛ իրեն, թե՛ Աստծուն, թե՛ հոգուն, թե՛ ազգին։ Թե չէ վարչապետի առումով միանշանա՛կ համոզված եմ, որ ճիշտը թեկուզ ժամանակավորապես լիազորությունները վայր դնելն է։

–Դե, ինչպես Սերժ Սարգսյանը վարչապետի առումով ձայն չի հանում, այնպես էլ Գարեգին 2–րդը՝ Կճոյանի առումով։

–Հենց դա է ամենավատը։ Այո՛, ինչպես աշխարհիկ իշխանությունը ձայն չի հանում, այնպես էլ ձայն չի հանում հոգևոր իշխանությունը։ Ուշադրություն դարձրեք՝ երբ Պուտինը բաժանվեց իր կնոջից և հասարակությանը բացատրություններ տվեց, Ռուսաստանի պատրիարք Կիրիլը ասաց՝ չի՛ կարելի կոմֆորտի համար բաժանվել կնոջից։ Անձնական հարց է, չէ՞, բայց նույնիսկ այդ հարցում իրենց պատրիարքը կարծիք արտահայտեց։ Պուտինն էլ ստիպված եղավ մի քանի օր հետո արձագանքել և արդարանալ, որ իրենք եկեղեցական ծիսակատարությամբ ամուսնացած չէին։ Այսինքն՝ նախագահը հաշվի առավ հոգևոր դասի կարծիքը։ Իսկ մեր մոտ հոգևոր դասը որևէ մի սոցիալական խնդրի, երկրում տիրող իրավիճակի, թալանի, արտագաղթի, ինքնասպանությունների մասին ընդհանրապես խոսո՞ւմ է։ Ո՛չ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը